ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

newspapers_coverՀայաստանի մեդիա դաշտում կլիմայի փոփոխության անհանգստացնող նշաններ են նկատվում

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի վերլուծական հոդվածը հրապարակվել է Հարավային Կովկասում կատարվող կամ այդ տարածաշրջանի համար կարևոր իրադարձությունների լուսաբանմանը նվիրված, վեց լեզուներով թողարկվող JAMnews վեբ-պորտալում:

Առավել խնդրահարույց երկրներում լրագրողների հանդեպ հետապնդումների աճի և Եվրամիության անդամ երկրներում մեդիա օրենսդրության սկանդալային փոփոխությունների ֆոնին` Հայաստանը խոսքի ազատության առումով անվտանգ ծովախորշ է թվում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այստեղ վաղուց ոչինչ չի փոխվում ո՛չ դեպի լավը, ո՛չ դեպի վատը: Հեռուստատեսությունը, որպես տեղեկատվության գլխավոր աղբյուր, շարունակում է քաղաքական աչալուրջ վերահսկողության տակ մնալ, ռադիոն խրվել է երաժշտական-ժամանցային ձևաչափում, անկախ հետաքննական լրագրությունը կարողանում է գոյությունը պահպանել բացառապես արտասահմանյան դրամաշնորհների հաշվին: Փոխարենը՝ առցանց և տպագիր մամուլի ազատությունը` ոչինչ, բացի սեփական ֆինանսական հնարավորություններից, չի սահմանափակում: Չկան ճաղերի հետևում կամ դրամական տուգանքների ծանրության տակ հայտնված լրագրողներ: Եվ նույնիսկ «եվրասիական քամիները», որոնցից ժողովրդավար հանրությունը զգուշանում էր ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, հայաստանյան այդ ծովախորշի թվացյալ անդորրը չխաթարեցին:

Սակայն մթնոլորտային տատանումների հանդեպ զգայուն դիտորդները չեն կարող չնկատել կլիմայի փոփոխության մտահոգիչ նշանները: Այդ առումով խորհրդանշական էր Հայկական բանակի օրը՝ հունվարի 28-ին կայացած միջոցառման ժամանակ հայկական իշխող շրջանակների ներկայացուցիչների արձագանքը լրագրողների անհարմար հարցերին: «Զզվանքս գալիս ա», – այսպիսի «վերամբարձ» խոսքերով ամփոփեց իր անցումը լրագրողների շարքերի միջով ԱԱԾ տնօրեն (փետրվարի 12-ից նշանակվել է նախագահի խորհրդական) Գորիկ Հակոբյանը՝ ի պատասխան իր ղեկավարած կառույցում սպասվելիք փոփոխությունների մասին հետաքրքրվողներին: Իսկ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, հրաժարվելով մեկնաբանել իրեն վարկաբեկող ասեկոսեները, որևէ այլ փաստարկ չգտավ, քան լրագրողներին հայտարարելը. «Դու հանրության ներկայացուցիչ չես…» (իմա՝ «ես պարտավոր չեմ ձեզ ոչինչ բացատրել»):

Այս դրվագներով տեսանյութերը լայն տարածում գտան վիրտուալ տարածքում՝ առաջացնելով մի շարք արձագանքներ: «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը փորձեց լրագրողների հետ հոգևոր հովվի և ուժային կառույցի ղեկավարի «բարձր մակարդակի հարաբերությունների» էությունը բացատրել իր խմբագրականում. «Նրանք վստահ են, որ բոլոր լրագրողները «ոտի տակ ընկնող», «շառ անող», «պատվերով գրող» ինչ-որ կասկածելի անձնավորություններ են, որոնց անհասկանալի պատճառներով պետք է հանդուրժել»: Քննադատության հանդեպ ուժեղացող իմունիտետն ու հեղինակազրկման ռիսկերի անտեսումն ավելի ու ավելի բնորոշ են դառնում իրենց երկրի տերը համարող բարձրաստիճան պաշտոնյաներին և օլիգարխներին, որոնք հիմնականում նույն դեմքերով են ներկայանում: Տարբեր ասպարեզներում նրանց մասնավոր շահերը և փոփոխություններին ընդդիմանալը միշտ էլ զարգացմանը խոչընդոտող գործոններ են եղել, այդ թվում նաև՝ մեդիա ոլորտում: Ընդ որում, հենց միջազգային հեղինակությունը պահելու մտահոգությունն էր, որ ստիպում էր պաշտոնական Երևանին՝ ինչ-որ հարցերում զիջումների գնալ քաղաքացիական հասարակության և իրենց իրավունքները պաշտպանող լրագրողների պահանջներին:

Որպես արդյունք՝ 1990-ականների վերջին հաջողվեց կանխել պետական հեռարձակողի պահպանումը, որն, ըստ խորհրդարանում առաջին ընթերցումն անցած օրինագծի, պետք է համագոյակցեր ստեղծվող՝ «դե- յուրե» հանրային հեռուստաընկերության հետ: Հետագայում չեղարկվեց ԶԼՄ-ների պարտադիր գրանցումը, հետ մղվեցին համացանցի ազատության դեմ ոտնձգություններն ու ոչ լոյալ մամուլի վրա դիֆամացիոն հայցերով ճնշում գործադրելու՝ իշխանամերձ ուժերի փորձերը:

Վերջերս տեղի ունեցած նշանակալի հաջողությունը Սահմանադրական դատարանի 2015թ. հոկտեմբերի 20-ի որոշումն էր, որը դադարեցրեց տեղեկատվության աղբյուրների պաշտպանության սկզբունքի կամայական մեկնաբանումը քննչական և դատական մարմինների կողմից: Սա հազիվ թե տեղի ունենար, եթե չլիներ լրատվամիջոցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների և, առաջին հերթին, ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով գրասենյակի միասնական դիրքորոշումը:

Նման փոխզիջումների շնորհիվ Հայաստանում տեղեկատվական իրավիճակը վարկանիշային տարբեր հետազոտությունների կողմից (Freedom House, «Լրագրողներ առանց սահմանների») գնահատվում է որպես շատ ավելի բարենպաստ, քան հետխորհրդային երկրների մեծ մասում, մասնավորապես ԵԱՏՄ գործընկերային պետություններում:

Վերջերս երկրի ղեկավարության հասցեին հնչող՝ սահմանները չանցնելու արտաքին և ներքին կոչերը սկսել են ավելի մեծ դժվարությամբ հասնել թիրախին: Դրա պատճառը նաև Հայաստանի ինտեգրացիոն վեկտորի ընտրությունն է, և նոր աշխարհաքաղաքական իրողություններում արևմտյան գործընկերների հանդուրժողականությունը Երևանի՝ ժողովրդավարական չափանիշներից հեռանալու հանդեպ:

2015թ. հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողներին ցրող իրավապահ մարմինների գործողություններից տուժեցին նաև լրագրողները:

Հասցված վնասվածքներից բացի, միտումնավոր վնասվել էր խմբագրական տեխնիկա և հիշողության կրիչներ: Սակայն հատկանշական է, որ հարյուր հիսունից ավելի ակտիվիստների և լրագրողների հանդեպ ոչ համարժեք ուժի կիրառման վերաբերյալ հարուցված գործերը վարում էր ընդամենը մեկ քննիչ:

Միայն լրագրողական և միջազգային կազմակերպությունների միջամտությունից հետո՝ երեք ամիս անց, հատուկ քննչական խումբ ստեղծվեց: Սակայն մինչև հիմա նույնիսկ ոչ բոլոր տուժածներից է ցուցմունք վերցվել: Հետաքննության ընթացքը ավելի ու ավելի քիչ կասկածների տեղ է թողնում. Հերթական անգամ, ո՛չ մի ոստիկան և ո՛չ մի պաշտոնյա պատասխանատվություն չի կրելու լիազորությունների չարաշահման և լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար:

Նորույթն այստեղ այն է, որ նախորդ տարիների նմանատիպ դեպքերի համեմատ՝ այս անգամ իրավապահ մարմինների ապօրինի գործողությունների և նրանց կողմից տրված հրահանգների գրեթե բոլոր դրվագները կարելի է տեսնել լուսանկարներում, տեսանյութերում, որոնք տարածված են համացանցում: Ընդ որում, որոշակի դեմքեր, այդ թվում նաև՝ բարձրաստիճան պաշտոնյաների, բավականին հեշտ է նույնականացնել: Նշանակում է, որ իշխանության կողմից հանցագործությունների քողարկումը և նրանց կողմից վերահսկվող հետաքննությունը կպահանջի ցինիզմի առանձնահատուկ աստիճան: Գրեթե այնպիսին, ինչպիսին դրսևորվեց 2015թ. ավարտին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու ժամանակ: Կառավարության և Ազգային ժողովի տրամադրության տակ էր անկախ փորձագետների խմբի ներկայացրած օրինագիծը, որը մշակվել էր 2010 թվականին և տարբեր ձևաչափերում բավականին շատ քննարկվել, ինչպես նաև ստացել ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի դրական գնահատականը: Արդյունքում՝ օրինագիծն անտեսվեց: Եվ ինչպես բոլոր ամոթալի գործողությունների դեպքում, ամեն ինչ կատարվեց շատ արագ և գաղտնիության պայմաններում: Երկու օրվա ընթացքում կառավարությունից խորհրդարանի քննարկմանն ուղարկվեց և երկու ընթերցմամբ քվեարկվեց մեկ այլ օրինագիծ, որը մինչ այդ հեղինակներից և անմիջական պատվիրատուներից զատ՝ ոչ ոք չէր տեսել:

Քանի որ քվեարկության հապճեպությունը հիմնավորվեց թվային հեռարձակմանն անցնելու անհրաժեշտությամբ (թե ինչով էր զբաղվում կառավարությունը 2006թ.-ից, երբ համապատասխան ռազմավարության մշակման վրա տասնյակ հազարավոր դոլարներ էր ծախսվել, մնում է որպես հռետորական հարց), բաց թողնենք փաստաթղթում առկա այլ անհեթեթություններն ու անցնենք գլխավորին: Միջազգային նորմերով՝ համապատասխան անալոգային հեռարձակման ամբողջական դադարեցման և միևնույն ժամանակ մարզային հեռուստաընկերությունների մեծ մասի փակումը թույլ չտալու համար օրենքով պետք էր նախատեսել մասնավոր մուլտիպլեքս-օպերատորների կազմավորման ընթացակարգ: Այժմ նման ընթացակարգ կա, բայց…Նախևառաջ, լիցենզավորում, ըստ ընդունված օրենքի, կարող է ստանալ միայն այն օպերատորը, որը թվային ազդանշանով կարող է ապահովել երկրի ողջ տարածքը և օգտագործում է բացառապես սեփական հաղորդակցության ենթակառուցվածք: Եթե այս պահանջը վերաձևակերպենք հանրամատչելի լեզվով, դա նշանակում է, որ անալոգային անորոշության մեջ խրված մարզային հեռուստաընկերությունների ճակատագիրը կախված է միայն խոշոր ներդրողից: Իսկ փոքր ու միջին բիզնեսի համար մուտքը հայկական հեռարձակման շուկա՝ փակ է: Այլ կերպ ասած, մեդիա ինդուստրիայի նվազող եկամուտների պարագայում, երկար սպասված մասնավոր մուլտիպլեքս օպերատոր կդառնա կա՛մ հերթական մոնոպոլիստը, այսինքն ներկա օլիգարխներից մեկը, կա՛մ նման մոնոպոլիստ կմնա պետությունը: Պոտենցիալ անկախ հեռուստահեռարձակողների համար բոլոր ենթադրվող հետևանքներով:

Երկրրոդ հերթին, ընդունված օրենքը ՀՀ իշխանություններին պաշտպանում է նաև տեսականորեն հնարավոր այնպիսի հրաշքից, ինչպիսին կարող է լինել նրանցից առանձնապես կախում չունեցող խոշոր ներդրողը: Այդ նպատակով, մուլտիպլեքս օպերատորի համար նախատեսված է լիցենզավորման բարդացված ընթացակարգ: Այլ կերպ ասած, ազգային կարգավորողը՝ նույն այն մարմինը, որն, օրինակ, 13 անգամ մերժել է լիցենզիա տրամադրել իշխանություններին անհաճո «Ա1+» հեռուստաընկերությանը, այս դեպքում էլ հայտը մերժելու պատճառներ կգտնի:

Նման օրենքի ընդունումից հետո պետք էր սպասել, որ կդադարեցվի Հայաստանին տրամադրվել ցանկացած միջազգային օգնության, որն ուղղված կլինի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ազատ մրցակցության աջակցությանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Սակայն ոչ մի նման բանի ակնարկ անգամ չկա:

Այդ դեպքում ինչո՞ւ պետք է հայկական իշխանական վերնախավը չմոռանա այն «անհասկանալի պատճառների» մասին, որոնք նրանց ստիպում են հանդուրժել «զզվանք» առաջացնող լրատվամիջոցներին:

Լուսանկարը՝ jam-news.net կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.