Ի՞ՆՉ ԴԵՐ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԸ

Անցնող շաբաթում Հայաստանի և Վրաստանի ԶԼՄ-ները մի քանի բացահայտումներ կատարեցին: Ավելի ճիշտ, ինչպես և կարգն է, բացահայտումները նրանք չէ, որ կատարեցին, նրանք ընդամենը հասարակությանը հասցրին կարևոր իրադարձությունների մասին տեղեկությունները: Դրանք հետաքրքիր էին ոչ միայն ինքնին, այլև իրենց թողած արձագանքներով, ազդեցությամբ և հետագա զարգացումներով:

Եւ այսպես. լրատվամիջոցը գրեց ի վնաս Հայաստանի բնապահպանության նախկին նախարարի՝ ամերիկյան դատարանի կայացրած վճռի մասին:
Նախկին պաշտոնյան և ներկա պատգամավորը ի լուր աշխարհի հայտարարեց, որ առաջին անգամ  այդ մասին իմացել է այդ լրատվամիջոցից: Մի կողմ թողնենք այն, որ հետագայում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ նա դատարանից ծանուցումներ ստացել էր և ամենևին էլ ԶԼՄ-ներից չի տեղեկացել այդ մասին:

Դիտարկենք այն իրավիճակը, երբ մարդն անմեղ-անմեղ իր տանը նստած հանկարծ մի տեղ կարդում է, որ ինքը մեծ դրամագլուխ վճարելու պարտավորության կարող է ենթարկվել: Ընդ որում այդ տեղում գրված է, որ այդ իրե՛նք չեն պատրաստվում տանը նստած անմեղ մարդուն տուգանել, այլ հեռու-հեռավոր երկրի մի դատարան: Էս անմեղ մարդը վազում է առաջին իսկ պատահած մամուլի ակումբը և թուք ու նախատինք թափում այդ հեռու-հեռավոր երկրի դատարանի հասցեին, որ այդպիսի գործ են բռնել ու իրեն մի անգամ գոնե չեն տեղեկացրել: Նաև ասում է այն մասին, թե ինչ շնորհակալ է ինքը այդ լրատվամիջոցին, որն ուշադիր է ու այդ դատարանի կայք է մտնում ժամանակ առ ժամանակ և իր նման միամիտ իրենց տանը նստածներին տեղեկացնում իրենց կյանքին խիստ առնչվող, իրենց համար խիստ կարևոր և ճակատագրական իրադարձությունների մասին: Այն մասին, ինչն իրեն ուրիշ ոչ ոք չի հայտնել, բայց որը կարող է գլխիվայր շուռ տալ ոչ միայն իր, իր հարազատ-մտերիմների, այլև չի բացառվում՝ իր երկրի կյանքը:

Իսկ ի՞նչ արեց անցյալ շաբաթ մեր հայրենակից պատգամավորը: Նա էլի թուք ու նախատինք թափեց, բայց… լրատվամիջոցի՛ գլխին, որին առնվազն շնորհակալ պետք է լիներ իրեն անգիտության խավարից հանելու համար: Լա՛վ, եթե լրատվամիջոցը զրպարտել էր, գոնե արժեր դրան մի լավ դատի տալ՝ հայրենական արդար դատարանում՝ որոշների նման չհասնելով հեռավոր երկրներ: Բայց ոչ, ժողովրդի ընտրյալը (հակառակը պնդելու հիմքեր չունենք) վիրավորանքներ տեղաց լրատվամիջոցի գլխին, անգամ փորձելով սադրանքներ անել՝ «կոռումպացվածը գրողն ա»՝ երևի թաքուն  հույսով, որ լրատվամիջո՛ցը իրեն դատի կտա վիրավորանքի համար, իսկ իր երկրում ինքը վստահաբար ավելի պաշտպանված է հարազատ օրենքներով, քան հեռուների անարդար ու անհասկանալի օրենքներով:

Դրանով իհարկե կար նպատակ նաև խնդիրը՝ խայտառակ խնդիրը, հանրապետական և միջազգային հարթությունից բերել-հասցնել բնապահպանության նախկին նախարար-լրատվամիջոց «վաղեմի հակամարտության» հարթություն՝ հանրության, գուցե նաև երկրի ղեկավարության աչքին նսեմացնելով  դրա խայտառակության աստիճանը:

Բնականաբար, լրատվամիջոցը չէր էլ մտնելու այս մակարդակի պոլեմիկայի մեջ: Թեև հիշեցնենք այս պատմության ասպեկտներից մեկը ևս, որի վրա հենվելով էր հենց կառուցում իր ռազմավարությունը տանը անմեղ նստած մեր հերոսը, և որը կարող էր ակամայից լրատվամիջոցին մղել սադրանքի, քանի որ դուրս էր եկել պարզապես լրագրության սահմաններից: Հայ հանրությունը տեղեկացավ նաև այս տեղեկությունը տարածելու՝ լրատվամիջոցի դրդապատճառներին. թերթի գլխավոր խմբագրի որդին աշխատում է այն կազմակերպությունում, հօգուտ որի պատգամավորին տուգանելու վճիռ է կայացրել դատարանը:

«Ինչպե՞ս թե լրագրողի որդին աշխատում է, ինչպե՞ս են համարձակվել մտնել այդ լրագրողները հանքարդյունաբերության ոլորտ: Քարը՝ գլուխը, թե տարիներով ինչ ասես գրում են այդ ոլորտից, թող էլի գրեն՝ ինչ ուզում են, ինչքան ուզում են, նույնիսկ ում մասին ուզում են, բայց աշխատե՞ն այդ ոլորտում, մտնեն մե՞ր բոստանը: Դրանք չպիտի՞ հասկանան, որ դա միայն մե՛զ է կարելի, մեր որդիներն իրավունք ունեն միայն աշխատելու յուղոտ տեղերում, եթե նույնիսկ ոչ յուղոտ, գոնե «հանքերին հարակից» տեղերում: Իսկ լրագրողները իրենց տեղը պիտի իմանան վերջապես: Ուրեմն տարիներով  խեղճ ու կրակ «հանքարդյունաբերողների» փողերն ու սեփականությունը հաշվեն, հիմա էլ ա՞չք տնկեն այդ սեփականությանը: Իրավ որ, լրագրողներն անցնում են իրենց սահմանները, մինչդեռ սեփական երեխաներին մասնագիտական ճիշտ կողնորոշում տալ չեն կարող:»

Որքան էլ զավեշտալի, բայց այս տրամաբանությունը երկրորդ կամ երրորդ պլանից ծիկրակում էր, համենայնդեպս այնքան, որ հնարավոր չէր գրի չառնել այն: Ինչևէ, հուսով ենք, որ այսպիսի պատմությունների և ոչ մի շրջադարձում լրատվամիջոցները չեն գնա սադրանքների և քավության նոխազ կմնան միայն այդ խավի քաղցր անուրջներում:

Հանուն ճշմարտության ասենք, որ ԶԼՄ-ները, իսկ լայն իմաստով տեղեկատվական դաշտը քավության նոխազ այնուամենայնիվ կարող են դառնալ ողջ աշխարհում: Անցյալ շաբաթ քիչ էր մնում գրաքննություն մտցվեր յու-թուբում, ինչ է թե մի քանի չկայացած «ֆիլմարտադրողներ» ծաղրել էին Մուհամմեդ մարգարեին: Իհարկե որոշակի փոխզիջում էր. յու-թուբից ֆիլմը հանելու փոխարեն, մի քանի երկրներում պարզապես անջատեցին այդ ցանցը: Ինչը բնավ էլ համարժեք և հեռանկարային արձագանք չէր այդ քայլին:

Նշանակում է, որ արտադրական հնարավորություններ ունեցող մի քանի անբարոյական մարդիկ կամա թե ակամա կարող են սահմանափակումներ մտցնել համաշխարհային տեղեկատվական դաշտում և թեկուզև տեղ-տեղ, բայց մարդկությունը մղել մինչև այդ ցանցերի հայտնագործումն ընկած ժամանակները: Համաձայնեք, որ սա հետընթաց է՝ սրընթաց հետընթաց: Տեխնոլոգիաների զարգացման ներկա տեմպերը այլ ելք չեն թողնում մարդկային հասարակությանը, քան պարզապես բարձրացնել սեփական գիտակցության մակարդակը. մտրակով կամ այլ կերպ ասած՝ հին մեթոդներով նոր՝ ժամանակակից մարտահրավերներին, ինչպիսին էր վերը նշված տխրահռչակ ֆիլմիկը, դիմագրավելն անհնար է: Այդ «ֆիլմարտադրողների» ամբողջ հույսն էլ հենց այդ, թող ներվի ասել, ցածր գիտակցության վրա էր: Այդպիսի աղբը հսկա ցանցում արժանի էր միայն աննկատ մնալուն ու անվերաբերմունք վերաբերմունքի, մինչդեռ դրա թիրախ լսարանին գիտակցությունը դա թույլ չտվեց, և դա նույնիսկ անմեղ մարդկանց կյանք արժեցավ:

Իսկ ինչքան շուտ հասկանանք, որ առաջընթացը արագանում է, երբ այն զուգահեռ է լինում մի քանի հարթություններում ՝ տեխնոլոգիական, մտավոր, հոգևոր, մշակութային՝ լայն իմաստով, այնքան զոհեր քիչ կլինեն՝ բառացիորեն: Մոտավորապես այնպես, ինչպես դա տեղի է ունենում հարևան Վրաստանում: Անկախ այս հարցում աշխարհաքաղաքական շահերից, դասավորումներից ու կանխատեսումներից, միանշանակ՝ վրաց հասարակության առաջընթացի մեջ մեծ քայլ են ապահովելու անցյալ շաբաթ Թբիլիսիի բանտերից մեկի ողբերգական բացահայտումները: Ի դեպ, դրանք կրկին հնարավոր դարձան ԶԼՄ-ների շնորհիվ, որոնք ոչ թե փակվել են այդպիսի զարհուրելի իրադարձությունների համար, այլ ուղղակի կատարել են իրենց տարրական առաքելությունը՝ տեղեկացնել հանրությանը այն, ինչը կարևոր է վերջինիս կյանքում, և իրենք դա իմացել են այդ հանրությունից առաջ:

Իսկ աշխարհը արդեն պիտի վճարի «ազատամտության» մեկ այլ դրսևորման՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների համար, որոնք հրապարակվեցին անցնող շաբաթում ֆրանսիական մի թերթում: Հնարավոր է, որ այդ կերպ են եվրոպական լայնախոհները այդ մարգարեի հետևորդների մեջ փորձում բարձրացնել դիմադրողականությունը՝ նպաստելու վերը նշված առաջընթացի զուգահեռ կայացմանը: Կասկածելի հոգատարություն:

Ավելի լավ է ԶԼՄ-ները թողնեն բժշկելը և իրականացնեն իրենց առաջնային՝տեղեկացնելու առաքելությունը: Իսկ բժշկելուց մի սկզբունք մենք արդեն մեզնով արել ենք՝ մի վնասիր:

Նկարը՝ http://newsam.com կայքից:

2 մեկնաբանություն 'Ի՞ՆՉ ԴԵՐ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԸ'

  1. Susanna says:

    Նույն կերպ Հետքի հոդվածն օգտագործվեց և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում Հարթաշեն համայնքի ղեկավար Ա.Ղուկասյանի կողմից անչափահաս Ա. Մ.-ին իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու դեպքի առթիվ նոր գործ հարուցվելուց այն դեպքում, երբ այդ մասին տուժողը նախկինում հայտարարել էր այդ մասին,ինչը, սակայն անտեսվել էր

  2. Sara says:

    Ու սկսվեց Հետքի լրագրողի հարցաքննությունը…

Leave a Reply