«ԹՈՒՐՔ -ՀՐԵԱ -ՄԱՍՈՆԱԿԱՆ» ԹԱԿԱՐԴ

3 nkar israeli «Եղիր հետաքրքասեր. եթե դու հետաքրքրասեր չես, գործ չունես լրագրության հետ»,- ասում են լրագրության դասական ուսուցիչները՝ գրեթե պատվիրան տալու տոնով: Սա գուցե լրագրության «Հին կտակարանն» է: «Նոր կտակարանը» պետք է որ հորդորի՝ «Կասկածի՛ր. եթե դու չես կասկածում, ապա լրագրությունը քո տեղը չէ»:

Մայիսի 6-ին երեկոյան մի հանրային-քաղաքական գործիչ սոցիալական ցանցում տեղադրեց հրեական մի պարբերականի նախորդ օրվա հոդվածը՝ այսպիսի մի «սկանդալային» վերնագրով ու բովանդակությամբ՝ «Իսլամական պետությունը շնորհավորել է Թուրքիայի առաջնորդին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ»:

1 nkar israeli

Սա պետք է որ պայթեցներ ոչ միայն հայաստանյան մամուլն ու իրականությունը, այլ նաև՝ ողջ միջազգային մեդիան և հանրությունը, հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ՝ ապրիլ ամսվա միջազգային բումի ֆոնին: Մանավանդ որ հոդվածը մինչև այդ արդեն արտատպվել էր www.aypoupen.com, www.gagrule.net  կայքերում և m.google.com-ում:

Շատ չանցած՝ այս հրապարակումը հասավ ՖԲ հայաստանյան օգտատերերին, որոնք էլ հղում անելով հայտնի գործչին, տարածեցին հոդվածը: Իսկ ՖԲ-ից մինչև մեր լրատվական կայքեր նույնիսկ մեկ քայլ էլ չի՝ կես շունչ է: Եվ ահա, առանց այդ կես շունչը քաշելու, մի քանի  լրատվամիջոց այստեղ և այստեղ տեղադրեցին «սկանդալը»:

Վերանում ենք հնարավոր քաղաքական ենթատեքստերից ու հեռահար նպատակներից, որոնք կարող են ընկած լինել այս հոդվածի հրապարակման նախապատմության հիմքում:

Միայն նման վերնագիրն արդեն ցուցիչ է, որ տեղեկությունը որպես հավաստի տարածելուց առաջ այն պետք է ստուգել:

Ի պատիվ այլ լրատվամիջոցների, նրանք չեն տարածել այս նյութը: Առնվազն՝ դեռ:

Ինչո՞ւ՝ ի պատիվ: Բանն այն է, որ այս հոդվածի սկզբնաղբյուր հրեական պարբերականը իր կայքի «Մեր մասին» բաժնում գրում է. «The Israeli Daily-ն (TID) երգիծական և հումորային կայք է, որը արտադրում է կեղծ հոդվածներ՝ Մերձավոր Արևելքի հետ կապված կամ դրա մասին՝ ծիծաղելու և ժամանցի նպատակներով: Մենք խառնում ենք ամեն ինչ, շփոթեցնում՝ ում պատահի՝ միաժամանակ հավասարակշռություն պահպանելով մեր հրապարակումներում:

Մեր նպատակն է՝ …. մի քիչ լույս ու ծիծաղ ավելացնել այս տարածաշրջանի շուրջ»:

Պարբերականն այսքանով չի բավարարվում և վերևում շարադրվածը փոխադրում է հետևյալի՝ «Ավելի պարզ ասած՝ ինչ որ կարդում եք մեր կայքում, ամբողջությամբ հորինված է, և դուք որևէ կերպ, որևէ նպատակով կամ որևէ ձևով մեզ լուրջ չպետք է ընդունեք: Պարզ է՞» (ընդգծումները՝ ԵՄԱ Ամփոփագրի):

Իհարկե, պարզ չէ, եթե հայաստանյան մամուլը այսքանից հետո արտատպում է վերոնշյալ կայքի հոդվածը, ճիշտ է, որոշակի «սեփական աշխատանք» տանելուց հետո: Մասնավորապես նյութում օգտագործվում են «իբր», «կասկածելի տեղեկություն» արտահայտությունները, ինչպես նաև՝ կասկած հայտնվում, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը կարող էր բարեկամաբար պատասխանել այս շնորհակալությանը: Ավելին, մերոնք կարծես թե մի լավ քրքրել էին թուրքական լրատվամիջոցները և հանգել հետևյալ եզրակացությանը.՝ «Շեշտենք, որ թուրքական լրատվամիջոցներում էլ այս տեղեկության մասին որևէ հիշատակում դեռ չկա»:

Հարգելի գործընկերներ, թուրքական լրատվամիջոցները տակնուվրա անելուց առաջ անհրաժեշտ է ճշտել ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ: Դրա տարբերակները բազմաթիվ են անգամ այն պարագայում, երբ այդ սկզբնաղբյուրի անունը նշված չէ: Իսկ այս անգամ նույնիսկ անունն էր հայտնի: Այսինքն, անունը copy-paste ենք անում գուգլում, բացում հենց առաջին էջը ու կարդում կայքի «Մեր մասինը»: Հավատներդ չի՞ գալիս՝ էդ բոյի կատակ…, բացեք այդ հոդվածին նախորդող հրապարակումը՝ «ՄԱԿ-ը դատապարտում է Իսրայելին՝ Նեպալն օկուպացնելու համար»:Ասենք նույնիսկ «Մեր մասինը» բացել չարժե. ընդամենը նայեք առաջին էջին և կարդացեք հրապարակումների վերնագրերը.

2 nkar israeli

Թե չէ՝ «…թուրքական լրատվամիջոցներում էլ այս տեղեկության մասին հիշատակում չկա…»: Թուրքականներում անգամ չկա, իսկ հայկականները լուրջ-լուրջ տարածում են:

Leave a Reply