ՄԻ «ԳՈՂՈՒԹՅԱՆ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մի քանի օր առաջ համացանցի հայ օգտատերերը  բարկացան ու վրդովվեցին, երբ Դոլչե-Գաբանա ապրանքանիշի Ինսթագրամի էջում հայտնվեց «Մարաշլյան ֆոտո»-ի   արտադրանքը՝ բացելով հայ-ադրբեջանական հակամարտության նոր «ճակատ». ադրբեջանցի օգտատերերը որոշել էին, որ լուսանկարում ադրբեջանական ընտանիք է, հայ օգտատերերը հակառակն էին ապացուցում:

«Մարաշլյան ֆոտոն» ստիպված էր հրապարակել իր այդ աշխատանքի և գունավոր, և սև-սպիտակ տարբերակները, նաև այդ նույն ֆոտոսեսիայի այլ աշխատանքներ՝ վերջնականորեն փակելով այդ բանավեճը:

Սակայն սա՝ մակերեսին և հիմնականում՝ մեր մամուլի հրապարակումներում, որոնցում գերակշռում էր հետևյալ ձևակերպումը՝ «Նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը` Dolce&Gabbana-ն, հանրահայտ Instagram ֆոտոծառայության պաշտոնական էջում հրապարակել է հայկական ավանդական ընտանիքի լուսանկար»:

Համարյա կարելի էր վրդովված բացականչել. «Փաստորեն օրը ցերեկով կարելի է վերցնել ուրիշի արտադրանքը, հանգիստ դնել սեփական գործերի արանքում, ինչ է թե դու Դոլչե-Գաբանան ե՞ս»…

Բայց ոչ, շտապել պետք չէ:

Ինչպես մամուլում ասել էր «Մարաշլյան» ստուդիայի հիմնադիր և լուսանկարիչ Էմմա Մարաշլյանը, նկարը հնարավոր է վերցված լինել լուսանկարում «ներկայացված երիտասարդների էջերից և պատահաբար, իսկ պատվիրատուները երբեմն կտրում են հեղինակի լոգոն ու նոր են տեղադրում անձնական էջերում»: Ի դեպ, այստեղ հիշատակվող հոդվածը վերնագրված է՝ «Ինչպե՞ս է Dolce&Gabbana-ն խախտել հայ լուսանկարչի հեղինակային իրավունքը»(՞):

Առավել հազվադեպ հրապարակումները մասամբ բացել էին այս «ֆոտո-պատմության»  վարագույները, ինչից տեղեկանում ենք, որ իրականում Դոլչե-Գաբանան այնքանով կապ ունի այս լուսանկարի հրապարակման հետ, որ պարզապես հարթակ է տրամադրում ցանկացող մեկի համար՝ հրապարակելու իր ընտանեկան լուսանկարը: Այլ կերպ ասած, ընկերությունը ոչ մեկի էջից առանց տիրոջ գիտության ոչինչ վերցնել չի կարող:

Քիչ ավելի փորփրելու դեպքում ջրի երես է դուրս գալիս ընկերության կայքի «Դոլչե-Գաբանա/Ընտանիք»  նախագծի «Օգտագործման պայմաններ» բաժինը, որում ամրագրված է, որ լուսանկար բեռնելիս հեղինակային իրավունքի, անձնական տվյալների գաղտնիության կամ  գովազդի իրավունքի խախտման պատասխանատուն բացառապես այդ լուսանկարը բեռնող օգտատերն է:

Ընդ որում սա վերաբերում է նաև լուսանկարը փոփոխությունների ենթարկելու և ընդհանրապես Մտավոր սեփականության իրավունքի կարգավորման ենթակա այլ դրույթների առնչվելու դեպքում (իսկ հպանցիկ հայացքն անգամ բավարար է՝ համոզվելու որ Ինսթագրամում հրապարակված լուսանկարն իսկապես փոփոխության է ենթարկված, համենայն դեպս հեղինակի՝ արվեստանոցի անունի հատվածը կտրված է):

ԻնսթՄարաշլյան

Հնարավոր է, որ հենց այս պատճառով էլ ԴԳ-ն չի արձագանքել  իրենց պաշտոնական էջում լուսանկարի հեղինակի ներկայացուցչի գրառմանը՝ աշխատանքի հեղինակի և դրանում պատկերված հայկական տարազի մասին:

Այս պատմության մեջ, անկախ վերը նշված խախտումների, կամ ի հեճուկս դրանց, շատ են նաև մխիթարող կողմերը: Նախ՝ սիրողական հայացքն անգամ բավարար է. հասկանալու համար, որ այդ լուսանկարը բարձր որակի է՝ ընդ որում և տեխնիկապես, և գեղարվեստական, և բովանդակային առումներով: Հակառակ դեպքում այն հաստատ չէր հայտնվի նորաձևության և համաշխարհային բոմոնդի կուռքերի կողքին («ԴԳ/ընտանիք» նախագծի էջից բացի այն հայտնվել է նաև ԴԳ-ի Ինսթագրամի պաշտոնական կայքի առաջին էջին, ի թիվս նույն նախագծի այլ՝ բարձրորակ աշխատանքների):

ԴԳԻնսթառաջին էջ

Գուցե թե այս պատմությունը դաս դառնա ֆոտո ստուդիայի համար, և նրանք իրենց պատվիրատուների հետ պայմանագրերում ավելի զգույշ և ուշադիր լինեն իրենց հեղինակային իրավունքին,  արտադրանքի տարածմանը  և հնարավոր փոփոխություններին առնչվող հարցերին:

Թե չէ այսպիսի լուսանկարները, ռուսերենից թարգմանած՝ փողոցում թափված չեն լինում: Բայց և «դուռն կողպելն» էլ չէր խանգարի:

Leave a Reply