ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ՝ ԸՆԴՄԻ՞ՇՏ

Լուսանկարը` © Onnik Krikorian/Oneworld Multimedia 2009

Հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների քարոզարշավը Արցախում մեկնարկեց երկու օր առաջ և տևելու է մինչև հուլիսի 17-ը: Հաջորդ օրն, ըստ օրենքի, լինելու է լռության օր: Սակայն Ղարաբաղի թեմաներով հայաստանյան լրատվամիջոցներում այդ լռության օրը ձգվում է արդեն տարիներ:

Չի կարելի ասել, թե «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խայտառակ միջադե՛պը շեղեց հայաստանյան լրատվամիջոցների ուշադրությունը մի թեմայից, որը թվում է՝ գոնե անցնող շաբաթում պետք է գերիշխող լիներ այստեղ:

Այս թեմայի նկատմամբ առանձնապես հետաքրքրություն չի դրսևորվում արդեն երկար ժամանակ և հետևողականորեն: Եթե հայաստանյան հասարակությունը տեղյակ է Լեռնային Ղարաբաղից, ուրեմն հավանաբար օգտվում է ուրիշ աղբյուրներից, բայց ոչ՝ սեփական լրատվամիջոցներից:

Այստեղ, կարելի է ասել, իսպառ բացակայում են տեղեկություններ Լեռնային Ղարաբաղից, տեղեկություններ ոչ թե հակամարտության և դրա լուծման հնարավոր տարբերակների մասին, ոչ թե զինադադարի խախտման կամ ԼՂՀ Նախագահի կողմից կատարվող պարգևատրումների մասին, ոչ թե …կարծես այլ «լուսաբանվող» թեմաներ էլ չմնացին, այլ այդ երկրի կամ Հայաստանի այդ հատվածի տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքի, ինչո՞ւ չէ՝ կենցաղային, քրեական ու մնացած բոլոր կարգերի անցուդարձերի մասին:

Հայաստանում ապրող քանի՞ հոգի են տեղյակ, թե «քանի կգ է կշռում» նվազագույն սպառողական զամբյուղը Արցախում կամ քանի դրամ է նվազագույն աշխատավարձն այնտեղ: Առավել ևս մենք չգիտենք, թե այդ նվազագույն աշխատավարձով արցախցին իր սպառողական զամբյուղի որ մասն է կարողանում լցնել: Եվ լցնո՞ւմ է ընդհանրապես: Ինչո՞վ:

Տեղյա՞կ ենք արդյոք. արցախահայությունը գո՞հ է իր կառավարությունից թե՞ դժգոհ, ի՞նչ պահանջներ է ներկայացնում վերջինիս, և ներկայացնո՞ւմ է ընդհանրապես:

Հայաստանյան լրատվամիջոցներում օրական քանի՞ անգամ ենք կարդում, որ այս կամ այն հարցի պարզաբանման համար լրագրողը դիմել է ղարաբաղյան աղբյուրին: Հարցերի այս շարանն անսպառ է:

Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի՝ հուլիսի 19-ին սպասվող նախագահական ընտրությունները գրեթե ոչինչ չեն փոխում այս առումով:
Անցնող շաբաթում, ինչ խոսք, մեր լրատվամիջոցներում հայտնվեցին տեղեկություններ այս մասին, մանավանդ որ Արցախում մեկնարկեց քարոզարշավը: Մի քանի հրապարակումներ էլ եղան թեկնածուներից մեկի քարոզարշավի մեկնարկի, հայտարարության թեմաներով : Բայց սա` ավելի շատ այդ թեկնածուի նախընտրական շտաբի ակտիվության արդյունքն էր, քան մեր լրատվամիջոցների հետաքրքրության. հակառակ դեպքում տեղեկությունները չէին սահմանափակվի միայն մեկ թեկնածուով: Եվ անգամ այս հանգամանքը`մի թեկնածուի մասին տեղեկությունների հոսքը, չէր ստիպել մեր լրատվամիջոցներին տեղեկություններ հայթայթել և տարածել նաև մյուս թեկնածուների մասին:

Մեր լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ անդրադառնում են նաև ներկա ու նախկին պաշտոնյաների այցերին ու հանդիպումներին Ղարաբաղում: Եվ վե´րջ: Մինչդեռ Ղարաբաղի ներքին զարգացումները հայաստանյան մամուլում չեն լուսաբանվում: Ղարաբաղր կարծես թե օտարվել է Հայաստանից:

Հայաստանցիներին, դատելով թեկուզ լրատվամիջոցներում երևալու պահանջարկի բացակայությունից, չի հետաքրքրում, թե ինչ ներկայով է ապրում այն աշխարհը, որի համար պայքարում էին ազգովի: Ներկան՝ դեռ ոչինչ: Մեզ կարծես չի հետաքրքրում, թե ինչ ապագա´ է սպասում այս երկրին: Թե ի´նչ կլինի առնվազն այս ընտրությունների արդյունքում, ի´նչ զարգացումներ կապահովեն այս ընտրությունները:

Այս անտարբերության պատճառները մի քանիսն են իհարկե, բայց ամենակարևորն ու վճռորոշներից է այն, որ ինչպես Արցախում, Հայաստանում էլ հավանաբար չեն հավատում, որ լինելու է թափանցիկ և արդար պայքար, որի ընթացքում հաղթելու է ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուն: Կարձանագրվեն հերթական ձևական ընտրությունները, ու ամեն ինչ կշարունակվի գլորվել նույն կերպ: Այստեղ է թաքնված վտանգը:

Ազգային-ազատագրական պայքարով ծնված և աշխարհում դեռևս չճանաչված պետությանը պետք է ավելի շատ ուշադրություն: Պետք չէ նրան մեն-մենակ թողնել իր խնդիրների, իր առջև ծառացած բոլոր մարտահրավերների հետ: Այս փոքրիկ պետության մեջ պետք է կարևորվի մրցակցությունը, ներառյալ կամ առավել շատ` քաղաքական մրցակցությունը, և հնարավորինս խրախուսվի ու խթանվի այն: Այլապես առաջ գնալու փոխարեն այսպիսի հասարակությունը կսկսի հետզարգացում ապրել, հենց որ ավարտի լճացման փուլը: Այսինքն մոտավորապես այն վիճակը, որում հիմա Արցախն է: Սակայն կար մի ժամանակ, երբ Արցախը ժողովրդավարության աղբյուր էր Հայաստանի համար:

Իսկ հիմա մենք չգիտենք նույնիսկ, թե ինչ է կատարվում այս երկրում:

Հանուն արդարության նշենք, որ հենց Ղարաբաղում խիստ սահմանափակ են այն աղբյուրները, որոնցից կարելի է անմիջական տեղեկություններ ստանալ: Դրանք ոչ միայն թվով են քիչ, այլև բազմակողմանիությամբ աչքի չեն ընկնում:

Մեկ ելք այնուամենայիվ կարելի է տեսնել ստեղծված վիճակից. հայաստանյան մամուլի ակումբները երևի պետք է սկսեն «հրահրել» Հայաստանի համար խիստ կարևոր իրադարձության՝ Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների լուսաբանումը: Սա հետագայում ևս առիթ կարող է դառնալ հետաքրքրությունը Արցախի նկատմամբ պահելու՝ նպաստելով, որ առաջիկայում հայ հասարակությունը պահանջ ունենա անգամ Հայաստանի մարզերից ավելի` իմանալու Ղարաբաղի ամեն օրվա կյանքի մասին:

One Response to 'ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ՝ ԸՆԴՄԻ՞ՇՏ'

  1. Գեղամ Բաղդասարյան says:

    Շատ տեղին, ճիշտ ու ժամանակին հրապարակում է։ Ըստ իս, ամբողջ բարդությունը կայանում է նրանում, որ ինտեգրվել են երկու հայկական պետությունների իշխանությունները, ինտեգրվել են միաձուլվելու ու սերտաճելու աստիճան։ Իսկ ահա երկու հանրությունները շարունակում են անհաղորդ մնալ միմյանց դարդուցավին։ Իսկ սա էլ սերմանվում է վերևներից՝ երկու իշխանություններից, որոնք գիտակցաբար խոչընդոտում են երկու հանրություների ինտեգրմանը, քանի որ լուրջ վտանգ են տեսնում դրա մեջ։ Իսկապես այդպես է՝ երկու հանրությունների ինտեգրումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Երևանում և Ստեփանակերտում։ Բայց մի կարևոր պարզաբանում՝ իշխանությունների համար լուրջ խնդիրներ։ Իսկ ահա երկու երկրների ժողովրդավարացման համար դա լուրջ ազդակ ու խթան կարող է լինել։

Leave a Reply to Գեղամ Բաղդասարյան Cancel reply

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.