ՄԱՐՏԵՐ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ

HenaranԱռաջին հայացքից ոչ մի արտասովոր բան չի կատարվել. մի լրատվամիջոց մի կայքում տեղեկություն է տեսել և փորձել այն ճշտել տեղեկությունում հիշատակված անձանցից մեկի մերձակա շրջապատից: Իսկ արդյունքում ստացվել է … «մարտ առանց կանոնների»:

Henaran.am-ում հայտնի մարդու հիվանդանոցային լուսանկարը և հոդվածի վերնագիրը՝ ի՞նչ է պատահել նրան բովանդակությամբ, միանգամից ուշադրություն է գրավում: Երկու, նկատեք՝ առաջի՛ն երկու պարբերություններում բառացիորեն «մեջբերվում է» այն, որ հայտնի անձնավորությունը «նախօրեին իշեմիկ ինսուլտ ախտորոշմամբ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք» և նրան այնտեղ այցի է գնացել Մանվել Գրիգորյանը:

Էժանագին այս հնարքով ընթերցողին երկու պարբերություն իր մոտ պահելուց հետո, կայքը բարեհաճում է տեղեկացնել, որ «լուրի իսկությունը ճշտելու նպատակով» մեկնաբանություն է խնդրել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդականից: Եվ միայն հենց այս՝ երրորդ պարբերությունում հայտնում, որ գեներալի խորհրդականը նախ զարմացել է, հետո էլ տեղեկացրել, որ դեպքը տեղի է ունեցել, սակայն՝ … անցյալ տարի:

Փաստորեն, ձև անելով, թե ինքը հերքում է, մեղմ ասած, ոչ հավաստի տեղեկությունը, «Henaran»-ը, հերոսաբար մինչև վերջ իր հետ է պահում «իր» ընթերցողին՝ այդ ընթացքում խախտելով լրագրության թե՛ մասնագիտական, թե՛ էթիկական նորմերը: Այսինքն, այս սկզբունքով աշխատող լրագրողների համար լրագրություն առարկան դասավանդել սկսել պետք է ամենասկզբից՝ լուրի կառուցման տեխնիկայից: Եվ տարատեսակ բուրգեր սովորեցնելուց անմիջապես հետո կարիք կլինի միանգամից անցնել էթիկային՝ բաց թողնելով անգամ տեղեկություններ, փաստեր հավաքելու հմտություններ և այլ բաժիններ:

Իսկ ամենացնցողը հինգերորդ՝ վերջին պարբերությունն է. հիշատակված անձը «ողջ ու առողջ տանն է: Նա իրեն շատ լավ է զգում ու այս պահին միայն այս կարգի լրատվությունը կարող է անհանգստացնել նրան»,- ասաց գեներալի խորհրդականը»:

Կարևորը՝ կա գիտակցումը, որ այդ կարգի լրատվությունը կարող է անհանգստացնել դրանում հիշատակվող անձանց: Մանրուք է, սակայն՝ հուսադրող:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.