ԴՈՒՔ ՄԵՂԱՎՈՐ ԵՔ ՁԵՐ ԶԼՄ-ՈՒՄ ԱՌԿԱ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ

Անցնող շաբաթվա լրատվական դաշտի ամենահետաքրքիր իրադարձությունը, մեր կարծիքով, տեղի ունեցավ Հայաստանից դուրս:

Մեծ Բրիտանիայի վարչապետի հրամանով ստեղծված անկախ հանձնաժողովին այս շաբաթ ցուցմունքներ էին տալիս մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքը և նրա որդին: Այս հանձնաժողովը ստեղծվել է 2011թ.-ին և կոչված է քննելու մագնատի արդեն փակված “News of the World” թերթի կողմից հեռախոսային ապօրինի լսումների սկանդալային պատմության մանրամասները:

Հիշեցնենք նաև, որ լորդ Լևեսոնի հանձնաժողովը քննում է Բրիտանական մամուլի էթիկայի հարցերը: Ինչ խոսք, այս խնդիրները սերտորեն առնչվում են և խաչվում են պրոֆեսիոնա´լ ստանդարտների հետ: Որոշ փորձագետների կարծիքով, վերջինները ընդհանրապես ներառում են էթիկան նույնպես և չպետք է առանձին դիտարկվեն: Այս ամենի մասին մասնագիտական քննարկումներ դեռ երկար կլինեն, սակայն փաստն այն է, որ հեռախոսային ապօրինի լսումների պատմության մեջ առաջին պլան են մղվում հենց է´թիկայի և ոչ` փաստական տվյալների, դրանց խեղաթյուրման, պատշաճ աղբյուրների օգտագործման կամ մասնագիտական այլ հարցեր:

Եւ այսպես, չենք անդրադառնում Մերդոքի ցուցմունքներին, դրանք կարելի է կարդալ և դիտել համաշխարհային գրեթե բոլոր լրատվամիջոցների կայքերում, ինչպես օրինակ՝ այստեղ և այստեղ:

Առանձնացնում ենք լորդ Լևեսոնի միայն մեկ հարցը, որն ինքը` Հանձնաժողովի նախագահը կարևորեց շատ ավելի, քան փաստերի, Մերդոքի քաղաքական հսկայական ազդեցության մասին և այլ հարցերի շարքում: «Ես ուզում եմ իմանալ, թե այդ ի՞նչ մթոլորտ, այդ ի՞նչ կլիմա է ձևավորվել ձեր թերթում, որ լրագրողները կարծել են, որ կարելի է այդ ոճով աշխատել, թույլատրելի են համարել այդ գործելաոճը»,- հարցրեց  Լևեսոնը անվրդով նստած Մերդոքին:

Մթնոլորտ, կլիմա՝ ահա այն կախարդական բառերը, որոնք շատ հաճախ բանալին են այն արդյունքի, որը հայտնվում է լրատվամիջոցներում, ընդ որում ոչ միայն համաշխարհային: Սրանք այն կարևոր նախապայմաններն են, որոնցում ձևավորվում է նաև հայաստանյան յուրաքանչյուր մեդիաարտադրանք:

Եւ այսպես, ի՞նչ արտադրանք կարող է ձևավորվել այն մթոլորտում, երբ լրատվամիջոցը ոչ միայն գործում է որոշակի հակա-սկզբունքով, այլև հայտարարում, որ իր ունեցած և հրապարակվող լուրը ճշտելու համար չի պատրաստվում դիմել այն կողմին, որը, համաձայն այդ տեղեկության, անօրինական գործողություն է կատարել կամ կատարելու: «Միևնույն է՝ հերքելու են»:

Ընդ որում սա ընդունված պրակտիկա է և ընդդիմադիր, և կառավարամետ լրատվամիջոցների աշխատանքում՝ մյուս դաշտը ներկայացնող ուժերի մասին տեղեկությունները ճշտելիս լրատվամիջոցը կանխավարկած ունի և շատ հաճախ չի էլ թաքցնում իր լսարանից:

Սա՝ դեռ ոչինչ: Կարելի է ասել, որ թեկուզ այս կերպ, բայց ինչ-որ կերպ լուսաբանվում են տվյալ լրատվամիջոցին անհաճո գործիչները և գերատեսչությունները: Միանգամայն ընդունված պրակտիկա է, որ լրատվամիջոցները պարզապես չեն լուսաբանում որոշ գործիչների, ինչքան էլ երկրի համար կարևոր լինի նրանց գործունեությունը. հատկապես հեռարձակվող ԶԼՄ-ներում կան ցուցակներ՝ ում մասին լռել, ում մասին խոսել և ինչ տոներով, և խմբագրության բոլոր աշխատողները տեղյակ են, ավելին՝ անգիր գիտեն այդ ցուցակները աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրերից:

Ընդ որում այստեղ կարող են տեղ գտնել ոչ միայն քաղաքական գործիչները, այլև գործարար մարդիկ, որոնք այս կամ այն կերպ ազդեցություն ունեն լրատվամիջոցի ֆինանսական վիճակի վրա: Անգամ՝ գովազդատուները:

Այսպիսի ցուցակների գոյությունն ինքնին արդեն որոշակիացնում է այն, թող թույլ տրվի ասել, անբարենպաստ մթնոլորտը, որում ծնունդ է առնում ու հրապարակայնացվում այս կամ այն տեղեկությունը:

Մեր լրատվամիջոցները, հատկապես հեռարձակվող, այն գլխից «գիտեն», որ եթե լրագրողը սեփական նախաձեռնություն է հանդես բերում, այսինքն, փորձում է մամլո ասուլիսներից և գիտաժողովներից բացի, հեղինակային թեմաներ լուսաբանել, ուրեմն դա թաքնված գովազդ է, լրագրողն էլ դրանից բաժին ունի և չի ուզում այն կիսել խմբագրի հետ: Թե քանի հեղինակային նյութ կարող է ծնվել այսպիսի մթնոլորտում՝ թիվը հաշվելը թողնում ենք որպես տնային աշխատանք այդ խմբագիրների համար:

Կարելի էր թերևս շրջանցել արտատպել-գրագողություն կատարելու թեման՝ դրա տարածվածության մասշտաբների և հին լինելու պատճառով, բայց հենց դա էլ վտանգի առաջ բթանալու պատճառն ունի: Եթե չի կարգավորվում ինտերնետը և տիրում է գրեթե ամենաթողություն, ուրեմն լրատվամիջոցները պետք է դա մտքում իբրև արդարացո՞ւմ ունենան և գործեն սովորական գրագողների նմա՞ն: Օրինակների համար կարդացեք միայն այսօրվա բոլոր առցանց լրատվամիջոցները և փորձեք պարզել, թե բազմաթիվ կայքերում գրեթե առանց տարբերության հրապարակվող, նույնանման տեքստերի հեղինակն ով է:

Վերջին տարիներին բազմաթիվ են նաև այն դեպքերը, երբ որևէ բլոգում կամ մեկի պատին հայտնված գրությունը, որն իր անհեթեթության պատճառով լավագույն դեպքում պետք է ժպիտի արժանանար, դառնում է «լուրջ» վերլուծությունների, քննարկումների, բողոքների, պաշտոնանկության պահանջների և հանդիմանանքների հիմք է դառնում: Ինչպես վերջերս մի տերմինի հայերեն անեկդոտային թարգմանության պատմությունն էր: Հիշեցնենք, որ համացանցում նույնիսկ եղան այդ լրատվամիջոցի նկատմամբ «պատժի առավելագույն չափը» կիրառելու՝ ընդհանրապես այն չկարդալու կոչեր: Բարեբախտաբար կամ ցավոք, կոչին հետևողներ գրեթե չեղան:

Իսկ նախընտրական շրջանում այնպիսի էժանագին տեխնոլոգիաների անհաջող կիրառումը, որոնք պատիվ չեն բերում լրատվամիջոցին, կարծես թե նույնիսկ չեն զարմացնում: Երկու օր առաջ դրանում համոզվելու առիթ ընձեռեց մի լրատվամիջոցի օրինակը, երբ որպես հայաստանյան քաղաքական ուժին վարկաբեկող տեղեկության աղբյուր նշվում էր մի խիստ կասկածելի բլոգ:

«Լուրջ լրատվական դաշտում զավեշտալի է հնչում ոչ միայն կեղծ պրոֆայլների կողմից տարածվող տեղեկություններից օգտվելը, այլ անգամ նման բաների վրա ուշադրություն դարձնելը: Այս պարագայում միայն զարմանք է հարուցում, որ լրատվամիջոցը «վերլուծություն» է կատարում՝ հենվելով ֆորումում և ֆեյսբուքում տեղ գտած անանուն օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունների վրա, այսինքն որդեգրել է մի գործելաոճ, որն իրենց չեն կարող թույլ տալ անգամ բուլվարային լրատվամիջոցները»,- ստիպված գրում է լրատվամիջոցը՝ իր գործընկերոջ աշխատաոճի մասին:

Օրինակներ կարելի է գրել ու գրել, իսկ ցանկության դեպքում, Հայաստանի յուրաքանչյուր լրագրող ինքը կարող է օրինակներով հարստացնել այս նյութը: Մենք հիշեցնում ենք միայն, որ աշխարհի ամենահզոր մեդիամագնատը երկու օր առաջ ի լուր աշխարհի խոստովանեց, որ ինքը տանուլ է տվել և ներողություն խնդրեց:

Լուսանկարը՝ http://www.china.org.cn/world/2011-07/17/content_23005489.htm

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.