ԳԱՐՇԱՀՈՏ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այստեղ կարող էր լինել ձե՛ր լուսանկարը:

Այստեղ կարող էր լինել ձե՛ր լուսանկարը:

Բազմաթիվ անգամներ ԵՄԱ Ամփոփագիրն անդրադարձել է հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակումների, որոնք վառ օրինակ են եղել, թե ինչպես չի կարելի լուսաբանել այս կամ այն իրադարձությունը, կամ ինչը չի կարելի հրապարակել ընդհանրապես, սակայն հասանելի է դարձել բոլորին հենց լրատվամիջոցների շնորհիվ: Այդ բազմաթիվ անգամներին էլ Ամփոփագիրը ձեռնպահ է մնացել այդ նյութերի ակտիվ հղումները տալուց՝ դրանք ևս մեկ անգամ չտիրաժավորելու համար: Եվ հնարավորինս անդրադարձել է մասնագիտական կամ էթիկական տվյալ խախտմանը՝ անուղղակիորեն, նկարագրելով:

Այս անգամն էլ բացառություն չի լինի, թեև առարկան այնքան հանրահայտ է և անհարկի տիրաժավորված, որ, թվում է, ավելի վատ արդեն հնարավոր չէ անել: Սակայն հենց շղթան մի տեղ կտրելու խնդիրն է, որ մեր լրատվամիջոցների համար մնում է անհաղթահարելի: Լավ, ասենք, գոնե շատ լրատվամիջոցների:

Այս հոդվածի պատճառը ամռանը ոսկու շուկայի աշխատակցի անհետացման պատմության լուսաբանումն է, առիթը՝ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի ֆեյսբուքյան գրառումը, որը նրա թույլտվությամբ, տեղադրում ենք ամբողջությամբ. «Ոսկու շուկայի» կորած ու գտնված կնոջ մասին բաց ու թափանցիկ լուսաբանումները հասան աբսուրդի: Կրկին մոռացանք լրագրողական էթիկա, մասնագիտական կանոնների պահպանում, մարդու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունք, ու սկսվեց: Անհայտ շարքային քաղաքացու պատմությունը դարձավ հանրային նշանակության լուր. ծաղկեցրին, ճոխացրին, ուռճացրին, անունով, ազգանունով, աշխատավայրով, ընտանիքի անդամներով, խնամի-բարեկամով… Պտտեցրին, իրար պաս տալով` ֆռռցրին, դարձրեցին թոփ 10-ի լուր: Չէ, ես բան չասացի: Այ, հենց դու հեչ մեղավոր չես: Բոլորը գրեցին, դու էլ գրեցիր: Հո հենց քո գրածից էդ աղջկա պատիվը գետնով չընկա՞վ: Է թող չկորեր, դու էլ չէիր գրի: Լավ, ախր, երբ նման կերպ որևէ քաղաքական-հանրային գործչի վրայով է մամուլն անցնում, դրանից քաղաքական գործչի առօրյան, մեծ հաշվով, չի փոխվում, կաշին էլ չի բարակում: Բայց, ախր, սենց դեպքերում ինչի՞ եք թաղի բամբասչի պառվի դերը վերցնում ձեր վրա: Լավ, էդ կնոջն ու իր ծնողներին չեք խնայում, բա իրենց երեխեքի՞ն: Ով գիտի իրենց մոր պատկերը ամբողջ օրը իրենց սոցցանցերի պատերին գնում ու գալիս է` խորագրերում մեկ մեռած, մեկ գտնված, մեկ լկտի ու էլ չգիտեմ՝ ինչ բառերով»:

Այո, հենց այս արատավոր շղթայի, անպատվաբեր մրցակցության մասին է խոսքը՝ «Բոլորը գրեցին, դու էլ գրեցիր»: Լրագրության, հանրային շահի տեսանկյուններից այս աշխատակցի, իսկ որ առանցքային է՝ աշխատակցուհո՛ւ անհետացման պատմությունը ոչ մի հասարակական հնչեղության խնդիր չի լուծել: Փոխարենը խախտվել են բոլոր այն պայմանները, որոնք պարտադիր է պահպանել ոչ հանրային անձանց մասին հրապարակումներ պատրաստելիս: Ընդ որում, եթե ինչ-որ ծուռ տրամաբանությամբ կարելի է նայել այս պատմության շուրջ, այսպես կոչված, տեղեկատվական բնույթի հրապարակումներին, ապա լրագրության մյուս ժանրերի գործերն այստեղ ընդհանրապես չպետք է հայտնվեին, ինչպես օրինակ, հետաքննություն, վերլուծություն, խոհա-փիլիսոփայական էսսեներ: Լրագրողների առաջադրած սարսափելի և անպարկեշտ վարկածները հանգիստ տեղավորվեցին նույնատիպ վերնագրերի տակ, և կեղտոտ բամբասանքը մատուցվեց կեղծ անհագստացածի ու չարախնդացող կարեկիցի տոնով:

Չի բացառվում, որ իրական պատմությունն ավելի սարսափելի կամ անպարկեշտ լինի, սակայն լրագրությունը պիտի առնվազն տեղյակ լինի էթիկայի մի քանի հիմնական կանոններից, ինչպես վերևում նշվածներն են:

Այս պատմության մեջ ամենարտառոցը թերևս այն էր, որ անհայտ կորած, տնից դուրս եկած և այլևս չվերադարձած բազմաթիվների մեջ լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց հենց երիտասարդ, գեղեցիկ արտաքինով, ոսկու հետ ամեն օր գործ ունեցող, ամուսին, սկեսուր, երեխաներ ունեցող կինը: Դե ո՞ւմ կարող էին հետաքրքրել տանից դուրս եկած, բայց ընդամենը հիշողությունը կորցրած տարեց մարդիկ, որ լրատվամիջոցներն էլ նրանց գործերով հետքննություն անեին և գնային նրանց վերջին քայլերը ֆիքսած տեսախցիկներին այցելության:

Մի տեսակ գիշատչային որսի հոտ փչեց:

Leave a Reply