ԱՌԱՆՑ ԱԿՆԿԱԼԻՔԻ

pressՄեդիա դաշտում խոսում են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին լրագրողների նկատմամբ ճնշումների, նրանց մասնագիտական գործունեության խոչընդոտումների բազմաթիվ փաստերի մասին:

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածում, որտեղ մասնավորապես արձանագրում են ոչ միայն լրագրողների իրավունքների խախտումները, այլ նաև՝ այն, որ իրավապահ մարմիններին ուղարկվող՝ ԶԼՄ- ների հրապարակումները և իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդումներն այդ խախտումների մասին, «ձևական բնույթ են կրում և արդյունք չեն տալիս»:

Որպես այս եզրահանգման հիմք հիշեցվում է լրագրողների իրավունքների զանգվածային խախտման ամենաթարմ դեպքը՝  2015թ. հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի դեպքերով հարուցված քրեական գործը: Դրանում «իրադարձություններից շուրջ կես տարի անց լրագրողների դեմ բռնարարքներում ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ չկա»,- արձանագրում են լրագրողական կազմակերպությունները։

Այս կարգի հայտարարություններին գրեթե զուգահեռ լրագրողներն իրենց փորձն են պատմում՝ իրավապահների հետ արդեն ավանդական դարձած շփումների, որոնք միշտ հետևում են լրագրողների նկատմամբ բռնությունների մասին հրապարակումներին: Մինչև այդ հրապարակումները կարդալը միամիտները կարող են նույնիսկ ուրախանալ, որ իրավապահներն օպերատիվորեն արձագանքում են այդ դեպքերին: Սակայն հրապարակումներին ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ լրագրողները իրավապահներին այս դեպքերում հետաքրքրում են ոչ թե որպես տուժող, այլ՝ աղբյուր: Կամ իրավապահներին հետաքրքրում են ոչ թե և ոչ այնքան տուժող լրագրողները, որքան՝ այդ մասին գրող լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ իրենց լրացուցիչ տեղեկություններով ապահովելու համար: Եվ իզուր են մեր գործընկերների հավաստիացումները, որ իրենք ինչ գիտեն, արդեն հրապարակել են: Եվ իրենց առաքելությունն էլ հենց միայն տեղեկություններ հավաքելն է և դրանք հանրայնացնելը:

Իրավապահների կողմից շարունակվող համառությունը՝ կանչել, նորից հանդիպել, բացատրություններ գրել տալ, հարցաքննել լրագրողներին, հազիվ թե վկայում է վերջիններիս նկատմամբ նրանց ջերմ վերաբերմունքի մասին:

Ավելին, նրանք նոր տեղեկությունների կարիք էլ հազիվ թե ունենան:

Այդ համառությունը և հետևողականությունը (ընդ որում՝ տարիների) ավելի շուտ գուցե նպատակաուղղված են այլ բանի: Դրանով նրանք հավանաբար լրագրողներին փորձում են հասկացնել, որ առավելագույնը, ինչին նրանք կարող են հասնել իրենց գործընկերների իրավունքների խախտումների արձանագրման և հանրայնացման հարցում համառություն և հետևողականություն հանդես բերելու դեպքում, դա միայն իրենց՝ իրավապահների ուշադրությունն է լինելու: Իսկ այդ ուշադրությունն արտահայտվելու է բացառապես և միմիայն լրագրողներին բացատրություններ գրել տալով, հարցաքննելով: Հետագայում այդ ամենը կարելի է դնել և հանգիստ էլ կդրվի դարակներում, համալրելով այս տարվա հունիսի 23-ի և նմանատիպ այլ գործերի շարքը՝ վասն փոշոտման գործընթացի շարունակականության:

Իսկ նպատակը, իհարկե, լրագրողներին վհատեցնելն ու հասկացնելն է, որ արձանագրել-գրել-հանրայնացնելն անիմաստ է, հակառակ դեպքում՝ կհատուցեն սեփական ժամանակով և նյարդերով:

Շոշափելի այլ ակնկալիք, կարծես թե, այստեղ չի նշմարվում:

Trackbacks/Pingbacks

Leave a Reply