ԺԱՆՐԱՇՓՈԹ

«Ժանրերի խառնաշփոթը լրագրության մեջ բերում է բացասական հետևանքների: Եվ դրանցից առաջինն այն է, որ լսարանին գցում է մոլորության մեջ: Անբարեխիղճ լրագրողները, առաջնորդվելով պատվիրատուի շահերով, գովազդային նյութերն այնպես են կառուցում, որ դրանք նմանվում են լրագրողական նյութերի»:

Այս տողերը գրողը կարծես տարիներով հետևել է մեր՝ հայաստանյան հատկապես հեռարձակվող լրատվամիջոցներին և եկել  նման եզրակացության: Մինչդեռ տողերի հեղինակը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի գովազդի և հասարակայնության հետ կապերի ամբիոնի ուսանող Սվետլանա Շեինան է, իսկ հատվածը վերցված է նրա դիպլոմայինի պաշտպանության ճառից: Նրա ավարտական աշխատանքի թեման՝ «Պատվիրված լրագրության հիմնախնդիրը՝ Վորոնեժի ԶԼՄ-ների օրինակով» ինքնին խոստումնալից է  հնչում, իսկ այնտեղ նկարագրված դեպքերից 13-ով Հակամենաշնորհային ֆեդերալ ծառայության վարչության տեղական կառույցը հնարավոր է գործ հարուցի:

Եվ այսպես, կարո՞ղ է այդ ամենը հետաքրքրել հայաստանյան մեդիա դաշտին: Իսկ ինչո՞ւ՝ ոչ, եթե վերևում նշված ժանրերի խառնաշփոթը լայնորեն ու «հաջողությամբ» կիրառվում է նաև այստեղ:

Լրագրողական կազմակերպությունների կողմից տարիներով կատարվող մոնիտորինգները հաճախ են բռնացնում նույն «ռեպորտաժը» տարբեր հեռուստաալիքների լրատվական թողարկումներում՝ որպես սեփական նյութ հրամցված: Լավագույն դեպքում դրանք իրարից տարբերվում են կադրից դուրս տեքստն ընթերցողի ձայնով: Հայաստանյան հեռարձակվող լրատվամիջոցների խոհանոցին քիչ թե շատ ծանոթ մարդիկ նույնիսկ դրույքները գիտեն, թե այս կամ այն առևտրային կազմակերպությունը, անգամ նույնիսկ՝ պետական կառույցները ինչքան են վճարում լրատվամիջոցին՝ իրենց հաճո նյութ եթեր հեռարձակելու համար: Ընդ որում այդ նյութերը կարող են լինել. ա) լրատվամիջոցի արտադրության՝ գովազդին բնորոշ հիմնական տարրերով համեմված, բ) կազմակերպության կամ կառույցի արտադրած տեսանյութը՝ նույն տեսաշարով և նույն տեքստով:

Սակայն դրանք բոլորն ունեն մեկ ընդհանուր գիծ, ավելի ճիշտ չունեն այդ ընդհանուր գիծը՝ գովազդային նշանը:

Նույն կերպ՝ առանց միջամտության կարող են տարածվել նաև մամլո հաղորդագրությունները, որոնք միշտ չէ, որ տեղեկատվական բնույթ են կրում: Շատ հաճախ դրանք տեղեկացնում են ընկերության նոր ապրանքի, ծառայության մասին: Սակայն դրանց հետևում միամիտ աչքերը թարթող լրատվամիջոցի անմեղ հայացքը անգամ փորձառու մեդիա սպառողին կարող է շփոթության մեջ գցել. իսկ կարո՞ղ է սա ոչ թե գովազդում, այլ տեղեկացնում էր: Դեռ լավ է, որ երբեմն դրանց ներքևում թողնում են, թե ում մամուլի ծառայության հաղորդագրությունն էր: Թե չէ ընդհանրապես չէր տարբերվի խմբագրական արտադրանքից:

Ի դեպ, վերջին տարիներին արևմտյան մեդիայում ավելի ու ավելի է տարածվում այսպես կոչված «ադվերթորիալ» (advertorial) երևույթը: Բառացիորեն այն նշանակում է «գովազդ՝ խմբագրական բովանդակության տեսքով»: Այսպես կոչված «ադվերթորիալը», որը հայտնի է նաև «բնական գովազդ» կամ «բրենդային բովանդակություն» անվամբ, ունի իր պաշտպանները: Նրանք գտնում են, որ «բնական գովազդը» ընթերցողին խաբելու նպատակ չունի: «Նրա նպատակն է՝ գրավել ընթերցողների ուշադրությունը, մասամբ նաև այն բանի հաշվին, որ ունի խմբագրական բովանդակության տեսք», ինչպես, ուկրաինական redactor.in.ua կայքի տեղեկացմամբ, կարծում է Նյու Յորք Թայմսի խմբագիրը:

Անհնար է այս պնդման մեջ չնկատել որոշակի դեմագոգիա, սակայն միայն այն հանգամանքը, որ  «ադվերթորիալը» կարգավորվում է նույն մարմինների կողմից, ինչ և մեր ականջին առավել սովորական դարձած «գովազդը», խոսում է  այն մասին, որ դրանք իրարից տարբերվում են միայն ձևով և ոչ՝ բովանդակությամբ: Կամ հենց թեկուզ միայն այն պատճառով, որ երկուսի դեպքում էլ խմբագրությունը պարտավոր է նշում կատարել դրանց բովանդակության վճարված լինելու մասին: Իսկ թե ինչքանով կտարբեվեն դրանք խմբագրության սեփական արտադրանքից, դա արդեն որոշում է, ուշադրությո՛ւն, պատվիրատուն:

Հայաստանյան մեդիայում շատ են հանդիպում ժանրային տեսնակյունից դժվար ճանաչելի նյութեր: Ինչպես օրինակ,  այս հրապարակման համար դժվար է միանշանակ պնդել, որ այն գովազդ չէ: Սկսենք թեկուզ վերնագրից՝ «ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink»-ի համագործակցությամբ Սիսիանում 16 նորածնի կյանք է փրկվել»:  Եթե վերնագիրը ուղիղ կիսվեր մեջտեղից, և դրանից երկրորդ մասը մնար՝ «Սիսիանում 16 նորածնի կյանք է փրկվել», դեռ կարելի կլիներ վիճել այդ մասին, անգամ նկատի ունենալով հետագա շարադրանքը:

Նույն լրատվամիջոցի մեկ այլ նյութ արդեն անվիճելիորեն և ձևով, և բովանդակությամբ, և զբաղեցրած տեղով գովազդ է, սակայն այդ մասին նշում չկա: Իսկ այս հրապարակումը եթե նույնիսկ ժանրային տեսանկյունից  ինչ-որ չափով ճանաչելի է, ապա ամենևին չի հասկացվում՝ պատվիրատուն վճարե՞լ է դրա համար, թե ոչ:

Սրանք ընդամենը փշուրներ են ժանրերի խառնաշփոթի, որ հանդիպում է հայաստանյան մեդիայում: Սակայն կարծես ոչ լսարանը, ոչ էլ խմբագրություններն առանձնապես մտահոգված չեն ժանրերի տարանջատմամբ: Միևնույն է, այստեղ խմբագրությունների, իմա՝ խմբագրական բովանդակությունների անկախությանը հավատացող քիչ մարդ կա:

Լուսանկարը՝ ddbmelbourne.com կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*