ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ

Անցնող շաբաթում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք պետք է որ հետաքրքրեին կամ կարող էին հետաքրքրել մեդիա դաշտին, եթե տեղի չունենային այս շաբաթ: Հիշեցնենք, որ ամերիկահայ հեռուստաաստող Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցելությունը մթագնեց ոչ միայն ներքևում թվարկված իրադարձությունները, այլ նաև նույնիսկ՝ ՀՀ նախագահի այցը Իտալիա, Հիմնադիր խորհրդարանի ղեկավարների և ակտիվիստների ձերբակալությունը և այլ՝ ոչ պակաս նշանակալից իրադարձություններ:

Ապրիլի 8-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը մասնակի բեկանել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ հեղինակային իրավունքի խախտումները վերացնելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին դատական գործով:

«Հետքը» հիշեցնում է, որ «առաջին ատյանի դատարանը որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար բավարարել էր 8000 դրամ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության դատարանը 2000 դրամի չափով ավելի է հաշվարկել պետական տուրքը և որոշել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ից հօգուտ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բռնագանձել ոչ թե 8.000, այլ՝ 6.000 դրամ: Մնացած մասով վճիռը մնացել է անփոփոխ»:

Առաջին ատյանի դատարանը որպես փոխհատուցում բավարարել էր նաև «Հետաքննող լրագրողների» 200.000 դրամ պահանջի 100.000 դրամը, ինչպես նաև հօգուտ ՀԿ-ի բռնագանձել է դատական ծախս`150.000 դրամ փաստաբանի վճար:

Այս գործը հիշատակման արժանի է հատկապես այն պատճառով, որ սա առաջին դատն է՝ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո, որը հանրությանն առավել հայտնի է «copy paste»-ի դեմ պայքարի օրենք:

Նույն օրը՝ ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ Չինաստանը Հայաստանին նվիրել է արդիական շարժական հեռուստակայան, որը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն սարքավորումներով: Շարժակայանը հատուկ բեռնատար ինքնաթիռով Հայաստան է առաքվելու ապրիլի 15-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների լուսաբանումն ապահովելու նպատակով:

Այս տեղեկությունից կարելի է ակնկալել, որ Չինաստանի կառավարության այս նվերը կբարելավի Հանրայինի Ապրիլի 24-ի եթերը: Առնվազն՝ տեխնիկական տեսանկյունից:

Լրագրողներին հասցեագրված շաբաթվա «վիրավորանքը» «թուրք» բառն է եղել: Ա1+-ից տեղեկանում ենք, որ ՀՀԿ-ական տիկինն իրենց միջոցառումը լուսաբանողին թուրք է անվանել: Եվ սա այն պատճառով, որ Ծիծեռնակաբերդում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած միջոցառման ժամանակ լրագրողները ֆիքսել էին մասնակիցների լայն ժպիտները: Առավել խոսուն մեջբերումը՝ «Եթե մենք իմանայինք, որ, ասենք, թուրք լրագրող է լինելու լուսաբանողը, երևի տանից դուրս գալիս մինչև միջոցառման վերջը կատեգորիկ չէինք ժպտա:» Տիկինը վստահ է՝ «կանանց ջերմ հանդիպման մի քանի ժպիտն առավելագույն դիտումներ բերեցին լրատվական կայքերին»:

Հնարավոր է, որ սա ևս մեկ դատական գործի հիմք դառնա, համենայն դեպս, մեկ ուրիշ Հանրապետական տիկնոջ համոզմամբ՝ «այն մարդիկ, ովքեր անձնական վիրավորանքներ են հասցրել հանրապետական կանանց, մայրերին, նրանք պատասխան են տալու»։

Ապրիլի 6-ին հայաստանյան լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Թուրքիայում օդանավակայանից արտաքսել են գերմանացի լրագրողին, որը պատրաստում էր  Հայոց ցեղասպանության թեմայով հրապարակումներ

Այս շաբաթ լրագրողները հաշվեցին, որ խմբագիր Արգիշտի Կիվիրյանի դեմ դատական գործերի թիվը հասել է 10-ի և թվարկել նախ վարչական գործերը՝ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ Շանթ Հարությունյանի պաշտպանության գործով, Պերմյակովի դեմ գործով, «Բաղրամյան 26-ի գործը»՝ Պուտինի այցի դեմ, «դդումների» գործը՝ Հելոինի օրը կազմակերպված, Կոմիտաս 5-ի գործը, մոմավառության՝ երբ օպերայի տարածքում արգելել էին, հետո նաև՝ մեկ քրեական գործը, որի դատաքննությունը ընթանում է Արաբկիրի դատարանում:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*