ՀԵՐՍՈՏԱԾ ՄԻ ԳՆԱ

Լուսանկարը՝ http://news.am/arm/news/275123.html-ից:

Լրագրողները տարակուսում են Պարույր Հայրիկյանի՝ հուլիսի 2-ին Բաղրամյան պողոտա կատարած երթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մեկնաբանությունների և դրա մասին կատարվող վերլուծությունների կապակցությամբ: Առնվազն այնտեղ եղած լրագրողները համոզված են, որ «ոչ գրկաբաց» վերաբերմունքը Եվրամիության դրոշների նկատմամբ չէ, որ եղել է: Այլ որևէ այլ՝ ո՛չ Հայաստանի դրոշի: Իհարկե, այդտեղ մեծ դեր է խաղացել նաև Պ.Հայրիկյանի՝ տարեցտարի/օրեցօր նվազող կամ սպառված քաղաքական խարիզման: Այդպես է թե ոչ՝քաղաքագետներն ու լրագրողները և ոչ միայն նրանք, բուռն քննարկում են և կանխատեսումներ են անում, թե Եվրամիության դրոշը պատռելը ինչ հետևանքներ կարող է ունենալ, եթե լինեն այդպիսիք:

Սակայն Պ.Հայրիկյանի և այս միջադեպի հետ կապված առավել հետաքրքիր և տարակուսելի զարգացում եղավ. քաղաքական գործիչը (թող որ անգամ մեծ վերապահումներով) ոչ միայն պարզապես դժգոհեց լրագրողի աշխատանքից և աշխատելաոճից, փորձ արեց հերքելու նրա հրապարակումը, այլ նաև հրապարակավ… անիծեց լրագրողին: Սա իհարկե նոր իրականություն չէ լրագրության պատմության մեջ. հայհոյանքներն ու անեծքները, ինչպես քաղաքականության, այնպես էլ, ցավոք, լրագրության մշտական ուղեկիցներն են:

Մինչև էլեկտրիկԵրևանի ակտիվացումն էլ բավական բուռն մեղադրանքներն էին հնչում լրագրողների հասցեին՝ տնտեսության և երկրի գրեթե բոլոր ոլորտներում առկա թերությունների և թերացումների համար:

Բուն լրագրությունից դուրս՝ լրագրողների պատասխանատվությունը փնտրել-գտնելու և նրանց պատասխանատվության կանչելու/ենթարկելու մի ձևն էլ հունիսի 23-ի հաշվեհարդարն էր նաև լրագրողների նկատմամբ: Ընդգծենք՝ հստակորեն մասնագիտական տարբերանշաններ ունեցող լրագրողների: Եվ հենց հաջորդ օրն իսկ չքմեղանալ. զգուշացրել էինք, որ հեռանան: Իսկ մի շաբաթ հետո նույն այդ լրագրողների միջոցով արդեն կարելի է տարածել, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ գործադրել են բռնություն, պատճառել  մարմնական վնասվածքներ, վնասել կամ ոչնչացրել վերջիններիս տեսաձայնագրող սարքերը, որով խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը:

Այո, հիմա նրանց պետք է օգտվել լրատվամիջոցներից: Ի տարբերություն հունիսի 23-ի:

Չշեղվենք Պ.Հայրիկյանից, քանզի հենց նույն կերպ վարվեց վերջինս, հենց նրա ոսկեղենիկ և «մեսրոպեան ուղղագրութեամբ ձեւակերպեալ» անեծքների օրինակով ակնհայտ դարձավ, թե ինչպես կարելի է բոլորի «հերսը» թափել լրագրողի վրա, բայց և … այդ ընթացքում մեջբերել նրանց ու հղումներ կատարել: Հավանաբար որպես վստահելի աղբյուրի (՞):

Համեցեք համոզվելու: Սա Պ.Հայրիկյանի գրառումն է հուլիսի 3-ի միջադեպից հետո:

Հայրիկյան 1

Ցանկությունը՝ կատարել հետաքննություն, ուսումնասիրել տեսագրությունները, լրագրողի ռեպորտաժները դեպքի վայրից, այլ լրատվամիջոցների՝ նույն իրադարձության լուսաբանումները՝ գոնե մի քիչ մոտենալու իրականությանը, միանգամից մարում է, երբ տեսնում ես, թե Պ.Հայրիկյանը ինչ հրապարակում է հանրայնացրել իր պատին՝ հանրայնացված անեծքի հետ գրեթե միաժամանակ: Նույն լրագրողի հրապարակումը, որը հավանաբար մեջբերվել է մեջբերողին դուր եկած լինելու պատճառով:

Նույնիսկ այդ լրագրողի հետ պատահածից հետո հրապարակումը չի հեռացվում պատից:Հայրիկյան 3

Իսկ հիմա՝ ուշադրություն: Ահա նույն գործչի պատի նկարը, որտեղ դրված է «անիծեալ» հեղինակի հոդվածը՝ վերնագրում և հոդվածում անիծող գործչի ուղղակի և անուղղակի խոսքի բազմաթիվ, նույնիսկ անհարկիորեն գերակշռող մեջբերումներով: Այսինքն, երբ քաղաքական գործիչը մեջբերվում է շատ, և վերնագրում իր խոսքերն են, հոդվածը նրա համար ավտոմատ կերպով դառնում է հավաստի՞:  Եվ կարելի է արդեն չհայհոյել լրագրողին:

Հայրիկյան 2

Իսկ ի՞նչ է պատահել որ. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, համաձայն ՀՀ Սահամանդրության, ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Ինչպես նաև՝ տեղեկություններ փնտրելու իրավունք: Ինչպես նաև՝  իր փնտրած և գտած տեղեկությունները տարածելու իրավունք: Փաստորեն Պ.Հայրիկյանը ինչպես էլ փնտրում է, հիմնականում նույն լրագրողի «թունոտ երեւակայութեան» արդյունք հոդվածներն է գտնում: Իսկ մնացածը…

Դե լավ, դուք էլ՝ մնացածը:

Leave a Reply