ԳԻՐՔ ՔԱՐՈԶԱՑ

ashotyanՀՀ կրթության և գիտության նախարարը կամ ՀՀ իշխող քաղաքական կուսակցության փոխնախագահը, Հանրային հեռուստատեսության եթերում, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության շրջանում, վարում է հաղորդում՝ քաղաքական բովանդակությամբ:

Ծննդոց

Հանրային հեռուստատեսությունն իր կայքում այդ մասին գրում է.«Եռանկյունի»: Հանրային հեռուստաընկերության եթերում նոր ձևաչափով քաղաքական հաղորդում է: Եռանկյան կողմերի կարծիքների բախումից Հանրայինի եթերում ծնվում է ճշմարտությունը: Քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային, կրթական, ազգային և միջազգային թեմաներ, որոնք հայ հասարակության համար իրենց բոլոր կողմերով կբացահայտի հաղորդավար Արմեն Աշոտյանը: Հենց նա իր հյուրերի հետ Հանրայինի եթերում հասարակությանը հաղորդակից կդարձնի ամենահրատապ թեմաներին: Դիտեք «Եռանկյունի» հաղորդաշարն ամեն ուրբաթ՝ «Առաջին լրատվական»-ի գլխավոր թողարկումից հետո»:

Ելից

«Եռանկյունի – Սահմանադրական բարեփոխումներ. Կողմ և դեմ»՝ սա հաղորդման առաջին թողարկումն է, որը բուռն արձագանք առաջացրեց հանրության շրջանում: Եվ ստացավ տարբեր մեկնաբանություններ և գնահատականներ:

Մեկնություն փորձագիտաց հայոց

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` մեկնաբանելով Հանրային հեռուստաընկերությամբ Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» թոք-շոուն հեռարձակելը, panorama.am-ին ասաց. «Եթե վերցնենք զուտ հաղորդման բովանդակությունը, շատ հնարավոր է, որ Արմեն Աշոտյանը, իրոք, չեզոքությունը կարողանա պահպանել և չդրսևորի որևէ քաղաքական շահ: Բայց ֆորմալ առումով փաստը, որ կուսակցության նախագահի տեղակալը, նախարարը այս քարոզարշավի ընթացքում երևում է եթերում, այն էլ պարբերաբար, այն էլ Հանրային հեռուստատեսությամբ, լուրջ կասկածներ է առաջացնում, թե որքանով է այդ նախաձեռնությունը արդարացված: Կարծում եմ, որ այդպիսի ոչ կոնվենցիոնալ և ոչ ստանդարտ մոտեցումը Հանրային հեռուստատեսության գտնված լավագույն ձևը չէ»:

Մեկնություն փորձագիտաց այլոց

«Ազատությունը» Երևանի մամուլի ակումբի կազմակերպած «Հանրաքվեի լուսաբանումը Հայաստանում» թեմայով կլոր սեղանին հարց է ուղղում Եվրոպայի խորհրդի փորձագետ, հանրաքվեների լուսաբանման մասնագետ Լորան Ռուին՝ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից քաղաքական հաղորդում վարելու փաստի մասին: Եվ ստանում ոչ թե պատասխան, այլ հարց. «Ազատության» հարցը հարուցեց Լորան Ռույի զարմանքը. – «Ճի՞շտ եմ հասկանում, խոսքը հանրայի՞ն հեռարձակողի ալիքով հաղորդման մասին է և հաղորդավարը կառավարության ներկայացուցի՞չ է»։ Դրական պատասխան ստանալուց հետո Ռույը շարունակեց. – «Դե ինչ՝ սա հիմնովին սխալ է: Սա բացարձակապես անընդունելի է՝ ընդունված չափանիշների և լավագույն փորձի տեսանկյունից: Սա որևէ կերպ չի կարող համարվել ճիշտ լուսաբանում: Պատկերացրեք ինչպիսի՞ բանավեճ է դա ստացվելու: Ուզում եմ ասել՝ այդ մարդը լուրջ հաղորդո՞ւմ է վարում և դա ինչ-որ կատակ չէ՞»։ «Ես պարզապես կարող եմ ասել, որ Ձեր հարցը ինձ մտահոգեց։ Դա սխալ է, չի կարելի նման բան անել: Նա չպետք է այդպիսի բան անի: Ո՛չ»,- հավելեց Եվրոպայի խորհրդի փորձագետը»։

Մեկնություն կուսակցությունանց

Իսկ կուսակցությունները տարբեր են:

tert.am-ը գրում է.«Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի վարած «Եռանկյունի» հաղորդմանը, Լևոն Զուրաբյանն ասաց, թե դրանով Աշոտյանը խախտում է անկողմնակալության սկզբունքը: «Ո՞նց եք պատկերացնում, հիմա Հիլարի Քլինթոնը գնա շոու վարի ու լինի անկողմնակալ: Ասենք թեկնածուների միջև բանավեճ լինի գնա վարի,մենք կարո՞ղ ենք հավատալ նրա պնդումներին, որ ինքը անկողմնակալ է: Միայն իր փայլփլող դեմքը բավարար է, որ անկողմնակալության բոլոր սկզբունքները խախտվեն»,- եզրափակեց Զուրաբյանը»:

hraparak.am.«ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նորմալ է գնահատում, որ ԿԳ նախարարը հաղորդում է վարում․ «Յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքական գործիչ ինքն է որոշում, թե ինչ գործունեությամբ է զբաղվում։ Հիմա եթե հակաօրինական որեւէ բան կա, կամ, չգիտեմ, այլ խախտումներ չկան, ուրեմն նորմալ է, լավ է»։ Իսկ այն, որ հիմա քարոզարշավի շրջան է, իսկ նա, լինելով ՀՀԿ փոխնախագահ, քաղաքականացված շոու է վարում, պրոիշխանական հարցեր է տալիս, Սահակյանն ասաց․ «Հիմա եթե քաղաքականացված շոու չվարեր եւ գնար հարցազրույցի, չէ՞ր լինելու պրոիշխանական։ Այնպես որ, մի քիչ վիճելի է էդ բոլորն էթիկայի շրջանակներում. եթե էդ մարդը հարմար է գտել, մասնակցում է, նորմալ է»։

Մեկնություն… անմեկնելի

hraparak.am-ը ոչ միայն արձանագրում է կարծիքներ, այլ նաև՝ մեկնաբանում.«Եվրոպայի խորհրդի փորձագետ Լորան Ռույին թվում է, թե Աշոտյանի կողմից հանրային հեռարձակմամբ քաղաքական հաղորդում վարելու փաստը կատակ է: Ինչպե՞ս կարող է կառավարության ներկայացուցիչը նման հաղորդում վարել.  «…այդ մարդը լուրջ հաղորդո՞ւմ է վարում և դա ինչ-որ կատակ չէ՞: Ես պարզապես կարող եմ ասել, որ դա սխալ է, չի կարելի նման բան անել: Նա չպետք է այդպիսի բան անի: Ո՛չ»: Մնում է հավատացնել փորձագետին, որ Աշոտյանը ոչ թե լուրջ, այլ հումորային հաղորդում է վարում: Կանչում- բերում է օբյեկտներին և նրանց վրա մի լավ «ղժժում»… Չհաշված, որ հանրությանն էլ մի լավ «ղժժացնում է»:

Մեկնություն բանահյուսական

«Առավոտը» արձանագրում է . «Լրագրողների դիտարկմանը, որ եթե այդ հաղորդման շրջանակներում հնչի սուր քննադատություն իշխանության հասցեին՝ Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Դուք ուզում եք «Եռանկյունի» հաղորդաշարը վերածեք «Կիկոսի մահը» հեքիաթի ռեմիքսի՞»:

Մեկնություն ի ՀՌԱՀ-է

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում այս կարծիքին են։ «Օրենքի խախտում մենք այդտեղ չենք տեսնում, որովհետև այդ անձին դիտում ենք որպես ՀՀ քաղաքացի, որն ունի աշխատանքային պայմանագիր տվյալ ընկերության հետ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը։ «Դիտե՞լ է նա արդյոք հաղորդումն ու ընդհանուր առմամբ ի՞նչ կարծիք ունի դրա վերաբերյալ, պարոն Մկրտչյանը նշեց. «Հաղորդումը, չթաքցնեմ, դիտել եմ, բայց ոչ ուղիղ եթերում, ձայնագրությունն եմ տեսել։ Մենք տեսանք, որ երկու կողմին էլ տրվեց հնարավորություն՝ իրենց կարծիքն արտահայտելու։ Հաջող էր, թե ոչ, ինձ թվում է՝ հասարակությունը կգնահատի։ Սուբյեկտները, որոնք կարող էին բողոք ներկայացնել, հաղորդմանը հրավիրված անձինք էին, որ կարող էին ասել, թե կողմնակալ են իրենց հանդեպ եղել կամ հաղորդավարը թույլ չի տվել արտահայտելու իրենց տեսակետը։ Բայց մենք բողոք չենք ստացել»։

Ահեղ դատաստան

ՀՀ «Հանրաքվեի մասին» օրենքն այդ կապացությամբ. «Հոդված 20. Քարոզչությունը հանրաքվեի նախապատրաստվելիս

  1. Քարոզչություն չեն կարող կատարել՝

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրանց աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»:

Սա, իհարկե ամենահստակ կարգավորումը չէ այս առումով, բայց այնքան էլ բազմանշանակ չէ, որ պետական մարմնի աշխատակիցը, առանց աշխատանքային պարտականությունների կատարումն ընդհատելու, քարոզչության լայնագույն հնարավորությունների դաշտ՝ քաղաքական հաղորդման եթեր է ոտք դնում: Սա՝ ամենայն հարգանքով՝ առ կանխավարկած անմեղության:

Հայտնություն

Մինչ քննարկվում, տալիս-առնվում են ՀՀԿ փոխնախագահի՝ քաղաքական բովանդակությամբ հաղորդում վարելու փաստն ու հետևանքները, արդեն ՀՀ կրթության և գիտության նախարարն է որպես … հաղորդավար հանրային հեռուստատեսության եթերում քննարկում կրթության խնդիրները:

Ու-ու-ու՜-ֆ…

Trackbacks/Pingbacks
  1. […] արժե մեկ անգամ ևս հիշեցնել, որ մինչև ԺՀՄԻԳ-ը կգնահատեր ՀՀ կառավարության […]

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.