ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ

Empty chairsՊատգամավորության մի քանի թեկնածուների անցյալ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած չափից ավելի «ջերմ» հանդիպումները իրենց ընտրազանգվածի հետ վկայում են, որ բանավեճի մշակույթը, թող ներվեն այս բարձրագոչ բառերը, դեռ երկար, անգամ մոտ չի գալու հայաստանյան ընտրական գործընթացներին:

Անցյալ շաբաթներին մի քանի թեկնածուներ իրենց մրցակիցներին հրավիրեցին բանավեճի՝ քաղաքական, քաղաքակիրթ: Նախընտրական շրջանում, թվում է, ուրիշ էլ ինչ է պետք թեկնածուներին, եթե ոչ՝ հանդիպել դեմառդեմ, հնարավորինս լայն լսարանի առաջ (իսկ էլ ո՞ր լսարանը կարող է ավելի մեծ լինել, քան երկրով մեկ սփռվող հեռուստատեսային հաղորդումը) և փորձել համոզել թե իրենց, թե լսարանին, որ մրցակիցներինց հենց ինքն է ամենախելացին, ամենապատրաստվածը և ամենաարժանին՝ ժողովրդի որոշակի հատվածի ձայնը ներկայացնելու երկրի պառլամենտում:

Դեռ ավելի առաջ, քան նախընտրական շրջանը կսկսվեր, Երևանի մամուլի ակումբն իր «Երկրի դեմքը» հաղորդման շրջանակներում էր հնարավորություն ընձեռում քաղաքական ուժերին՝ բանավիճելու ընտրական գործընթացների շուրջ: Այսինքն, ամբիոն տրամադրում, որը պետք է որ սպասված ու փնտրված լիներ հատկապես այն ուժերի համար, որոնք ընտրությունների ժամանակ լինի, թե դրանց միջև ընկած ժամանակահատվածում բողոքում են, որ իրենք տեղ և միջոց չեն գտնում՝ մարդկանց հասանելի դարձնելու իրենց խոսքը, գաղափարները և ծրագրերը:

Իսկ ի՞նչ փորձ արձանագրեց մեր հաղորդումը: Կան կուսակցություններ, որոնք բանավեճի կնստեն բացառապես ընդդիմախոս կուսակցության առաջին դեմքի հետ: Եվ երբ հանկարծ տեղեկանում են, որ իրենց ընդդիմախոսը լինելու է կես ռանգ ցածր, նկարահանման ուղարկում են իրենց ամենաանհայտ դեմքին: Կամ իսպառ հրաժարվում բանավեճին մասնակցելուց: Փաստորեն սեփական կշիռը պայմանավորելով ոչ թե իրենցով ու սեփական գաղափարներով, այլ ընդդիմախոսի´ կշռով:

Կամ իրենց պատվից ցածր են համարում այս կամ այն կուսակցության ներկայացուցչի հետ բանավիճելը: Մեր կուսակցություններից մեկը մյուս բոլորին անուններ փակցնելուց հետո հայտնեց, որ իր սիրտը «ինտելեկտուալ» մրցակից է ուզում:

Բնավ չենք զարմանա, եթե որոշ ժամանակ անց այս ուժերի ներկայացուցիչները մեկ էլ մի հարցազրույցում հայտարարեն, որ իրենք անտեսված են եղել և լրատվամիջոցները նրանց տեղ ու ժամանակ չեն տրամադրել:

(Հիշեցնենք, որ ինչպես մեր իրականությունում յուրաքանչյուր լավ թե վատ բան, նախընտրական բանավեճի ինստիտուտը չկարևորելը ևս իր արմատներն ունի: Ինչպես պատմում են լրագրողները՝ 1991թ. իր մրցակիցների հետ հրապարակային բանավեճից հրաժարվեց նաև այսօրվա ամենաընդդիմադիր ուժի ղեկավարը: Ճիշտ է, այդ տարին նա, միևնույն է, ընտրվեց, սակայն կորցրեց մեկ՝ իրեն քվեարկելու պատրաստ մեր գործընկերոջ ձայնը: «Ես չէի կարող կողմ լինել մի քաղաքական գործչի, որը արհամարհում է իր գաղափարները հրապարակավ ներկայացնելու և դրանք իր քաղաքական մրցակիցների մոտ պաշտպանելու անհրաժեշտությունը»,- իր քայլը բացատրեց մեր գործընկերը):

Ինչ խոսք, քաղաքական բանավեճ կազմակերպելու ժամանակ ԵՄԱ-ն դրական փորձառություն էլ է ունենում. Հայաստանում կան կուսակցություններ, որոնք երկխոսության հրավեր ստանալիս պրոբլեմներ չեն ստեղծում, առավել ևս՝ արհեստական, միշտ պատրաստակամ ընդունում են հրավերը և հնարավորինս համագործակցում՝ ուղղակի և անուղղակի նպաստելով եթերում քաղաքակիրթ բանավեճի կայացմանը: Համոզվել կարելի է այցելելով ԵՄԱ հաղորդումների կայք և հետևելով «Երկրի դեմքը» հաղորդման տեսագրություններին:

Այս՝ շատ թե քիչ կայացած բանավեճերի ֆոնին, անցյալ շաբաթ ԶԼՄ-ներում հիմնականում գերիշխում էր բանավեճի գաղափարը ծաղրի ենթարկելու թեման: Ցավոք, ծաղրի ենթարկվում էր ոչ միայն գաղափարը, այլև այն թեկնածուները, որոնք առաջարկում էին բանավեճ:

Անուղղակիորեն, սակայն, բանավեճն ինքնին չկարևորելու արդյունք է նաև իշխող կուսակցության՝ ի սկզբանե հայտարարված բանավեճի մորատորիումը, իբրև թե քարոզարշավի սկզբնական փուլում կուսակցությունները նախ իրենց պետք է ներկայացնեն, հետո արդեն նստեն բանավեճի սեղանի առաջ:

Արդյո՞ք՝ քաղաքական մշակույթի այս կարևոր, կարելի է նույնիսկ ասել՝ անքակտելի բաղադրիչի նկատմամբ նման անհոգ վերաբերմունքը չի ազատում բանավեճի հրավեր ստացածների ձեռքերը՝ մրցակիցների մասին ամենավիրավորական արտահայտություններով հանդես գալու, իսկ հենց այդ նույն մրցակիցների համոզմամբ, նաև իրենց և իրենց համակիրների նկատմամբ հարձակումներ կազմակերպելու և իրականացնելու:

Թե չէ ինչու՞ հարձակման ենթարկվեցին հենց նույն՝ մրցակիցներին քաղաքակիրթ բանավեճի հրավիրած թեկնածուները:

Ինչպես արդարացիորեն նկատում է բռնության ենթարկված թեկնածուներից մեկը, «նախորդ խորհրդարանական ընտրություններին նման միջադեպեր կատարվում էին ընտրությունների օրերին, իսկ այս անգամ՝ ընտրական շրջանում»:

Փաստորեն այսպիսով ոչ թե պարզապես մերժվում է բանավեճի հրավերը, այլ ամրագրվում է նախընտրական բանավեճի նոր ձևաչափ:

Trackbacks/Pingbacks
  1. […] Ամփոփագիրն արդեն արձանագրել է պատգամավորության թեկնածուների, կուսակցությունների` […]

  2. […] ընտրությունների կապակցությամբ ԵՄԱ Ամփոփագիրն արդեն արձանագրել է պատգամավորության թեկնածուների, կուսակցությունների` […]

Leave a Reply