ՍԻՐԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ՄԵՋ ԵՎ ՈՉ ԹԵ…

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է տասից ավելի լրագրող, մի մասը` կուսակցական ցուցակներով, մյուսը` ինքնառաջադրմամբ:Այդ կապակցությամբ բուռն քննարկումներ ծավալվեցին հասարակության մեջ:

Մոռացվեցին մնացած բոլոր մասնագիտությունները: Առաջին հայացքից լրագրողական համայնքը գուցե նեղանալու տեղ ունի. ինչո՞ւ չի վիճարկվում այլ մասնագիտությունների տեր անձանց` խորհրդարանում հայտնվելու նպատակահարմարությունը: Բայց սա` առաջին հայացքից…

Լրատվամիջոցներըում հայտնվեցին կարծիքներ` լրագրողական և քաղաքական գործունեության համատեղելիության մասին ընդհանրապես և կոնկրետ դեպքերի շուրջ` մասնավորապես:

Առաջադրված լրագրողներն իրենք հիմնականում այն միտքն էին հայտնում, որ այդ երկու գործունեությունները համատեղել չի կարելի:  «Կարծում եմ, որ միաժամանակ լինել քաղաքական գործիչ և մնալ լրագրող` կոռեկտ չէ: Ընթերցողն այլևս չի կարող ինձ ընկալել որպես անաչառ լրագրողի: Այսինքն այդ պարագայում պրոֆեսիոնալ սկզբունքների և ընթերցողի հանդեպ ազնիվ չեմ լինի»,- մամուլում հայատարարեց առաջադրված լրագրողներից մեկը:

Լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ հիմնականում նույն կարծիքին են:  Ինչ խոսք, կան նաև տրամագծորեն հակառակ կարծիքներ:

Այստեղ էականը փաստորեն այն է, որ օրենսդրությամբ դա չի արգելվում, և լրագրողը և լրատվամիջոցն են որոշում` ինչպես վարվել: Իսկ վերջիններս այնպիսի մի «օրենսդրություն» ունեն, որ եթե անգամ` չգրված, այն շատ ավելի պարտադիր պիտի լինի պրոֆեսիոնալների համար: «Լրագրողը պետք է ազնիվ լինի ընթերցողների հետ, իսկ այս պարագայում շահերի բախումն անխուսափելի է, և սա անընդունելի է լրագրողական էթիկայի տեսանկյունից»,- կարծում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը:

Առաջադրված լրագրողները խոսեցին նաև իրենց դրդապատճառներից, որոնք ինչ-որ տեղ արդարացման պես էին հնչում:

Մեկին հետաքրքրում են ընտրական տեխնոլոգիաները:Մյուսը պարզապես տարիներով իրացնելով իր ընտրելու իրավունքը, որոշել է օգտվել նաև ընտրվելու իր Սահմանադրական իրավունքից: Երրորդը գտնում է, որ իր երեխայի համար ավելին կարող է անել, քան միայն մայրական խնամքն ու հոգատարությունը:Իսկ չորրորդը «ոչ այնքան ուզում է պատգամավոր ընտրվել…, որքան պատգամավոր ընտրելու հնարավորություն ստեղծել Քաղաքացու համար»:

Այս կերպ պատգամավորության թեկնածու լրագրողները արդարանում էին, թե ոչ՝ այլ հարց է, սակայն, այս աժիոտաժը, կարծում ենք, ևս մեկ անգամ, թեկուզ անուղղակիորեն հաստատում է այն, որ ընտրությունների վրա լրագրողները և լրատվամիջոցները հսկայական ազդեցություն ունեն: Այդ է, հավանաբար, պատճառը, որ ոչ մի այլ մասնագիտություն այսքան հետաքրքրություն չառաջացրեց, որքան լրագրողինը:

Թե չէ, ի վերջո, ովքե՞ր են լրագրողները, եթե ոչ` որոշակի մասնագիտության տեր և ՀՀ մյուս բոլոր` այլ մասնագիտության քաղաքացիների հետ նույն իրավունքներն ու պարտականություններն ունեցող մարդիկ:

Մինչդեռ, հենց այս մասնագիտությունն է, որ պետք է ապահովի այն երեք գործառույթները, որոնք նրան են վերագրվում հատկապես ընտրությունների ժամանակ:

Ընտրազանգվածին տեղեկություններ հաղորդելուց և նախընտրական քարոզչամիջոց լինելուց հետո ԶԼՄ-ները դիտվում են իբրև քաղաքացիական վերահսկողության գործիք: Իսկ վերջիններից սոցիալական ցանցերն այնպես են ակտիվացել, որ առաջիկա ընտրություններին, ունենալով այդպիսի հզոր մրցակիցներ, լրատվամիջոցները այլ ելք չեն ունենալու, քան օբյեկտիվորեն և հավասարակշռված լուսաբանելու ընտրությունները, բոլոր թեկնածուներին, կուսակցություններին և դաշինքներին նախընտրական գովազդի հավասար հնարավորություններ տալու:

Ի դեպ, վերջին պահանջը այլևս չի դրվում տպագիր լրատվամիջոցների առջև: Թեև մինչ այդ էլ այս հարցում հավասարակշռություն պահպանելը իրատեսական չէր. դժվար է պատկերացնել, թե ինչպես է ընդդիմադիր գործիչը գովազդի տեքստը ձեռքին գնում իշխանամետ թերթ՝ վճարելու դրա հրապարակման համար, կամ հակառակը:

Իսկ հեռուստաընկերությունները, օգտագործելով հանրային ռեսուրսը՝ այն է հեռարձակման հաճախականությունները, պարտավոր են պահպանելու այդ հավասարակշռությունը:

Լրագրողական համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ «այս ընտրություններում լրատվամիջոցների աշխատանքը կտարբերվի, քանի որ … շատ ակտիվ են սոցիալական ցանցերը, ամեն ինչ բաց է, և ընտրությունների նկատմամբ կլինի հասարակական վերահսկողություն»:

Այդ հասարակական վերահսկողությունը հերթական անգամ, ձևական, թե ոչ՝ դեռ կտեսնենք, կարևորում է պետությունը:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ,որը ի թիվս ընտրախախտումների փաստերի առթիվ հաղորդումների, դիտարկելու է նաև ԶԼՄ հրապարակումները: Փաստերի ստուգումից հետո տրվելու են իրավական գնահատականներ, և ամբողջ տեղեկատվությունը տեղադրվելու է դատախազության կայքում: Արդյո՞ք կշարունակվի նախորդ տարիների ավանդույթը, երբ ահազանգերը եթե ուսումնասիրվում էլ էին, դրանց տրվող իրավական գնահատականները վիճահարույց էին լինում նույն լրատվամիջոցների համար: Սա կերևա ընտրություններից հետո: Իսկ լրատվամիջոցները իրենց առաքելությունն ու գործառույթները այս ընտրություններին իրականացնելիս լավ կլինի հիշեն այն կարևորությունը, որն արտահայտվում է իրենց նկատմամբ հասարակական հետաքրքրությամբ, ու մի քիչ էլ միջազգային կազմակերպությունների գնահատականները: Ինչպես օրինակ այն, որ «հայկական ԶԼՄ-ները միշտ չէ, որ օբյեկտիվորեն են լուսաբանում ընտրությունները»:

2 մեկնաբանություն 'ՍԻՐԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ՄԵՋ ԵՎ ՈՉ ԹԵ…'

  1. Naira says:

    Ankax masnagitutyunic bolorn el iravunq unen arajadrvelu patgamavor u da normal piti yndunvi, karevory nranc mardkayin u masnagitakan voraknern en. Azniv, hetevoxakan, ankashar lragroxy hrashali patgamavor karox e linel, bayc hamadzayn em, vor erkusy hamatexel chi kareli. Karevory irenc npataky azniv lini, anen hanun erkrum inch vor ban depi lavy poxelu, voch te andznakan shahi hamar. Tepet im kartsiqov lragroxy shat aveli azdetsik karox e linel ir grichov….

  2. Մարիամ says:

    Իհարկե, ճիշտ է, որ լրագրողի մասնագիտությունը մեկն է մնացած բոլոր մասնագիտությունենրից, բայց երեւի ի տարբերություն մնացածի,շարունակաբար քաղաքական իրավիճակներին անդրադառնալով` նաեւ կարողանում է որոշակի ազդեցություն ունեալ այդ քաղաքականության վրա: Մյուս կողմից, խորհրդարանում հատնված կամ հայտնվելու ցանկություն ունեցող լրագրողների մեծ մասը առանց դրա էլ երկար ժամանակ քաղաքականության մեջ են ու շատ պատգամավորներից ավելի լավ են պատկերացում քաղաքական իրողությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.