ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼԻՆԻ

ՀՀ կառավարությունը հենց նոր իմացավ, որ ինքն ամենևին պատրաստ չէ հեռարձակման անալոգային եղանակից անցնելու թվայինին: Ավելին, կառավարությունը նույնիսկ մոտավոր պատկերացում չունի, թե երբ կգա այդ՝ պատրաստ լինելու վիճակին:

Հերիք է կարդալ ապրիլի 2-ի ՀՀ կառավարության նիստից հետո հրապարակված հաղորդագրությունը՝ հասկանալու համար, որ վերջապես՝ այն, ինչ տարիներով պնդում են հայաստանյան լրագրողական կազմակերպությունները և միջազգային փորձագիտական շրջանակները, տեղ է հասել: Ըստ այդ հաղորդագրության, քննարկելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, մեր գործադիրը ընդունելի է համարել թվային հեռարձակման ժամկետի հետաձգումը մինչև 2017թ.: Իսկ ի՞նչն է դրա համար հիմք ծառայել: Իհարկե մոտ մեկուկես տասնյակ հեռուստաընկերությունների փակման պատճառով մի քանի հարյուր մարդու գործազուրկ դառնալու հնարավոր հեռանկարը: Ինչ խոսք, մարդասիրական է, սակայն՝ ոչ այնքան արժանահավատ:

Ընդունելի համարելով հանդերձ, կառավարությունը ձեռնպահ է մնացել այս կապակցությամբ որևէ որոշում կայացնելուց՝ հավանաբար այս կարգի ձևակերպումներով փորձելով շոշափել տեղի և միջազգային (վերջինն ավելի հավանական է) փորձագիտական շրջանակների տրամադրվածությունը, ինչո՞ւ չէ՝ գուցե նաև նրանց այս մտքի հետ կամաց-կամաց հաշտեցնել:

Ընդ որում, մեր գործադիրին անհագստացնում են այն ֆինանսական խնդիրները, որոնք այդ հետաձգման արդյունքում կարող են ծագել: Իսկ դրանք ոչ թե կարող են, այլ՝ հաստատ կծագեն:

Այստեղ ուղղակի պետք է մեջբերումներ անել փաստաթղթերից՝ ցույց տալու, որ սա ամենևին նորություն չէ: Օրինակ, 2010թ. մարտին հրապարակված Հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգի ԵԱՀԿ փորձագիտական վերլուծությունը զգուշացնում է՝ « Միաժամանակ անալոգային և թվային հեռարձակման համակարգեր ունենալը թանկ է» և խորհուրդ տալիս՝«ուստի այդ ժամանակաշրջանը պետք է որքան հնարավոր է կարճ լինի»: Կամ՝ նույն տեղում. «Ապակոդավորման սարքերի սուբսիդավորման հարցը կարևոր է: Գործնականում դա պետք է իրականացվի հստակ և արդար չափանիշներով»: Մինչդեռ մեզ մոտ մինչև այսօր հստակեցված չէ, թե որ խավն է սուբսիդավորվելու):

Վերլուծությունը անալոգային լիցենզիաների տրամադրումը սառեցնելու գաղափարը ողջամիտ է համարում, «քանի որ դա հեշտացնում է հեռարձակողների լեգիտիմ ակնկալիքների հետ կապված հարցերը: Սակայն հեռարձակման լիցենզիաների մրցույթների սառեցումը թվայնացման գործընթացի առաջին քայլը չպետք է լինի: Այն չպետք է օգտագործվի բազմազանությունը սահմանափակելու համար և պետք է մշտապես կիրառվի առանց խտրականության»: Ավելորդ է հիշեցնել, որ լիցենզիաների տրամադրման մորատորիումը կարելի է ասել՝ թվայնացման առաջին քայլերից էր:

Երկու օր առաջ կառավարությունը ավետել է, որ «Առաջիկայում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացնելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը»:

Երևի թե հինգ տարում հնարավոր կլիներ ոչ միայն պարզապես աշխատել այս ուղղությամբ, այլ նաև արդեն մշակած և ընդունած լիներ այն փոփոխությունները, որոնք առաջարկվել են 2010-ին հետևյալ հարցերի շուրջ. լիցենզավորման գործընթացը և լիցենզիայի տարբեր մասերը, լիցենզավորման խնդիրներով զբաղվող մարմնի կարգավիճակը և դերը (անկախությունը), ծրագրերի ընտրության չափանիշները, որպեսզի բազմազանություն և բազմակարծություն ապահովվի, ենթակառուցվածքային խնդիրներ (հասանելիություն և փոխկապակցվածություն), շուկայի վրա էական ազդեցություն ունեցող միջոցառումների հատուկ դերը` գերիշխող դիրքի չարաշահումից խուսափելու համար:

Եղել են առավել կոնկրետ առաջարկներ՝ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի փոփոխության ուղղությամբ, որոնք, հայտնի չէ ինչ-որ կերպ հաշվի կառնվեն այն օրինագծում, որը պետք է պատրաստի Կապի և տրանսպորտի նախարարությունը:

Ուղղակի հնարավոր է, որ դրանք կարդացող չի եղել, կամ ով կարդացել է, այլևս կառավարությունում չէ:

Առավել հետաքրքիր է, թե 2010 թվականին ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի պատվերով պատրաստված «Թվայնացման ուղեցույցը» այդ պրոցեսի պատասխանատուներից որևէ մեկի ձեռքն ընկե՞լ է, թե՞ ոչ:

Համենյանդեպս՝ մեջբերում այնտեղից.«Անալոգային հեռարձակման անջատման ամսաթիվը, ըստ երևույթին, կառավարությունների տրամադրության տակ եղած ամենաուժեղ և ամենաարդյունավետ քաղաքականության գործիքն է: Ինչպես ցույց է տալիս Գերմանիայի փորձը, անջատման ամսաթիվը շատ մոտ և շատ հստակորեն սահմանելը կարող է խիստ օգտակար լինել թվայնացումն արագորեն և բարեհաջող կերպով կատարելու գործում»:

Ինչպես հասկանում ենք, մենք Գերմանիայի ճանապարհով գնացողը չենք: Իսկ անալոգայինից թվայինի անցման ժամկետի հնարավոր փոփոխությունը, իհարկե, միջազգային կառույցներին պետք է ներկայացվի ոչ թե պարտավորությունների կատարման չկամություն կամ անկարողություն, այլ հստակ հանրային (ինչո՞ւ չէ՝ կարելի է և գերական) շահ՝ ախր ինչպե՞ս կարելի գործազուրկ թողնել մոտավորապես 14  հեռուստաընկերությունների երեք հարյուր աշխատակիցների:

Մնում է՝ կասկածելի պատճառաբանություններն էլ ընդունելի լինեն:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.