ՀՌԱՀ-Ը ՍԿՍՈՒՄ Է ԵՎ ՏՈԻԳԱՆՈՒՄ

Անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը լրատվամիջոցների ոլորտում տեղի ունեցավ թերևս այսօր. Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովը վարչական պատասխանատվության ենթարկեց «Մուլտի մեդիա-Կենտրոն ԹիՎի» ՓԲ ընկերությանը («Կենտրոն» հեռուստաընկերություն) ընտրությունների քվեարկության օրը և դրան նախորդող օրը քարոզչական նյութ՝ տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձևով նախընտրական քարոզչություն իրականացնելու համար, ինչը արգելվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով:

Հեռուստաընկերության ներկայացուցիչների փաստարկները, որ քարոզչություն որակված հայտարարությունը հեռարձակվել է ուղիղ եթերի ռեժիմով հաղորդվող նյութի ընթացքում, հետևաբար և չպետք է այդպես որակվեր, Հանձնաժողովը հիմնավորված չի համարել:

Հանձնաժողովի նախագահը հերքել է բոլոր այն պնդումները, թե որոշումը քաղաքականացված է, որ իրավախախտում տեղի է ունեցել, և հայտարարեց, որ պատրաստ է ընդունել Կենտրոնի եթերում բանավիճելու հրավերը: Սակայն՝ պայմանով, որ «2008-ի ընտրությունների ժամանակ ակնհայտ հակաքարոզչությունը» ՀՌԱՀ-ի կողմից չնկատելու կոնկրետ փաստեր բերվեն:

Այս հավանական ուղիղ եթերի կայանալ-չկայանալու մասին կանխատեսումներ անելուց զերծ ենք մնում: Իսկ այ, Հանձնաժողովի այսօրվա որոշումը դրական գնահատող, ճիշտ է՝ զգուշավոր, կարծիքներ արդեն լսում ենք լրատվամիջոցների ոլորտի փորձագետներից:

Այս տրամադրվածության պատճառաբանությունն այն է, որ ՀՌԱՀ-ը սկսում է հետամուտ լինել օրենքի կիրառմանը: Մանավանդ որ այդ մասին նա հայտարարել էր մինչև ընտրութունները և ինչպես կարգն է, հրապարակել խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռուստա- և ռադիոընկերությունների կողմից թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին  մասնակցող կուսակցությունների, դաշինքների համար հավասար պայմաններ ապահովելու գնահատման մեթոդաբանությունը:

Ավելին, «Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից 2012թ. մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունները» փաստաթղթում Հանձնաժողովը տեղեկացնում է, որ վարչական վարույթ է հարուցել «Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ՝ ընտրությունների և հանրաքվեների մասին ՀՀ օրենսդրությամբ արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելու համար:

Հուսանք իսկապե´ս ոչ քաղաքականացված այս միջոցը պետք է որ նախադեպ լինի հեռարձակողների համար, որոնք առաջիկայում նկատի կունենան գործընկերոջ հետ տեղի ունեցածը և այն, որ օրենքի կիրառմանը հետամուտ լինելուն կոչված մարմինը հավատարիմ է իր առաքելությանը:

Մտահոգությունն այլ տեղում է: Այդ նույն փաստաթղթում Հանձնաժողովը տեղեկացնում է, որ մեկ ուրիշ վարույթ էլ սահմանել է նույն «Կենտրոնի», նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերության նկատմամբ, քանի որ վերջիններիս կողմից թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հատկացրած եթերաժամանակի անհամաչափությունները էականորեն գերազանցել են որոշ օբյեկտիվ ընդհանրություններ:

Իսկ ինչպե՞ս պետք է որոշվի այն ընդհանրությունների սահմանը, որոնց հղում անելով Հանձնաժողովը եթերաժամանակի տրամադրման անհամաչափությունները որոշակի դեպքերում իբրև հավասար պայմանների խախտում չի գնահատել: Հիշեցնենք Հանձնաժողովի նշած ընդհանրությունները՝ նախընտրական քարոզչության պլանավորման և իրականացման՝ միջոցառումների քանակական, տարածքային և ժամանակացուցային բաշխման անհամասեռություններ, քարոզչության իրականացման , ինչպես նաև նախընտրական հիմնադրամներում առկա միջոցների, անվճար և վճարովի եթերաժամանակի օգտագործման, հեռուստառադիոծրագրերում հյուրընկալվելու պատրաստակության առանձնահատկություններ:

Սա նշանակում է, որ յուրաքանչյուր նմանատիպ դեպք ՀՌԱՀ-ը պետք է քննի առանձին, մանրակրկիտ և համակողմանի՝ պարզելու դրանում առկա ընդհանրությունների օբյեկտիվության չափը:

Արդյո՞ք հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինը հետևողականորեն կլինի մանրակրկիտ և առհասարակ՝ հետևողական:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ օրենսդրությունը հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում պահանջ է դնում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության վերաբերյալ անկողմնակալ և գնահատակններից զերծ՝ հավասար պայմանների պահպանմամբ տեղեկատվության:

Արդյո՞ք ՀՌԱՀ-ն իսկապես հետամուտ կլինի կողմնակալ և գնատականներով համեմված տեղեկությունների բոլո´ր դեպքերում:

ԶԼՄ մի քանի փորձագետ ԵՄԱ ամփոփագրին ասացին գրեթե միաձայն. «ՀՌԱՀ-ը սկսում է հետամուտ լինել օրենքի կիրառմանը, ցանկալի է դառնա հետևողական և հավասար պատիժներ ապահովի բոլո´ր զանցառու հեռարձակողների նկատմամբ»:

Լուսանկարը՝ http://www.a1plus.am-ի:

One Response to 'ՀՌԱՀ-Ը ՍԿՍՈՒՄ Է ԵՎ ՏՈԻԳԱՆՈՒՄ'

  1. Մարիամ says:

    Իհարկե, «Կենտրոնի» համար էսօր դժվար կլինի գտնել 2008 թվականի նախընտըրական քարոզարշավի ընթացքում օրենքը խախտելու կոնկրետ դեպքերը եւ հրամցնել հարգելի պարոն Ամալյանին: Դժվար, ոչ թե որովհետեւ դրանք չեն եղել, այլ որովհետեւ այդ կոնկրետ դեպքերը գրանցվել են հատկապես մեկ կոնկրետ հեռուստաընկերության կողմից, որը հազիվ թե հիմա դրանք տրամադրելու պատրաստակամություն հանդես բերի` նաեւ քաղաքական իրավիճակի հետ կապ ունեցող պատճառներով: Համ էլ 2008-ին «Կենտրոնը» ինչ իմանար, որ 4 տարի հետո ՀՌԱՀ-ը որոշելու ա գործել օրենքի տառին համապատասխան ու հակառակը հաստատող ապացույցներ ա պահանջելու: Բայց եթե անկեղծ լինենք, նման ապացույցներ առանց հատուկ ջանքերի էլ կհիշենք. բավական ա հիշել միայն 2008-ի նախընտրական մթնոլորտն ու հատկապես մեկ հեռուստաընկերության կողմից իրականացվող էն ապաշնորհ քարոզչությունը, որը նպաստեց էդ մթնոլորտին:

Leave a Reply