ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ՆՈՐ ԳՆԵՐԸ

Գները` նոր, միտումները` հի՞ն

Անցյալ շաբաթ, համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, երկրի մասնավոր և հանրային հեռուստաընկերությունները հայտարարեցին մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում քաղաքական գովազդի իրենց սակագները:

Այս անգամ Ընտրական օրենսգրքի այն հոդվածը, որի պահանջով վճարովի եթերաժամանակի մեկ րոպեի գինը չի կարող գերազանցել մինչև ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը, բավական տարբերություններ է մտցրել մասնավոր հեռուստաընկերությունների հայտարարած սակագների միջև: Փաստորեն դրանով քիչ թե շատ հավասար հնարավորություններ կտրվեն քաղաքական բոլոր ուժերին` օգտվելու վճարովի եթերաժամանակից: Տարբերություններ կան նաև նախորդ ընտրությունների գների համեմատությամբ:

Դեռևս 2007թ. մայիսի 12-ին նախատեսված  խորհրդարանական ընտրություններից առաջ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը իր հաշվետվության մեջ հիշեցրեց նախորդ` 2003թ. ընտրությունների ժամանակ քաղաքական գովազդի բարձր գների մասին: Սահմանելով բարձր սակագներ, հատկապես մասնավոր հեռուստաընկերությունները չէին ապահովել  թեկնածուների համար հավասար մատչելիություն և ցուցաբերել էին կողմնակալություն: Հետագայում, ինչպես ցույց տվեցին 2007-ի ընտրությունները, արդարացվեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հաշվետվության մեջ տեղ գտած այն մտահոգությունները, թե այս ամենը կարող է կրկնվել:

Մասնավորապես «Հայաստանի ԶԼՄ-ներում 2007թ.- ՀՀ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման դիտարկում» հետազոտությունը արձանագրում է, որ ինչպես 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում, հեռուստաեթերում քաղաքական քարոզչության սահմանափակ հնարավորությունները պայմանավորված էին քաղաքական գովազդի բարձր գներով, որոնք հաճախ ավելի բարձր էին, քան առևտրային գովազդինը: Մի շարք հեռուստաընկերություններ ընդհանրապես օրենքով նախատեսված ժամկետում չէին հայտարարել քաղաքական գովազդի իրենց սակագները:

Այս երկու պատճառներով պայմանավորված` մեծ թվով հեռուստաալիքների երեկոյան եթերում նախընտրական քարոզարշավի ժամանակ ամբողջությամբ բացակայել է քաղաքական գովազդը: Որոշներում  այն դիպվածային բնույթ է կրել:

Ի դեպ, այն հեռուստաընկերությունները, որոնք օրենքով նախատեսված ժամկետում չէին հայտարարել քաղաքական գովազդի իրենց սակագները, միևնույն է, առևտրային  գովազդի բլոկներում տարածում էին հայտարարություններ նախընտրական միջոցառումների մասին, ինչը ևս քաղաքական գովազդ է և ոչ` առևտրային , ինչպես փորձ էր արվում ներկայացնել:

Այս ամենը յուրօրինակ դեժավյու է:

Գովազդի գներին դեռ կանդրադառնանք, սակայն այս անգամ էլ մի քանի հեռուստաընկերություններ կամովին (՞) հրաժարվեցին (՞) նախընտրական շրջանում իրենց բյուջեները համալրելու հնարավորությունից: Նրանք պարզապես հայտարարեցին, որ իրենց եթերը չեն տրամադրում նախընտրական քարոզարշավի համար: Ընդ որում, դրանց թվում կան և մայրաքաղաքային , և մարզային մասնավոր հեռարձակողներ:

Մի՞թե մեր փոքրիկ գովազդային շուկայում այդքան շատ են վաստակելու միջոցները, որ կարելի է հրաժարվել խորհրդարանական ընտրությունների ընձեռած հնարավորությունից: Տեսնես` վաստակելու ուրիշ ի՞նչ հնարավորություն կարող են ունենալ լրատվամիջոցները, եթե ոչ` գովազդից: Այն էլ նախընտրական շրջանում:

Աչքի անցկացնելով այս նախընտրական շրջանի գները, կարելի է եզրակացնել, որ մի քանի լրատվամիջոցներ պետք  է որ կարողանան լուրջ գումարներ աշխատել հենց ցածր` համեմատության մեջ, գների հաշվին: Ինչ խոսք, այդ գները ձևավորվել են ավելի շուտ օրենքի թելադրանքով, քան սեփական բարի ցանկությամբ, և ավանդաբար առաջատար համարվող ընկերությունները միևնույն է, բարձր գներ են առաջարկում: Այնուամենայնիվ, հետաքրքիր կլինի ընտրություններից հետո դիտարկել, թե իրենց շահույթի որ մասի չափով քաղաքական գովազդից վաստակեցին ամենաբարձր և ամենացածր սակագներ առաջարկող հեռուստաընկերությունները:

Ի դեպ, Հանրային հեռուստաընկերության եթերում վճարովի քաղաքական գովազդի մեկ րոպեն արժե 80 հազար դրամ, Հանրային ռադիոյում` 3 600 դրամ:

Մասնավորներ հեռուստաընկերությունների գները տատանվում են` 120 հազարից («Շանթ») 18 հազար դրամի («Արմնյուզ»)  միջև: Սրանց միջև են «Արմենիան»` 110 հազար, Հայկական երկրորդ հեռուստաալիքը`30-60 հազար, «Երկիր մեդիան»` 36 հազար, «Կենտրոնը»` 32,400: Մարզայինների գները` 6000-ից 10 000 դրամ են:

Անցյալ գրեթե բոլոր համապետական ընտրություններում քաղաքական գովազդի բարձր գները կամ քաղաքական քարոզարշավին եթեր տրամադրելուց հրաժարվելը, «Հայաստանի ԶԼՄ-ներում 2007թ.- ՀՀ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման դիտարկում» հետազոտության համաձայն, բացասաբար են անդրադարձել ընդդիմադի՛ր կուսակցությունների վրա, քանի որ իշխանամետները ունեն հեռուստաեթերն օգտագործելու այլընտրանքային հնարավորություններ:

Ավելի տխուր է եղելԴիտարկման եզրակացությունը` սա ևս, ի թիվս դիտարկումների արդյունքում կատարված որոշ բացահայտումների, «հիմք է տալիս խոսելու ողջ հեռարձակման ոլորտում համաձայնեցված կամ եթե կուզեք` կառավարվող քաղաքականության մասին»:

 Ինչպիսին է լինելու այս ընտրություններում հեռարձակման քաղաքականությունը` համաձայնեցված, կառավարվող, թե… սեփական` յուրաքանչյուր հեռարձակողի դեպքում, ցույց կտան ոչ այնքան սակագները, որքան` նախընտրական քարոզարշավն ընդհանրապես:

2 մեկնաբանություն 'ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ՆՈՐ ԳՆԵՐԸ'

  1. Աղավնի says:

    Իսկապես պետք է համաձայնել, որ սակագների սահմանումը առանձնակի չի որոշում, թե որ լրատվամիջոցն ինչ “կմատուցի” իր լսարանին կամ ընթերցողին:

  2. Մարիամ says:

    Հետաքրքիրն էն ա, որ օրենքով քաղաքական գովազդի կարգավորումը պիտի ինչ-որ չափով հավասար պայմաններ ստեղծեր թե գովազդողի` հեռուստաընկերությունների, թե ` քաղաքական ուժերի համար, բայց ակնհայտ ա, որ այդ հավասարությունը չի լինելու: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ բացի քաղաքական գովազդի սահմանված րոպեներից ու գներից` քաղաքական ուժերը հեռուստաընկերություններով իրենց գովազդելու էլի ուրիշ հնարավորություններ են ունենալու. մասնակցելու են հազար ու մի հաղորդումների`ժամանցային, բանավեճեր, լինելու են լրատվական թողարկումների մեջ: Էս դեպքերում արդեն գները որոշողը լինելու են միայն հեռուստաընկերությունները` առանց որեւէ վերահսկողության, ինչը նշանակում ա, որ դրանցից օգտվելու են հատկապես ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող քաղաքական ուժերը:

Leave a Reply