ՊԱՅՔԱՐ ՖԵՅՔԵՐԻ ԴԵՄ. ՓՈՒԼ ԵՐԿՐՈ՞ՐԴ

Հետաքրքիր զարգացումներ են լինում լրատվական դաշտի շուրջ՝ կապված այս շաբաթ ԶԼՄ-ներից մեկի դեմ դատարան ներկայացված հերթական հայցադիմումի հետ:

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը դիմել է դատարան՝ մեղադրելով «Հրապարակ» օրաթերթին՝ իրեն զրպարտելու համար:

«Թերթում հրապարակում է եղել, որում տեղ են գտել Ռուզաննա Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ: Ուստի հայցով դիմել ենք դատարան՝ հերքման և պատասխանի հրապարակման պահանջով»,- «Առավոտին» ասել է տիկնոջ փաստաբանը:

Թերթը հրապարակման մեջ գրել է, որ Ռուզաննա Խաչատրյանը տարիներ առաջ իր վարած մեքենայով վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում  ուղևորը մահացել է: Հերքման պահանջ ստանալուց հետո, (իսկ թերթի լրագրողը պնդում է, որ դրանից առաջ) լրատվամիջոցում հրապարակվել է նույնաբովանդակ նյութ, սակայն այս անգամ հղում է արվել hzham.am կայքին»:

Այս երկրորդ նյութը հայցվոր կողմը դիտարկել է որպես հերքումը տպագրելու մերժում:

Լրատվամիջոցներին միշտ էլ դատի են տվել՝ հիմնավոր կամ անհիմն՝ այստեղ ոչ մի նոր բան չկա, այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ նորից, այս անգամ կարծես թե բավական լուրջ, բարձրանում է, այսպես կոչված, ֆեյքերի հարցը:

Բանն այն է, որ կնոջ՝ դատարան դիմելուց անմիջապես հետո, իրավական համակարգին՝ բայց այս անգամ դատախազությանը դիմեց արդեն Ս. Օհանյանը: Պաշտպանության նախարարը դիմել է հանրապետության գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս զբաղվի իր և իր կնոջ մասին վերջին շրջանում ԶԼՄ-ներում տեղեկությունների տարածման խնդրով, քանի որ, ըստ նրա, դրանք (թվարկված են, բնականաբար, ոչ նպաստավորները-ԵՄԱ Ամփոփագիր) ապատեղեկատվություն են և նպատակ ունեն զրպարտելու իրենց: Որպես դրանց հիմնական տարածողի, նախարարը նշել է «Հայկական ժամ» կայքը:

Իհարկե, մի փոքր անհասկանալի է մնում, թե ինչու դատախազություն, նույնիսկ եթե այդ հրապարակումներում առկա է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, ինչպես պարզաբանել են Գլխավոր դատախազությունից: «Հրապարակն» այս կապակցությամբ նույնիսկ հիշեցնում է, որ զրպարտությունն ու վիրավորանքը վաղուց ապաքրեականացվել են:

Թե ինչ է նախատեսում նման դեպքերում «Քրեադատավարական օրենսգիրքը», կերևա առաջիկա շաբաթներում: Սակայն այս ողջ պատմության և դրա նույնիսկ ամենաանկանխատեսելի զարգացումների մեջ կարող է և մեկ ուրիշ՝ ոչ այնքան դրական «կողմնակի էֆեկտ» լինել:

Նախարարի նշած կայքին անգամ թռուցիկ հայացք գցելիս հնարավոր չէ չնկատել դրա, մեղմ ասած, միտումնավորությունը: Իսկ լրագրությանն անհարիր լեզվամտածողության մասին լրիվ ավելորդ է խոսել: Իր մասին տվյալներով էլ կայքը կարծես թե չի փարատում իր՝ վստահելի և ոչ միտումնավոր և որ ամենակարևորն է՝ լրատվամիջո՛ց լինելու մասին կասկածները: Մի խոսքով, երևի դատախազությունն ու իրավապահները ցանկության դեպքում ավելի լավ կգտնեն հավանական «ֆեյքին»: Իսկ դա կարող է նոր հարմար առիթ դառնալ «ֆեյքերի» դեմ պայքարի երկրորդ փուլի համար: Առաջինը, որ «ֆեյք հաշիվների» (անանուն, կեղծ օգտատերերի) դեմ էր ուղղված, կարծես թե նաև լրագրողական կազմակերպությունների ջանքերով, հնարավոր եղավ կասեցնել: Իսկ նույնը կլինի՞ անել երկրորդ անգամ, եթե հանկարծ սլաքն ուղղվի ֆեյք ԶԼՄ-ների դեմ: Չէ՞ որ այդ պայքարի վնասները հանրությանն ու  լրատվամիջոցներին շատ ավելին կարող են լինել, քան ենթադրական օգուտը:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*