ԱՄԱՌԸ ՇՈԳ Է ԼԻՆԵԼՈՒ

Ilustracija: Maja Nejestani, "100 cartoons by Cartooning for Peace for press freedom"

Maja Nejestani, “100 cartoons by Cartooning for Peace for press freedom”

Սովորաբար ամռան կեսին լրատվությունը և նրա շուրջ գրեթե ամեն ինչ մեռնելու աստիճան լճանում է. լրագրողներն անմարդկային ջանքեր են գործադրում՝ պեղելու քիչ թե շատ հանրային նշանակության իրադարձություններ: Իսկ այս ամառը իրադարձաշատ է, և եթե ինչ-որ բան ջանքեր է պահանջում, ապա դա ավելի շուտ այդ իրադարձությունների առատությունից ընտրություն կատարելն է:

Հանրային նշանակության իրադարձություններին զուգահեռ ավելանում են հենց լրագրողներին և լրատվությանը վերաբերողները, եթե, օրինակ, ցույց է տեղի ունենում, այստեղ գործում են լրագրողներ, որոնց իրավունքները՝ մասնագիտական գործունեություն ծավալել, կամ ոտնահարվում են, կամ՝ ոչ: Երկու դեպքում էլ գրելու բան է: Հետագայում բացվելու են իրադարձությունների բազմաթիվ այլ շերտեր ևս: Ինչպես օրինակ, արդյոք այդ ցույցին մասնակցող լրագրողները լրագրողներ էին այդ պահին, թե՞ նրանք լրագրողի «քողի» տակ թափանցել էին իրադարձության թատերաբեմ՝ ծածուկ քարոզելու ակցիայի գաղափարները:

Հենց այս վերջին հարցի բուռն քննարկումը հայաստանյան մեդիայում և անգամ անցյալի նման դեպքերի հիշատակում-մեջբերումները նշանակում են, որ խնդիրը մտահոգում է առնվազն լրագրողներին. չէ՞ որ որևէ մեկի կողմը բռնելուց հետո լրագրողն իր լսարանի մոտ դժվար թե այլևս որպես անաչառ ու անկողմնակալ ընկալվի: Հիշենք թեկուզ 2013թ. դեկտեմբերին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների ակցիան «գազային» համաձայնագրի վավերացման քվեարկության ժամանակ և դրան հետևած քննարկումները և վերլուծությունները:

Մյուս կողմից էլ՝ լրագրողն էլ քաղաքացի է և իր քաղաքացիական իրավունքները պաշտպանելու խնդիր և իրավունք ունի՝ նաև փողոցային ակցիաների ձևաչափով: Այլ հարց է՝ թե ինչպես է նա համադրում դա և իր մասնագիտական պարտականությունների կատարումը:

Անկախ այս քննարկումների ժամանակ հնչած կարծիքներից՝ միայն այն հանգամանքը, որ մասնագիտական (և ոչ միայն՝ մասնագիտական) համայնքն անտարբեր չէ մասնագիտական էթիկայի նկատմամբ, արդեն խրախուսելի է:

Ցավոք, այժմ հրատապ են դառնում լրագրողական համայնքի այլ մտահոգություններ ևս: Դրանց մասին ստիպված էին բարձրաձայնել տպագիր մամուլի մի քանի ղեկավարներ: Մասնավորապես, նրանց անհանգստացնում է, որ հունիսի 23-ին նաև լրագրողների նկատմամբ կիրառված բռնությանը, ինչպես նաև վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն «անմիջապես համապատասխան իրավական ընթացք չտրվեց«: «Ամբողջ տասն օր երկմտելուց հետո միայն` հուլիսի 3 –ին, օրենքով սահմանված վերջին օրը Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց»,- փաստվում է հայտարարության մեջ:

Մամուլի ներկայացուցիչների թվարկած մյուս երևույթները՝ ՀՀ Քննչական կոմիտեում iLur.am կայքի պատասխանատուի նկատմամբ քրեական գործ հարուցելը ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասով՝ «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում» չկատարելու պատճառաբանությամբ, Հայաստանում անկախ մամուլին դատական գործընթացների միջոցով ֆինանսական ճնշումների ենթարկելու պրակտիկան վերաթարմացնելը նրանց հիմք է տալիս արձանագրելու, որ «Հայաստանում ազատ մամուլի նկատմամբ ճնշումները ոչ միայն չեն թուլանում, այլ ձեռք են բերում նորանոր, առավել անհաղթահարելի դրսևորումներ»:

Ժամանակը ցույց կտա, թե ինչքանով ականջալուր կլինեն իշխանությունները՝ այս հայտարարությունում իրենց ուղղված կոչին՝ «1. ձեռնպահ մնալ մամուլի գործունեությունը սահմանափակող ցանկացած քայլից, 2. ձեռնարկել միջոցներ լրատվամիջոցներին օժանդակելու, նրանց գործունեության անկախության երաշխավորը լինելու ուղղությամբ»։

Եթե վերջինները սեփական երկրից հնչող կոչը հաջողությամբ անտեսեն, ինչն առավել հավանական է, ապա պետք է որ քիչ ավելի դժվար լինի «մարսել» ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի նամակը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ անհանգստացած այն տեղեկատվության կապակացությամբ, որ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել iLur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի նկատմամբ`դատարանի որոշումը չկատարելու մեղադրանքով: Ընդ որում, Միյատովիչը ստիպված է եղել կոնկրետացնել իր նամակի հասցեատիրոջը՝ նկատի ունենալով մտահոգությունների իր չհասցեագրված փորձը ուղիղ մեկ տարի առաջ՝ դատարանի այն որոշման առթիվ, որով պարտավորեցնում են iLur.am կայքին և «Հրապարակ» օրաթերթին` բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրին:

Այ այստեղ է, որ լրագրողները լավ կլինի՝ օգտվեն իրենց իրավունքները պաշտպանելու բոլոր ձևաչափերից՝ ընդհուպ փողոցայինը: Կարևորը՝ տեղիք չտալ լրագրության հիմնասյուներից՝ աղբյուրի գաղտնիության պահպանության սկզբունքի ոտնահարմանը և չստեղծել խայտառակ նախադեպ, որից հետո անկախ մամուլի վերջը տալն շատ ավելի հեշտ կլինի:

Այսինքն՝ առաջնորդվել մոտավորապես «օրվա մեղադրյալի» վճռականությամբ. «Մենք իրավապահների հետ գործարքի չենք գնում և պարզ հայտարարում ենք՝ օրենքով մենք կարող ենք չբացահայտել աղբյուրը եւ չենք բացահայտում»:

Նկարը՝ https://www.cenzolovka.rs կայքից:

Leave a Reply