ՆՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ՝ «ՀԻՆ» ԷԹԻԿԱ

Երևանի մամուլի ակումբը անցնող շաբաթում իր 17 ամյակի առիթով մրցանակներ շնորհեց չորս՝  պայմանականորեն լրագրողի և լրատվամիջոցի: Նրանցից մեկը լրագրող չէ ՝ դասական իմաստով, սակայն այսօր եթե սեմինարներ ու վարժանքներն են անցկացվում՝ մարդկանց մեջ արթնացնելու և զարգացնելու համապատասխան հմտությունները, այս մրցանակակիրը մեկ տասնամյակից ավելի է հաջողությամբ կիրառում է դրանք՝ առանց իմանալու, որ զբաղվում է փաստորեն «նորահայտ» ժանրով՝ քաղաքացիական լրագրությամբ (ճիշտ է՝ ավանդական տպագիր լրատվամիջոցում): Մյուսը ռադիո է ներկայացնում, երրորդը՝ հեռուստատեսություն: ԵՄԱ չորրորդ մրցանակակիրը ֆոտոգործակալություն է:

Այս ընտրության բազմազանությունը ցույց է տալիս, որ դեռ հնարավոր է տարբերակել լրատվամիջոցների ֆորմատները: Մի հանգամանք, որ առաջիկայում, ինչպես ցույց են տալիս մեդիա կանխատեսումները, կորցնելու է իր հրատապությունը:

Աստիճանաբար ավելի ու ավելի է դժվարանում համացանցում իրարից տարբերել՝ տվյալ լրատվամիջոցի «նախահայրը» տպագիր մամո՞ւլ էր, հեռուստատեսությո՞ւն, ռադիո՞, ֆոտոգործակալությո՞ւն, թե՞ այն հենց այդպես՝ կոնգլոմերատ էլ ծնվել է:

Այսպես կոչված կոնվերգենտ լրատվամիջոցներում, որ օր-օրի շատանում են նաև Հայաստանում, կարևորվում է մասնագիտական էթիկայի կանոնների պահպանումը՝ հատկապես գործընկերների նկատմամբ:

Հեղինակային իրավունքի մասին խոսելիս և որևէ տեղեկություն առաջինը հաղորդելու մասին քննարկումներում լրագրողները հաճախ բողոքում են, որ իրենց՝ դժվարությամբ հայթայթած տեղեկությունը առցանց լրատվամիջոցում տեղադրելուց երկու րոպե հետո այլևս դրա տերը չեն՝ բառի ամենավատ իմաստով:

Այո, ինտերնետային լրատվամիջոցում հայտնված հատկապես տեքստային տեղեկության առաջին հաղորդողին այլևս դժվար է հայտնաբերել: Դա արդեն ոչ ոքի չի էլ հետաքրքրում, գուցե թե միայն այդ առաջին հաղորդողին:

«Թալանված» լրագրողը կամ լրատվամիջոցը ի´նքը հետագայում կարող է չդիմանալ գայթակղությանը և սահուն վերածվել «թալանողի»՝ ըստ արժանվույն շարունակելով «քոփի-փեյսթ»-ի արվեստը լրագրության մեջ:

Այս արատավոր շրջանի համար պատասխանատու են բացառապես լրագրողները և լրատվամիջոցները, անկախ նրանից, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ավելի շատ են դրա հնարավորությունը տալիս, քան դա կար նախկինում: Սեփական հեղինակային իրավունքի լավագույն պաշտպանությունը ուրիշինը չխախտելն է. անգամ բազմաթիվ անգամ «թալանվելը» ոչ մի լրագրողի չպետք է դրդի նույն կերպ վարվել իր գործընկերոջ հետ:

Տարիների հետ այս դաշտը գուցե թե պատշաճ օրենսդրական կարգավորում էլ կստանա, սակայն վերջին ամիսներին հետևելով հայաստանյան մի քանի լրատվամիջոցների, կարելի է մեկ անգամ ևս արձանագրել. այն, ինչ չի կարգավորվում օրենքով, կամ դե´ռ չի կարգավորվում օրենքով, հանգիստ կարելի է անել ինքնուրույն՝ ինքնակարգավորմամբ:

Վերջին ամիսներին հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ ավելի ու ավելի հաճախ են «դիմում» մեկը մյուսի «օգնությանը»: Որևէ լրատվամիջոցում մի քանի տողով ներկայացվում է մի տեղեկություն և առաջարկվում մանրամասների համար սեղմել հղումի կոճակը: Այն տանում է դեպի մեկ ուրիշ լրատվամիջոց, որտեղ արդեն ամբողջական նյութն է՝ լուսանկարների կամ տեսաշարի ուղեկցությամբ, հեղինակի անունով կամ առանց դրանց: Սակայն հստակ երևում է այն լրատվամիջոցը, որի հրապարակած տեղեկությունը հետաքրքիր է գտել և արտատպել է մեկ ուրիշ լրատվամիջոց: Եվ վերջ՝ թե տեղեկությունը տրվեց, թե պահպանվեց հեղինակային իրավունքի գրված՝ օրենսդրական կամ չգրված՝ էթիկական նորմը:

Չի բացառվում, որ այս երկու (կամ ավելի) լրատվամիջոցները ունեն գրավոր համաձայնություն՝ մեկը մյուսի արտադրանքը օգտագործելու համար: Անգամ եթե այդպես է, այստեղ էականն այն է, որ գրավոր, թե ոչ, պայմանավորված, թե ինքնաբուխ՝ կան հայաստանյան լրատվամիջոցներ, որոնք հոգնել են «թալանված» ու «թալանած» լինելուց և գտել ու կիրառում են այս «հեծանիվը»:

Այսպիսով կարծես թե դուրս է գալիս անառողջ մրցակցության տենդը՝ աշխարհին ու ինքն իրեն խաբել, թե կարող ես միաժամանակ լինել բոլոր վայրերում, հավասարապես տիրապետել բոլոր մոտ ու հեռու աղբյուներին, ձեռքի տակ ունենալ աշխարհի բոլոր փորձագետներին, պետական պաշտոնյաներին և այլն: Իսկ երբ հանգստանում ես և ընդունում, որ այլ լրատվամիջոցներ էլ կարող են լավ աշխատել և երբեմն առաջ ընկնել քեզնից՝ քո մասին նույնը մտածելով, շատ բան է ընկնում իր տեղը: Մրցակցությունը, հետևաբար և որակը՝ առաջին հերթին:

Նկարը՝   http://media.am կայքից:

Trackbacks/Pingbacks
  1. […] Ինչը և սկսել է կիրառել ավանդական մամուլը՝ աստիճանաբար անճանաչելի դարձնելով սեփական […]

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*