ԼՐԱԳՐՈՂ, ԵՐԲԵՄՆ ՄԵՐԺԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ

3-րդ լուսանկարԼրագրություն դասավանդողները, այսինքն այլևս տեսաբան դարձած կամ դեռևս այդպիսին չդարձած նույն իրենք՝ լրագրողները, որոնք նաև հնարավոր է  մի ժամանակ խմբագիր եղած լինեն, իրենց ուսանողներին մի կարևոր բան են փորձում ներարկել: Դրան տարբեր ձևակերպումներ են տալիս՝ ինքն իրեն խմբագրել, շատ տեղեկություններից ամենաանհրաժեշտը, ամենակարևորն ու էականը ընտրել կարողանալու ունակություն և այլն: Իսկ մի դասախոս, օրինակ, այդ կարևոր բանը ձևակերպում էր այսպես՝ «կարողացիր ինքդ քեզ ասել՝ ոչ», «մերժիր ինքդ քեզ երբեմն»:

Հատկապես սկսնակ լրագրողներն են կարծում, որ բոլոր այն տողերը, որոնք դուրս են եկել իրենց գրչի տակից, պիտի անխտիր հասարակության սեփականությունը դառնան: Հնարավորինս կուսական վիճակում: Վերջերս առավել հաճախ այս ոչ ընտրողականությունը մամուլում հայտնվում է լուսանկարների տեսքով, որին «կոնսպիրացիոն» ֆոտոռեպորտաժ անունն է տրվում:

Մինչդեռ լրագրությունը մեծ հաշվով ընտրելու արվեստ է՝ նախ տեղեկության, հետո՝ դա ստանալու լավագույն աղբյուրի, դա ճշտելու լավագույն այլընտրանքային աղբյուր/աղբյուրների, այդ տեղեկությունը լավագույնս անձնավորող հերոսի, նրանից կատարելիք ուղղակի և անուղղակի մեջբերումների, նյութի կառուցման, մատուցման, ձևավորման, հրապարկման տեղի, ժամանակի, միջոցների, ուղեկցող լուսանկարների…

Լրագրության դասընթացի և իր այս առանցքային բաղկացուցիչի՝ ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին հիշեցրեց այս շաբաթ տեղի ունեցած մի միջոցառման երկու տարբեր լուսաբանումների համեմատությունը:

Իսկ ընտրել կարող է ոչ միայն տեղեկատվություն արտադրողը՝ լրագրողը, այլև սպառողը՝ լսարանն ու ընթերցողը:

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գյուլունյա» գրքի շնորհանդեսը հայաստանյան մամուլը լուսաբանեց ակտիվորեն: Առանձնացնում ենք դրանցից երկուսը:

Առաջինը՝ հակիրճ, միջոցառման բովանդակությունը նյութի վերնագրում բացահայտող վերնագրով, ընտրված՝ ներկաներին, հյուրերին առանց անունների թվարկման «բացահայտող», համապատասխան տեխնիկայով կատարված և որ ամենակարևորն է՝ շնորհանդեսի անմիջական ու ջերմ մթնոլորտը փոխանցող լուսանկարներով (հրապարկման եզակի թերություններից կարելի է նշել ՀԳՄ նախագահի լուսանկարի տակ շարունակվող տեքստի անհամապատասխանությունը այդ լուսանկարին. համենայնդեպս, միջոցառման գլխավոր բանախոսի՝ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագրի լուսանկարի բացակայությունը արդարացված չէ):

Երկրորդի վերնագրից հնարավոր չէ հասկանալ՝ ինչի, մանավանդ՝  ում մասին է խոսքը: Նախ՝ վերնագրում՝ որպես խայծ միտումնավոր օգտագործվել է, ճիշտ է, միջոցառման ժամանակ հնչած, բայց՝ լուսաբանման համար անտեղի խոսք: Իսկ նյութի գլխավոր լուսանկարում շնորհանդեսին ներկայացված գրքի հեղինակի… նախկին գործընկերներն են:

Տեքստը լրագրության ցանկացած դասագրքի «Ինչպես չի կարելի կառուցել և խմբագրել լուրը»  բաժնի դասական օրինակ կարելի է համարել՝ հայտնի անունների թվարկմամբ, պաշտոնների և կազմակերպությունների ոչ լիարժեք ներկայացմամբ:

Լուրն ուղեկցվում է ֆոտոռեպորտաժով, որն իրականում լուսանկարչական ապարատի դատարկված չիպն է՝ առանց ընտրության՝ առատության եղջյուրից թափված լուսանկարներով (60 լուսանկար հաշվելուց հետո այդ գործը, հավատացեք, այլևս անիմաստ է շարունակել): Այստեղ կան աստիճաններով բարձրացողների կամ պարզապես քայլողների  ծռված ոտքեր, օբյեկտիվում օբյեկտիվորեն պատահաբար հայտնվածների կամ աչքերը թարթողների, անհաջող դիմախաղ անողների դեմքեր, անգամ՝ նույն կադրի բոլոր փորձերը: Սա՝ ի թիվս բազմաթիվ ստացված ու հաջող, գտնված լուսանկարների: Եվ ոչ մի հետք՝ ստացվածների ու չստացվածների միջև ընտրության համար թափված ջանքի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.