ԹԱՔՈՒՆ ԵՐԱԶԱՆՔ

Ջաղինյանը Ռուբեն Հակոբյանին առաջարկեց «Սոլովյով» լինելՄինչ հայ հասարակության մի մասը մեդիայի հետ կապված իր անուրջներում երազում է անկախ, ազատ ԶԼՄ-ներ և անկողմնակալ լրագրողներ, մյուս մասն անսպասելիորեն բացահայտում է իդեալների իր գագաթնակետին:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 9-ի Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդման քննարկման ժամանակ անուղղակիորեն և անսպասելիորեն «բացահայտվել է» Հանրայինի՝ ոչ բավարար որակյալ եթեր ունենալը: Մասնավորապես, որ չեն կարողանում հասարակական-քաղաքական հաղորդում ապահովել:

Ըստ 168.am-ի էլ, այդ ժամանակ ՀՀԸ խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը դժգոհել է հաղորդավարների սղությունից (՞):

Պատկերացնո՞ւմ եք, տասնամյակներով պետական, հետո՝ ազգային, այնուհետև՝ հանրային հեռուստառադիոընկերությունը տասնյակներով հաղորդավար-մեկնաբաններ է ոչ միայն պատրաստել, այլև «արտահանել» այլ հեռուստաընկերություններ: Նրանց մի մասը հաջողությամբ կամ ոչ այնքան աշխատում է հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում՝ ներառյալ հեռարձակվող:

Իսկ այս պարագայում «արտահանել» նշանակում է չկարողանալ լավ մասնագետին պահել: Եթե իհարկե ՀՀԸ խորհրդի նախագահը չի կարծում, որ այդպիսիք մինչև իրեն չեն էլ եղել Հանրայինում, որ պահեր:

Ամենևին նպատակ չկա պաշտպանելու այդ մասնագետներին, նրանք դրա կարիքը հազիվ թե ունենան, սակայն այդպիսի մեկ խոսքով մեծ խաչ է քաշվում հայ հաղորդավար-մեկնաբանական դպրոցի վրա ընդհանրապես:

Կարծես թե սա քիչ էր, Ռ.Ջաղինյանը բարձրաձայնել է նաև հաղորդավարի իդեալի մասին իր պատկերացումները, հայտարարելով, թե չեն կարողանում «Սոլովյով» գտնել: Իհարկե, ոչինչ, որ՝ ոչ Լարրի Քինգ, ոչ՝ Ամանպուր. ճաշակի և միտվածության հարց է: Հայաստանյան հեռուստադիտողը փաստորեն ոչ Ռոբերտ Մավիսակալյան է տեսել, ոչ Տիգրան Նաղդալյան, ոչ էլ՝ … եկեք չհիշատակենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր դեռ կան և շարունակում են կամ ոչ՝ եթերային գործունեությունը:

Ներկա Հանրայինում էլ կռիվ գցելու ցանկություն չկա, բայց Խորհդրի նախագահն իր այսօրվա կադրերի նկատմամբ էլ հարգանք չի դրսևորել այս, թվում է, անմեղ հայտարարությամբ:

Վերոնշյալ քննարկման ժամանակ Հանրայինի հաղորդումների որակի, արդարացվածության շուրջ քննարկումներում մամուլը համենայնդեպս չի արձանագրել Հանրային հեռարձակողների աշխատանքի հայեցակարգային, խորքային վերլուծություններ: Եթե իհարկե հաշվի չառնենք պատգամավոր Ռ.Հակոբյանի դիտարկումները. «Դուք հնարավորություն չեք տալիս հեռուստադիտողին, որ նա լսի եթերն ու ինքն իր կարծիքը ձևավորի: Դուք ոչ միայն անաչառ, համակողմանի լրատվություն չեք ապահովել, այլև ապատեղեկացրել եք: Եթե փակել եք եթերը, հեռուստաբանավեճերն էլ սև-սպիտակի եք բաժանել, նորմալ բովանդակային խոսք չի լսվում, հասարակական կարծիքն ինչպե՞ս է ձևավորվելու: Ձեր հրավիրած քաղաքական գործիչներից ով որ եթերային հիգիենան կխախտի, հասարակությունը կգնահատի դա»:

Այո, հենց այստեղ է շան գլուխը թաղված՝ հասարակական կարծիքի ձևավորման առաքելությունն իրականացնելու ձևի մեջ:

Խնդիրն այն է, որ պատգամավորի պատկերացրած ձևով այդ կարծիքի ձևավորման բնական և տրամաբանական գործընթացը՝ հեռուստադիտողը լսի եթերն, ու ինքն իր կարծիքը ձևավորի, կարծես թե չի տեղավորվում Հանրայինի տնօրինության պատկերացումների մեջ:

Նրանց սիրտը «Սոլովյով» է ուզում: Այսինքն հասարակությունը թող նեղություն չքաշի՝ իր կարծիքը ձևավորելու. մեր երազային «Սոլովյովը» դա կանի նրա փոխարեն: Նույնիսկ ավելին՝  դեռ հասարակությանն էլ կհամոզի, որ հենց դա էր իր ուզածը:

Միայն թե վերջինս կարողանա նաև գտնել իր կյանքի Ժիրինովսկուն:

Լուսանկարը՝ http://168.am/ կայքից:

Trackbacks/Pingbacks

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.