ՄՏԱՀՈԳՎԵՆՔ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ

Անցյալ հոկտեմբերին «Ինչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» խորհրդաժողովի մասնակիցներից մեկը դժգոհեց, թե անընդհատ կատարվում են ընտրությունների մշտադիտարկումներ, բայց ոչինչ չի փոխվում դրանից, ընտրություններն ավելի արդար և թափանցիկ չեն դառնում: Հետևաբար ինչի՞ համար են դրանք:

Այս «մտահոգությունը» հնչում է հնարավոր բոլոր տեղերում, որտեղ խոսվում է մշտադիտարկումների մասին ընդհանրապես:

Այս «մտահոգության» թաքնված, իսկ երբեմն էլ բացահայտ ենթատեքստն է լինում հետևյալը՝ բոլոր այն միջազգային կառույցներն ու կազմակերպությունները, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում մոնիտորինգային նախագծերին, բացառապես մտահոգ են և առաջնորդվում են նախագիծ իրականացնող կազմակերպության աշխատակազմի համար զբաղվածություն և աշխատավարձ ապահովելով:

Իսկ մեկ այլ՝ թերևս պակաս էժանագին «մտահոգությունն» այն է, որ միջազգային կազմակերպությունները ուշադիր են լինում նման հետազոտությունների արդյունքների նկատմամբ: Այսպիսի մի դեպքում, օրինակ, իշխանության ներկայացուցիչները՝ մտահոգվելով, որ  հետազոտությունների արդյունքները կարող են ազդել ընտրությունների վերաբերյալ դիտորդների գնահատականների վրա, «միջազգային պաշտոնյաների և լրագրողների հետ զրույցներում անուղղակիորեն նշում են …հետազոտության արդյունքների «ոչ օբյեկտիվությունը»: 2007թ. ԵՄԱ-ն և նրա գործընկեր «ԹԻՄ»-ը հանդես եկան իրենց՝ աչառու լինելու մասին ակնարկների հերքմամբ և դիտարկման բաց փորձաքննության առաջարկությամբ: Այդպիսին չանցկացվեց:

Եվ այսպես, Հայաստանում հերթական ընտրություններն են, և ընտրություններից առաջ պատգամավորության թեկնածուները և կուսակցությունները ակտիվանում են: Սակայն՝ ոչ միայն նրանք:

Նրանց հետ ակտիվանում են նաև նախընտրական քարոզարշավը հսկողները: Եվ դարձյալ հսկվում է ոչ միայն քարոզարշավը, այլև` թե ինչպես են այն լուսաբանում լրատվամիջոցները:

Անցյալ շաբաթներին Երևանի մամուլի ակումբն արդեն ներկայացրել է 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իր կատարած 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում լուսաբանման մշտադիտարկման (որն, ի դեպ, անցկացվել է առանց աջակցության, սեփական նախաձեռնությամբ) և ՀՀ 2012 խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ (մարտի 1-10) հաշվետվությունները:

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ մոնիտորինգի կենթարկվի նաև տպագիր մամուլը:

Եվ հեռարձակվող, և տպագիր լրատվամիջոցների մոնիտորինգների արդյունքները ներկայացվում են և ներկայացվելու են կամ տասնօրյա, կամ շաբաթական կտրվածքով:

Ինչ խոսք, ժամանակահատվածը դեռևս կարճ է ՝ հեռուն գնացող եզրակացություն անելու համար (մասնավորապես ԵՄԱ մշտադիտարկումն սկսել է 2012թ.  մարտի 1-ից), սակայն արդեն իսկ միտումներ են ուրվագծվում, որոնք հետագա վերլուծության ենթարկվելու և ամբողջական պատճառների վերհանման դեպքում հասարակությանը եզրակացություններ անելու տեղիք պիտի որ տան:

Եվ այսպես, ԵՄԱ միջանկյալ հաշվետվությունը ցույց է տալիս, որ «Այս տարի լուսաբանումն ավելի քաղաքակիրթ ձևով է իրականացվում»:

Դրա պատճառների մեջ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը տեսնում է այն հանագամանքները, որ «ընդհանուր քաղաքական ենթատեքստը պարզ է բոլոր «խաղացողների» համար», և  որ «կարևորվում է և միջազգային կառույցների, և հայաստանյան հանրության կողմից ընտրությունների մասին ամբողջական կարծիքը»: Սրանք և «այս օրերին անցկացվող մշտադիտարկումը առավել մեծ պատասխանատվության զգացում են հաղորդել հեռարձակողներին» (հիշեցնենք, որ տպագիր մամուլի մշտադիտարկումն անցկացվելու է մարտի 12-ից, և առաջին արդյունքները դեռ ներկայացված չեն):

Կփոխվի՞, թե՞ ոչ իրավիճակը մինչև ընտրությունների վերջ, կներկայացնեն մշտադիտարկման արդյունքները, բայց ի՞նչ եզրահանգումների տեղիք է տալիս վերոնշյալ մեկնաբանությունը՝ ավելի քաղաքակիրթ իրականացվելու մասին. արդյո՞ք մշտադիտարկում իրականացնողն ավելի աչառու է դարձել: Գո՞ւցե պարզապես ֆիքսվում է այն, ինչ կատարվում է՝ անկախ դրա պատճառներից:

(Ի դեպ ԵՄԱ-ն ընտրությունների մշտադիտարկում անցկացնում է 1996թ. ընտրություններից սկսած: Եվ թե ինչ հսկայական փաստական նյութ է հավաքվել այս ընթացքում, կարելի է ծանոթանալ մեր կայքում):

Տարիներով կատարվող մշտադիտարկումները մեկ այլ՝ հարակից արդյունք էլ ունեցան. այսուհետև մշտադիտարկում կիրականացնի վերջապես նաև պետությունը՝ փաստորեն ընդունելով դրա կարևորությունը (Ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխությունն էլ իրականացվել է, ի դեպ, հասարակական կազմակերպությունների առաջարկությամբ): Անցյալ շաբաթ հանրությանը ներկայացվեց նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձանժողովի կողմից առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռուստա- և ռադիոընկերությունների կողմից թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին  մասնակցող կուսակցությունների, դաշինքների համար հավասար պայմաններ ապահովելու գնահատման մեթոդաբանությունը:

Հետաքրքիր կլինի ՀՌԱՀ և հասարակական կազմակերպությունների անցկացրած մշտադիտարկումների արդյունքների համադրումը, երբ այս տարվա մայիսի 6-ն անցած լինի:

Դրանք պետք է որ լինեն փաստեր, որոնք որոշակի օրինաչափություններ են ցույց  տալիս, կամ շեղումներ՝ դրանցից: Փաստերի տակ սովորաբար պատճառներ և գործոններ են լինում:

Հետևաբար և ի՛նչ հսկայական նյութ՝ մշակելու և աշխատելու համար, որպեսզի մի օր մեր ընտրությունները լինեն արդար և թափանցիկ: Եվ դրա համար ամենևին էլ պարտադիր չէ միջազգային կազմակերպություն լինել: «Արդարն ու թափանցիկը» մեզ էլ պետք կգա:

One Response to 'ՄՏԱՀՈԳՎԵՆՔ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ'

  1. Մարիամ says:

    Ճիշտն ասած` մեկ-մեկ մշտադիտարկման հետեւից ընկած` ստիպված ես լինում լուսաբանել ընենց թեկնածուների կամ քաղաքական ուժերի, որոնց անունները հասարկությանը ծանոթ չեն ընդհանրապես, բայց պետք ա լուսաբանել` հավասարությունը ապահովելու համար:Անցյալի փորձը ցույց ա տալիս, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մշտադիտարկումը հեռուստաեթերում կարող ա ինչ-որ պատկեր փոխել, այլ ա նախագահական ընտրությունների պարագան: Էս դեպքում ուզում ես մշտադիտարկում իրականացրում, ուզում ես` մի իրականացրու, միեւնույն ա, թեկնածուներից հատկապես մեկը հատկապես շատ ա քարոզվելու` բոլոր ալիքներով:

Leave a Reply to Մարիամ Cancel reply

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.