ԱՆՑԱԾ ԱՄԱՌՎԱ ՀԵՏՔԵՐԸ

Անցած ամառվա երկրորդ կեսը հայ լրագրության համար բուռն շրջադարձեր չունեցավ. թեև եղան իրադարձություններ, որոնք արժե հիշեցնել, մանավանդ որ դրանց մեջ աննախադեպի հավակնողներ էլ եղան:

Շարունակվեցին ընթացիկ դատական գործերը լրատվամիջոցների կամ լրագրողների դեմ՝ առանց մեծ անակնկալների: Կրքերը մի փոքր թեժանալ էին խոստանում օգոստոսի վերջում, երբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գյումրեցի իր գործընկերների արհեստավարժության մասին ոչ կոռեկտ արտահայտություն թույլ տվեց: Ինչին հետևեց գյումրեցի ֆոտոլրագրող Արթուր Մելիքյանի պատասխանը՝ առնվազն տվյալ դեպքում իրենց արհեստավարժությունն ապացուցող տեսանյութի տեսքով:

Այս, թվում էր՝ թափ հավաքող պատմության հանգուցալուծումը եղավ հետևած հանկարծակի լռությունը: Մինչդեռ հավանաբար կա մասնագիտական էթիկայի հարցերը քննարկելու և դրանից շեղվելու դեպքերի կամ այդպիսի մեղադրանքների մասին տեղեկությունները առավել հրապարակային դարձնելու անհրաժեշտությունը, քանի որ քողարկված յուրաքնաչյուր նման դեպք ռեցիդիվի սովորույթ ունի:

Չի բացառվում, որ վերոնշյալ դեպքից մասնագիտական և ոչ միայն մասնագիտական շրջանակների ուշադրությունը շեղեցին հունգարական իշխանությունների կողմից Սաֆարովին Բաքվին հանձնելը, դրան հետևած իրադարձությունները և հանրության ալեկոծումները մեր երկրում:

Թե ինչ թափով լուսաբանվեց այս իրադարձությունը հայկական բոլոր տեսակի ԶԼՄ-ներում, նորից հիշեցնելու կարիք չկա: Արժե թերևս անդրադառնալ դրա մի քանի կողմերի վրա: Նախ՝ մեր լրատվամիջոցներն էլ այդ մասին իմացան ադրբեջանական ԶԼՄ-ներից և այդ իրադարձությունը լուսաբանեցին դարձյալ պոստ ֆակտում, ինչպես որ մեղադրում էին մեր պետական մարմիններին: Չնայած նախորդող մի քանի օրերին արդեն հայկական մամուլում էլ էին գրում, որ Հունգարիայի ու Ադրբեջանի իշխանությունները գործարքի մեջ են կարծես թե, բայց մեր ԶԼՄ-ները լուրջ քայլեր չարեցին հետաքննություն անցկացնելու կամ մեր պաշտոնյաներից բացի այլ աղբյուրներից ճշտելու լուրերի իսկությունը: Այլ մանրամասների մասին խոսելն արդեն ավելորդ է, քանի որ տևական ժամանակ մեր տեղեկությունների աղբյուրը հարևան երկրի լրատվամիջոցներն էին:

Եւ չնայած սրան, բացի կացնային հերոսի դիմավորման և մեծարման մասին տեղեկություններից, մենք ուրիշ գրեթե ոչինչ չէինք իմանում Ադրբեջանում տիրող տրամադրութունների իրական սպեկտրի մասին: Ինչը նման պարագաներում անհրաժեշտություն է: Հանուն արդարության նշենք, որ մեր լրատվամիջոցներում այդպիսի տեղեկություններ հայտնվեցին վերջին երեք օրերին: Գուցե մասամբ այն պատճառով, որ հենց հարևան երկրում էլ իշխանականից տարբերվող կարծիքները շատացան այդ օրերին: Սրա պատճառներից կարող է լինել նաև այն, որ հայ հակերները մի քանի օր հարձակումներ էին գործում ադրբեջանական պաշտոնական և լրատվական կայքերի վրա և, ինչպես մեր քաղաքական գործիչներից մեկն էր կատակով բողոքում, չէին թողնում՝ իմանանք, թե ինչ է կատարվում այնտեղ:

Հակառակ սրան, մի քանի օր առաջ հայաստանյան մամուլում հայտնված այն տեղեկությունների հաստատումը, թե Ադրբեջանը չի պատրաստվում գնել Հունգարիայի պարտատոմսերը, հնարավոր չէր գտնել հարևանների այն ԶԼՄ-ներում,  որոնց մերոնք հղում էին անում: Իհարկե իրավիճակը փոփոխվում էր, դրա հետ էլ լրահոսը՝ աղբյուրներով և հղումներով, ոչ թե ամեն օր, այլ ամեն ժամ, հետևաբար և շատ արագ վերոնշյալ դիտողությունները կորցնում էին իրենց հրատապությունը: Իսկ ընդհանրապես այդ օրերի ԶԼՄ-ների և հակերների աշխատանքը ցավոք զորավարժություն էր հիշեցնում, կամ մոտավորապես այն, թե ինչպես պետք է աշխատել պատերազմական վիճակում:

Ինչ խոսք, մեր ԶԼՄ-ների համար կարևոր էր, որ խնդիրը լուսաբանվեց գրեթե բոլոր ասպեկտներով, որ սակավ, բայց կային նաև մեր իշխանականից ու համընդհանուր պատկերացնումներից տարբեր կարծիքներ, որոնք քարկոծվեցին, բայց առնվազն հրապարկվելուց հետո:

Իր մասշտաբով բնականաբար վերևում հիշատակված իրադարձությանը զիջում էր, բայց նշանակությամբ հայաստանյան լրատվական դաշտում կարող է խիստ առանձնանալ սեպտեմբերի առաջին շաբաթում Արմնյուզ-Ա1+ համագործակցության մեկնարկը: Այն, որ այդ համագործակցությունը անակնկալ էր բոլորի համար, հետագայում պարզ դարձավ նաև հնչած կարծիքներից: Մանավանդ որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ Ա1+-ի դատական գործընթացը դեռ ավարտված չէ, իսկ Արմնյուզն այստեղ հանդես է գալիս իբրև երրորդ կողմ: Ինչքան էլ այս լրատվամիջոցների ղեկավարնեը հավաստիացնում են, թե դա չի ազդում/ազդելու իրենց համատեղ աշխատանքի վրա, բայց այսպիսի հավաստիացումների ճշմարտացիությունը փորձարկվում է բացառապես ժամանակով:

Իսկ առայժմ հակված ենք հավատալու, որ իսկապես մեր երկրում էլ մեդիան սկսել են դիտել իբրև բիզնես: Առաջին հայացքից Արմնյուզի փաստարկները, թե տաս տարի եթերից զրկված հեռուստաընկերությանը օրական քսան րոպեանոց լրատվական հաղորդում պատրաստելու և հեռարձակելու հնարավորություն տալը պայմանավորված է հիմնականում եթերում լուրերի բազմազանություն ապահովելու ցանկությամբ, հնչում են հավաստի և հենց բիզնեսի շահերից:

Միանգամայն համոզիչ է թվում Արմնյուզի գլխավոր պրոդյուսերի այն հիմնավորումը, թե «Այբ-ֆեն» մրցակցայի՛ն հեռուստապրոդուկտ էր, որը մրցակցային վիճակի մեջ էր պահում բոլորին:  Եթե այս շարժառիթներն են ընկած այս համագործակցության հիմքում, ապա դրանից կշահի առաջին հերթին լրատվության սպառողը, իսկ մեծ հաշվով ողջ լրատվական դաշտը:

Սակայն հիշեցնենք, որ կան նաև անուղղակի մտավախություններ, որ Ա1+-ի ծրագրերը գրաքննության կարող են ենթարկվել: Իսկ թե ում ձեռնտու կլինի այդ գրաքննությունը, արդեն լրատվության հետ քիչ առնչություն ունի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.