ՇՈՒՏ ՉԵ՞Ն ՄԵՐ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ՏԱԼԻՍ

politibearԵթե ուրիշ ոչինչ էլ չհուշի, որ նախագահական ընտրությունները մոտենում են, լրագրողական և լրագրողամերձ շրջանակների այս շաբաթվա լարվածությունը անուղղակի ժամանակացույցի դեր է կատարում:

Իհարկե դա բնորոշ է ընտրութունների շեմին կանգնած գրեթե բոլոր հասարակություններին, բայց մենք իսկապես չափը կարծես թե անցնում ենք: Դրանով իսկ նսեմացնելով տեղի ունեցող այլ իրադարձությունները, որոնք պետք է որ ոչ պակաս կարևորություն ունենային լրագրողական միջավայրի համար:

Լրագրությունը փինաչիություն չէ

Այս շաբաթ լրագրողները միմյանց նկատմամբ վիրավորանքները հասցրին մեղմ ասած՝ ոչ պարկեշտ անձնական սահմանների:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի և «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանի միջև իբրև թե անձնական խոսքուզրույցը, որը նրանք հրապարակայնեցրին, ոչ մի առնչություն չունի լրատվության հետ:

Այն կարծես թե հաստատում է, որ մեր իրականության լրագրությունը հենց միայն քաղաքականացված է՝ չնչին բացառություններով: Մեր իրականության լրագրությունը ծառայում է՝ ամեն մեկը մի քաղաքական ուժի, ավելին՝ այդ ծառայելն այնքան անձնական ու բնական է համարում, որ նույնիսկ ջանք չի գործադրում թաքցնելու այդ հանգամանքը: Այնպես, որ նույն սոցիալական հարթակում այս տարիների փորձ ունեցող լրագրողներին խորհուրդ են տալիս առանձին հանդիպելու ու քննարկելու եղած հարցերը: Ամենատեղինն ու հրատապը հիշեցումն է, որ «լրագրությունը փինաչիություն չի»: Իհարկե սա փինաչիության առաջին դեպքը չէ մեր իրականությունում, բայց անգամ այդ դեպքում այն մթագնում է ոչ միայն ա՛յդ, այլև ընդհանրապես լրագրողների կերպարը:  Լրագրողական համերաշխություն, էթիկա, հարգանք մասնագիտության և սեփական լսարանի առջև՝ նույնիսկ բուն մասնագիտական կարողություններից վեր կանգնած հասկացություններ են:

Վերը նկարագրվածի ֆոնին նույնիսկ արդեն անլուրջ է թվում քաղաքական գործչի սպառնալիքը՝ արհամարհելու կոնկրետ լրատվամիջոցի, ինչ է թե կարծում է, որ այն թյուր տեղեկատվություն է տարածում կուսակցության մասին:

Անկախ նրանից, որ ցանկացած սուբյեկտ թյուր ու սուտ տեղեկությունների հարցը կարող է լուծել իրավական հարթությունում, հաստատապես որևէ կուսակցության շահերից չի բխում «էմբարգո» հայտատարարել լրատվամիջոցին: Հանկարծ ու այդ կուսակցության ներկայացուցիչները չհայտնվե՞ն փողոցներում՝ համապատասխան պլակատներով: Չե՞ն մտածել արդյոք, որ հակառակ կողմի բոյկոտները  կամ, որ առավել պրոֆեսիոնալ կլինի, ԶԼՄ-ի շատ ավելի մեծ ուշադրությունը ավելի վտանգավոր կարող են լինել քաղաքական կուսակցության համար:

Վտանգավորության տեսանկյունից

Այս առումով չի զիջում Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդումներում գովազդի ծավալների և գովազդի տեղադրման օրենսդրական համապատասխանության մոնիտորինգի Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հերթական զեկույցը: Այն արձանգարել է, որ չնայած որոշակի բարելավումներին, գովազդի ծավալները գերազանցում են օրենքով սահմանված չափը: Սա իհարկե հեռահար պլանում վտանգավոր է հայ հասարակության համար, բայց այդ վտանգի գիտակցությունը առաջինը անհրաժեշտ է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, որի իրավասությունների մեջ է հետևել հեռուստա և ռադիո հեռարձակման ոլորտում անգամ վայրկյանների խախտումներին:

Սակայն վտանգների վնասազերծման ոլորտում ՀՌԱՀ-ն առաջիկայում բավական գործ կունենա անելու: Այդ մասին այս շաբաթ հոգաց Հանրային խորհուրդը. խոստացված սեպտեմբերի փոխարեն Խորհուրդը հոկտեմբերի կեսին վերջապես ներկայացրեց հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ իր առաջարկները:

Ութ կետից բաղկացած այդ փաթեթից առավել վտանգավոր մասնագետները համարում են այն, որ հեռուստատեսության չափորոշիչների մշակմանը առաջարկվում է ներգրավել պետական մարմիններին: «Նման միջամտությունը վստահություն չի ներշնչում»,- տարբեր ԶԼՄ-ներում հնչած մտահոգությունը ի մի է բերում մեդիա փորձագետ Տիգրան Հակոբյանը:

Հաշվի առնելով այն, որ հասարակության վստահությունը մինչև այսօր առանձնապես չի մտահոգել ոչ Հանրային խորհրդին, ոչ էլ առավել ևս՝ ՀՌԱՀ-ին, իսկ առջևում նրանց համար «պետական քննություններ» են՝ ի դեմս նախագահական ընտրությունների, սպասելի է, որ առաջինը երկրորդին «կտա» բոլոր հնարավորությունները՝ դրանք գերազանց հանձնելու:

Լուսանկարը՝ politibear-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*