ԱՅԴ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԲԱՌԵՐԸ՝ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Ընտրական և հետընտրական քաղաքական հնարավոր և անհնարին զարգացումները, ինչպես նաև բազմազանության ջատագովության կամ խարանման լուսաբանումը լրատվամիջոցների ուշադրությունը՝ չնչին բացառություններով, շեղեց մայիսի երկրորդ տասնօրյակում տեղի ունեցած դեպքերից, որոնք թերևս հետագայում խիստ նշանակալից կարող են անդրադառնալ հայաստանյան լրատվական դաշտի վրա:

ՀՀ Վճռաբեկ դատարանը անցյալ շաբաթներում մի քանի օրերի տարբերությամբ վերջապես կայացրեց որոշումներ  (ի դեպ, դրանցից մեկի մասին տեղեկություն կար միայն մամուլում և Դատալեքսում, փոխարենը հնարավոր չէր գտնել Հայաստանի դատական համակարգի կայքի Վճռաբեկ դատարանի բաժնում) որոնցում տրվեցին ուղենիշներ՝ վիրավորանքի և զրպարտության մասին օրենքի դրույթների կիրառման դեպքերի համար: Այս որոշումներից առաջինին տրված քաղաքացիական հասարակության գնահատականը՝ նախադեպային, կարծում ենք արդարացված է:

Նախ, դատարանների կողմից օրենքի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտությունը հասունացել էր վաղուց, ճիշտ այն ժամանակից սկսած, ինչ վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումից հետո իրենց վիրավորված և զրպարտված զգացած քաղաքացիները լցվեցին դատարաններ՝ լրատվամիջոցներից հատուցում և փոխհատուցում պահանջելու:

Այդ արշավանքը մտավախություն առաջացրեց, որ առաջադիմական օրենքի նմանատիպ կիրարկումը լրատվամիջոցներ փակելու կամ առնվազն դրանք լռեցնելու գործիք կդառնա: Այս մտավախությունն սկսել էր մասամբ արդարանալ:

Ինչ խոսք, լրատվամիջոցների դեմ զրպարտության և վիրավորանքի դատական հայցերի և դրանց բավարարման առաջին հոսքերին հետևեց տեղատվությունը. հայցվորներն սկսեցին հաշտվել լրատվամիջոցների հետ կամ հրաժարվել լրատվամիջոցի դեմ դատական հայցից և դրամական պահանջից, անգամ դատարանը մերժեց լրատվամիջոցի դեմ հայցը:

Այս դրական զարգացումներին նպաստեցին մի շարք այլ գործոններ՝ մասնավորապես ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, որով ամրագրվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» (1087.1) հոդվածի դրույթների կիրառման մի քանի սկզբունքները: Ընդհանուր բնույթ ունենալով հանդերձ՝ հենց դրանք են ընկած Վճռաբեկ դատարանի վերոնշյալ վճիռների հիմքում:

Բացի ՀՀ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումը որոշ չափով «բացելուց», այն բազմաթիվ հղումներ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, հանագամանք, որին հաստատապես սպասում էր հայաստանյան լրագրողական համայնքը:

Իսկ ինչու՞ կարելի է արդարացված համարել Վճռաբեկ դատարանի որոշումը նախադեպային գնահատելը, նկատի ունենք դրական իմաստով: Առաջիկայում հնարավոր է տրվի այս որոշումների իրավական փորձաքննությունը, սակայն առայժմ նկատենք, որ դրանք գրեթե լիարժեքորեն  սահմանել են վիրավորանքի և զրպարտության գնահատման չափանիշները, «հրապարակային» հասկացությունը, գնահատողական դատողության և փաստի տարբերությունը, հանրային գերակա շահով պայմանավորված լինելու դեպքում վիրավորանքի բացակայությունը, վիրավորանքի և զրպարտության գործերով պատասխանատվությունից ազատվելու դեպքերը և այլն:

Այստեղ առանձնացնում ենք որոշումներում առկա հետևյալ ձևակերպումները՝ ժամկետների ողջամտություն, «փոխհատուցման ողջամտություն», «որը պետք է համաչափ լինի անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասին և միաժամանակ, անհարկի ֆինանսական պարտավորություններ չառաջացնի պատասխանողի համար»:

Ոչ պարտադիր, սակայն խիստ կարևոր մի նկատառում ևս այս որոշումներում՝ «դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է անհրաժեշտ գնահատական տան այն հանգամանքին, թե արդյոք կողմերը որևէ փորձ արել են վեճը լուծել արտադատական կարգով»:

Ահա այստե´ղ է, որ կերևա, թե հայցվորն իսկապես ինչ նպատակ է հետապնդում՝ իրոք հասցված, ասենք, վիրավորանքն է իր գործողությունների դրդապատճառը, թե՞ գերագույն նպատակ ունի պարզապես աղմուկ հանելու, լրատվամիջոցից վրեժխնդիր լինելու: Ահա այստե´ղ է, որ կբացահայտվի լրատվամիջոցի՝ ինքնակարգավորման մեխանիզմների զարգացածության և ինքնակարգավորվելու պատրաստակամության աստիճանը, որը կդրսևորվի հաշտության գնալ-չգնալու հանգամանքով :

Իսկ երկու կողմերին օգնության կարող են հասնել Հայաստանում արդեն իսկ առկա լրատվամիջոցների շահերի պաշտպանության  և ինքնակարգավորման մեխանիզմները:

 

Լուսանկարը՝ http://haynews.am/hy/archive-22904-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.