«ՀԵՏԸՆԹԱՑ», ՈՐ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳԻՆ ՈՒՆԻ

Կամ գարնանային մաքրություն՝ սեփական ուժերով

Անցյալ ամսվանից հայ լրագրության պատմության համար նոր միտումների սկիզբն ամրապնդվեց. վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումից հետո լրատվամիջոցների դեմ դատական արշավանքն ավելի հանդարտ հուն է մտնում:

Հայցվորները հաշտվում են լրատվամիջոցների հետ, որոնց դեմ դատական հայց էին ներկայացրել, դատարանը մերժում է լրատվամիջոցի դեմ հայցը: Եվ նույնիսկ պետական պաշտոնյան միջնորդում է, և հայցվորը հրաժարվում է լրատվամիջոցի դեմ դատական հայցից և դրամական պահանջից: Եվ սա դեռ ամենը չէ. նույն պաշտոնյան բանակցությունների մեջ է մեկ ուրիշ հայցվորի հետ՝ վերջինիս հաշտեցնելու լրատվամիջոցի հետ:

Ուշագրավ է վերջին դեպքում հայցից հրաժարվելու դրդապատճառի ձևակերպումը՝ «արժևորելով մամուլի զարգացումը որպես ժողովրդավար պետության կերտման կարևոր բաղադրիչ»:

Եթե նույնիսկ թերահավատ լինենք ձևակերպման անկեղծությանը, միևնույն է, հզոր փաստարկ է, և հետագա նահանջի տեղ չի թողնում ոչ միայն այս, այլև ներկա ու ապագա շատ ու շատ հնարավոր հայցվորների համար, որոնք դատարան կդիմեն լրատվամիջոցի դեմ:

Բնավ չի բացառվում, որ այս «հետընթացը», որն իրականում առաջընթաց է, պայմանավորված է մեր իշխանավորների հետ եվրոպական կառույցների «բացատրական աշխատանքով», որ «նման քաղհայցերն ազդում են Հայաստանի միջազգային վարկանիշի վրա»:

Սակայն գործընթացը չի կարող մամուլում հնչած մեկ ու միակ այս գործոնով պայմանավորված լինել:

Եվրոպական կառույցների ազդեցությունը պետք է որ ավելի տեսանելի լինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) արդեն իսկ կայացրած բազմաթիվ որոշումներում, որոնք կարող են ուղենիշ լինել Հայաստանի դատարանների համար:

Այլ գործոններ էլ կան, և չարժե թերագնահատել դրանք հենց միայն նրա համար, որ դրանք մերն են՝ այսպես կոչված՝ ներքին:

Չի բացառվում, որ արտաքին ազդակներն էլ ակտիվացել են վերջինների շնորհիվ:

2011թ. նոյեմբերի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» (1087.1) հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, կայացրեց որոշում:

Այս որոշումը արժանացավ ոչ միանշանակ վերաբերմունքի մեր գործընկերների կողմից. հավանաբար այն պատճառով, որ չարդարացան հոդվածը հակասահմանադրական տեսնելու սպասումները: Սակայն այդ որոշումով ամրագրվեցին մի քանի սկզբունքներ, որոնք կարևոր էին Օրենսգրքի իրավակիրառ պրակտիկայի համար:

Մասնավորապես ՍԴ-ն ամրագրեց , որ «արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանված լինի օրենքով, ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին եւ լինի անհրաժեշտ տվյալ շահն ապահովելու համար»:

Մենք առանձնացնում ենք նաև հետևյալ դրույթը.«Արատավորող արտահայտությունների արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը»:

Եվ որ ամենակարևորներից է. «Վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար»:

Հայաստանյան լրատվական դաշտում կարելի է թերագնահատել նաև 2011թ. մայիսին ստեղծված Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) դերը, որի գործառույթը փորձագիտական եզրակացություններ տալն է հենց վիրավորանքի, զրպարտության, մասնավոր կյանքի և տեղեկատվության ազատության խնդիրներին վերաբերվող դատական գործերի կապակցությամբ:

Ի դեպ, 2012թ. փետրվարի 15-ին հաշտությամբ ավարտված գործերից մեկով՝ Ռ. Քոչարյանն ընդդեմ «Հրապարակի», ՏՎԽ-ն իր եզրակացությունը  տվել էր դեռևս 2011թ. մայիսին: Համաձայն այդ եզրակացության, հոդվածի՝ ՀՀ երկրորդ Նախագահի կողմից վիճարկվող արտահայտությունները գնահատողական դատողություններ են, իսկ վիճահարույց արտահայտությունների մասով պատասխանող կողմ հանդիսացող լրատվամիջոցի արտահայտվելու ազատության իրավունքի իրականացմանը  միջամտության անհրաժեշտությունը կախված կլինի պատասխանողի կողմից ներկայացվելիք հիմնավորումներից:

Իսկ ի՞նչ եղավ հաշտության արդյունքում. պատասխանողը երեք օրվա ընթացքում տպագրեց հերքում, որում ընդունեց , որ վիճահարույց հոդվածում բերված բոլոր փաստերն ամբողջությամբ  չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Ռ. Քոչարյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը:

Այսինքն պատասխանողը չներկայացրեց այնպիսի հիմնավորումներ, որպեսզի նրա արտահայտվելու ազատության իրավունքի իրականացման միջամտության անհրաժեշտությունը չլիներ:

Ուրեմն պետք է փնտրել ու գտնել առնվազն տասը տարբերություն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. փետրվարի 15-ի վճռի և ՏՎԽ 2011թ. մայիսի 31-ի եզրակացության միջև:

Կարելի է վերապահումներ անել, որ սրանք պատահական համընկնումներ են:

Այդ դեպքում գուցե կարիք կա, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի մեկնաբանությունը, հղումներ կատարելով ՄԻԵԴ նախադեպային վճիռներին՝ իր իրավասությունների շրջանակում պատրաստի այնպիսի մի փաստաթուղթ, որում ամենատարբեր դեպքերի համար տրված կլինեն ուղենիշներ, որոնք պարտադիր կլինեն մեր դատարանների համար՝ համանման դեպքերում վճիռներ կայացնելիս:

2 մեկնաբանություն '«ՀԵՏԸՆԹԱՑ», ՈՐ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳԻՆ ՈՒՆԻ'

  1. Naira says:

    Bnakanabar xosqi azatutyuny pashtpanox orenqnery mijazgayin chapanishnerin hamapatasxan piti linen, hstak dzevakerpumnerov, voch te ays kam ayn naxagahi kam pashtonyayi uzatsov. Bayc myus koxmic el mer lragrutyunn el piti ed nuyn mijazgain chapanishnerin hamapatasxan lini, vor mi ban greluc araj, vstah linen karox en ayn pashtpanel. Te che kareli e sensaciayi hamar mi ban grel u hajord ory herqum hraparakel, bayc im karciqov da lurj lragrutyun che.

  2. Մարիամ says:

    Երեւի պիտի մի հատ վիճակագրություն ներկայացնել, թե վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացումից հետո ընդդեմ լրատվամիջոցների ներկայացված հայցերը ինչ ավարտ են ունեցել: Լրագրության մեջ որեւէ որակական փոփոխություն դրա արդյունքում եղել ա թե: Հետո, եթե չեմ սխալվում` լրագրողներից բացի` էլ են չէ մեկ-մեկ իրար զրպարտում ու վիրավորում: Առջեւում ընտրություններն են. հետաքրքիր ա` ապաքրեականացումը կզսպի մեր քաղաքական գործիչներին` միմյանց մասին արտահայտվելիս զգույշ ու բարեկիրթ լինել:

Leave a Reply