ԸՆՏՐԱՆԻ

year in review 2014 imageՀայաստանյան լրագրության համար 2014 թվականը նշանավորվեց մի շարք իրադարձություններով: Դրանց ընտրանին՝ քաղված ԵՄԱ Ամփոփագրի հրապարակումներից:

Անհնարինը՝ ակնհայտ

Հայ լրագրությունն ունցել է անշուշտ բանտային կյանքի խրոնիկոն, օրագրեր տպագրելու փորձ, սակայն առաջին անգամ ԶԼՄ ղեկավարը աշխատանքի ընդունեց ցմահ բանտարկյալի, մարդու, որը նույնիսկ, իր իսկ խոսքերով, չգիտի ինտերնետն ինչ տեսք ունի, քանի որ 18 տարի է՝ բանտում է: «Հետքի» նոր թղթակիցը իր շնորհակալությունը հայտնեց գլխավոր խմբագրին՝ կարևորի մասին բարձրաձայնելու՝ իրեն տված հնարավորության համար: Իրականում այդ հնարավորությունը՝ վերջապես լսելու կարևորի մասին՝ տրվեց «Նուբարաշենից» դուրս գտնվող հայ հասարակությանը:

Շղթան կազմվում է օղակներից

Միայն մեկ տեղեկատվական առիթը բավական էր, որ այն ոչ միայն ինքնին լրագրողական նյութ դառնար, այլև ժամանակի ընթացքում դրան հետևեին շղթայի մյուս օղակները: Ինչպես դա եղավ, երբ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ մի քանի երիտասարդների կողմից խոչընդոտվեց լրագրողների աշխատանքը: Սա առիթ դարձավ՝ ոչ այնքան անդրադառնալու լրագրողների աշխատանքը խոչընդոտելու այլ դեպքերի, որքան տարավ այլ՝ ոչ այնքան սպասելի, սակայն ոչ պակաս հետաքրքիր և պահանջարկված թեմայի՝ ատենախոսությունների պաշտպանությանն ընդհանրապես , պաշտոնյաների և նրանց զավակների ատենախոսությունների պաշտպանությանը՝ մասնավորապես:

Սրբազան հանգիստ

Տեղեկությունները, որ Սիրիայի Քեսաբ բնակավայրի վրա մարտի 21-ի վաղ առավոտյան հարձակում է տեղի ունեցել, հայաստանյան լրատվամիջոցներում  հաղորդվեց մի քանի տողով կամ իսպառ չհաղորդվեց. չէ՞ որ շաբաթ-կիրակի էր: «Սրբազան» շաբաթ-կիրակիով չանհանգստացվեց ԱԳՆ ոչ մի պաշտոնյա, Սփյուռքի նախարարության ոչ մի աղբյուր, շատ հեռախոսազանգեր կարծես թե չհնչեցին նաև Հայաստանում ապաստանած մեր սիրիացի հայրենակիցների բնակարաններում. հայաստանյան ԶԼՄ-ները հանգստանում էին:

Չնչին բացառություններով,  հայաստանյան  լրատվամիջոցներում տեղեկություններ չհայտնվեցին՝ անմիջականորեն տեղյակ աղբյուրներից:

Միակ «կոչնակ հնչեցնող» լրատվությունը անցյալ հանգստյան օրերին «Երկիր մեդիայի» «Երկրի շաբաթը» կիրակնօրյա լրատվական-վերլուծական ծրագիրն էր, որը ևս արձանագրեց, որ Քեսաբի մասին «կցկտուր լրատվությունից» բացի, «կոչնակ հնչեցնելու ճիգ անգամ չկա»:

Ջուր ծեծե՞լ

Նույնիսկ 2013թ. սեպտեմբերին «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքում» փոփոխություններ կատարելիս չբարձրացավ այն աղմուկը, որն արեց, այսպես կոչված, «ֆեյքերի» օրենքը, որն անհանգստացրեց լրագրողական և լրագրողամերձ գրեթե բոլոր շրջանակներին: Ոչ մի լուրջ լրատվամիջոց և մասնագիտական կազմակերպություն փնտրեց ու չգտավ այդ օրինագծի դրական կողմերը:

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն տարածեցին:

Օրինագծի հնարավոր բացասական ազդեցությունների ցանկն իսկապես «տպավորիչ» էր: Ինչպես օրինակ. «… այս օրենսդրական նախաձեռնությունն իր մեջ խոսքի ազատության, տեղեկատվություն ստանալու և տարածելու` քաղաքացիների իրավունքի իրացման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության համար սպառնալիքներ է պարունակում: Այն ի զորու չի լինելու էական ազդեցություն գործել զրպարտություն, վիրավորանք, մասնավոր կյանքի միջամտություն պարունակող տեղեկատվական հոսքերի վրա: Դրա հետ մեկտեղ, օրենքի փոփոխությունները կկաշկանդեն տեղեկատվական գործընթացների բարեխիղճ մասնակիցներին, համացանցի հայաստանյան օգտատերերին կստիպեն «արտագաղթել» վիրտուալ տիրույթի՝ ազգային իրավազորության ենթակայությունից դուրս սեգմենտներ, պայմաններ կստեղծեն օրենքների ընտրողական կիրառման և քաղաքացիներին սուբյեկտիվ դրդապատճառներով պատասխանատվության ենթարկելու համար»:

Լուրեր՝ ռուսական ֆիլտրով

Գնալով հայաստանյան տեղեկատվական դաշտն ավելի ու ավելի է ինտեգրվում ռուսականին: Իսկ ուկրաինական թեման հայաստանյան լրատվության համար փաստորեն դարձավ այդ ինտեգրման խորության աստիճանն ստուգելու լակմուսի թուղթը:

Հայաստանյան մեդիա սպառողի ստացած տեղեկատվությունն առավելապես ռուսական ծագման էր՝ համապատասխան ոգով տոգորված: Իրականին առավել մոտ, կամ առնվազն այլ` ոչ ռուսական խողովակներով ստացված տեղեկությունները Հայաստանում քաղվում էին կամ արևմտյան լրատվամիջոցներից, որոնց մի մասը դարձյալ անաչառության կատարելատիպ չէ, կամ սոցիալական ցանցերից և որոշ չափով` նաև ուկրաինական ռուսալեզու առցանց լրատվամիջոցներից: Ռուսական այլընտրանքային «Դոժդ» հեռուստատեսությունը, ինչ-որ տեղ նաև Լենինգրադի բլոկադայի մասին հարցման կապակցությամբ սկանդալի և սնանկության եզրին հասնելու շնորհիվ, Հայաստանում դարձավ նաև Մայդանի, հետագայում նաև Ղրիմի մասին և դրանց շուրջ տեղեկությունների այլընտրանքային աղբյուր: Սակայն հետաքրքիրն այն է, որ մեր լրատվամիջոցներն առանձնապես ակտիվ չէին այս այլընտրանքային աղբյուրներից ստացված տեղեկություններն իրենց լրահոսներում օգտագործելու հարցում:

….

Իսկ երբ պարզապես անհնար էր լռել որևէ մի լուրի կապակցությամբ` գոնե կատարյալ անտեղյակ չերևալու համար, տեղեկությունը հաղորդվում էր «հուսալի» ռուսական աղբյուրից: Այս պարագայում հնարավոր է մերոնց հույսն ու ապավենն այն է, որ եթե «մեծ եղբայրն» այս մասին խոսում է, ուրեմն մենք նրան պետք է օգնենք այդ հարցում:

Գրեթե չօգտագործված

Հսկայական փաստագրական նյութ կա համացանցում ինչպես Ցեղասպանության, այնպես էլ Ցեղասպանության լուսաբանման տարբեր ժամանակահատվածների, ժանրերի և հեղինակների մասին, որն օգտագործելու առանձնապես մեծ պատրաստակամություն այսօրվա լրատվությունում չի նկատվում: Այսօրվա մամուլը անցյալի մասին պատմելիս գերադասում է օգտագործել այսօրվա՛ իրադարձությունները՝ գիրք է տպագրվել, ֆիլմ է նկարահանվել, մահացել է Եղեռնի ականատեսը, որևէ երկիր Ցեղասպանության մասին դասընթաց է մտցրել ուսումնական ծրագիր կամ պետականորեն ճանաչել է Ցեղասպանությունը: Իրադարձություններ, որոնք բուն իրադարձությանը՝ Ցեղասպանությանը առնչվում են անուղղակիորեն: Իսկ բուն վավերագրերը և ոչ թե դրանց մասին տեղեկությունները, մնում են արխիվներում կամ հազվադեպ հայտնվում մամուլում:

Հաստիքների «կրճատում»

Ապրլին աղմուկ հանեց«Արմենիա» հեռուստաընկերությունը՝ իր աշխատակցիների կողմից վարչապետի անունը վրիպակով հեռարձակելու պատմության հետ կապված:

Այս պատմությունը լավագույնս ցուցադրեց հայաստանյան լրատվամիջոցներում կոլեկտիվ պատասխանատվության բացակայությունը և դրա գոյության անհրաժեշտությունը:

Թույլ տվեք արտահայտվել

Լրագրողների հասցեին գռեհիկ և վիրավորական արտահայտություններով, ոչ օրիգինալ մեղադրանքներով հագեցած էր ապրիլ ամիսը:

ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»,- կարճ ու կոնկրետ «ձևակերպեց» պատգամավորը լրագրողների մարդկային ու մասնագիտական որակները՝ մի տեսակ «գրական» կերպով ամփոփելով իր շատ թիմակիցների կարծիքը:

Դասեր՝ լրագրողներին

Մի՞թե իսկապես հասարակական պահանջ կա մի երկու լրագրողի «նստեցնելու»՝ հարցը կրկին ծագեց, երբ հրապարակ է նետվեց իբրև թե  ինչ-ինչ հարցեր կարգավորելու ուղղված հերթական նախաձեռնությունը: Իհարկե, նստեցնելու՝ փոխաբերական, ավելի ճիշտ խորհրդանշական իմաստով: Պատժելո՛ւ:

Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելու ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնության թիրախը լրատվամիջոցներն էին: Քննի՞չն անփութություն ցուցաբերեց, նախաքննական գաղտնիք հրապարակեց՝ լրագրո՛ղը թող պատասխան տա, փաստաբա՞նն անզգույշ եղավ, լրագրո՛ղն ապրած կենա, հրապարակվե՞ց ո՛չ նախաքննական գաղտնիք, ոչինչ՝ կանցկացնեն նախաքննականի տակ, ու ո՞վ պատասխան կտա: Իհարկե՝ լրագրողը: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ փնտրել մեղավորներ չգիտես՝ որտեղ, չգիտես՝ ում մեջ: Չէ՞ որ կա փրկության օղակը՝ լրագրողը:

«Մասծեռ կլասս»

«Հասարակական կազմակերպությունները՝ որպես պետական քաղաքականության իրականացման գործիք» բազմանշանակ անվանումով «քննարկման» ժամանակ հունիսի 11-ի երեկոյան ՀՀ ԱԺ-ում պաշտոնական Կրեմլի խոսափող համարվող ռուսաստանցի լրագրող Դ. Կիսելյովի ելույթը հայաստանյան մեդիայում անվանեցին «մաստեր-կլաս»:

Հունիսի 11-ի երեկոյան Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցածից հետո, այն մտահոգությունները, թե հայաստանյան լրատվամիջոցներն իրենց հրապարակած տեղեկություններն «անցկացնում են» ռուսաստանյան ֆիլտրով, այլևս ակտուալ չեն: Այն,  ինչ տեղի ունեցավ այդ օրը, անցյալ տասը ամիսների տրամաբանական արդյունք/շարունակությունն էր: Եվ այժմ արդեն հայաստանյան իրականության համար պետք է որ առավել մտահոգիչ լինի ոչ թե պարզապես ռուսական ֆիլտրը, այլ ռուսաստանյան մեդիայի սկզբունքներո՛վ և, չի բացառվում, ռուսաստանյան  մեդիա գիգանտների անմիջական հսկողության ներքո աշխատելու հեռանկարը:

Հակազդեցություն ԶԼՄ-ներին

Հուլիսին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանը վճիռ կայացրեց, որ լրատվամիջոցը պետք է բացահայտի տեղեկատվության իր աղբյուրը: Բացահայտել իրավական տերմինն իրականում կամ առնվազն այստեղ նշանակում է «ծախել»:

Այս պատմության մեջ ամենահուսադրող ու լավատեսական պահը այն հուսահատությունն էր, որով ընտրվել էին լրատվամիջոցների դեմ պայքարի մեթոդները` հղում եվրոպական նախադեպին, որն իրականում լրատվամիջոցի օգտին է, միջնորդության բավարարում` կատարված խախտումներով և ոչ բավարար հիմքով:

Հենց այս հուսահատությունն ու ձեռքները ամեն փրփուրին գցելը ցույց տվեցին, որ լրատվամիջոցներն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունեին, և մի այսպիսի թեթև գործի պատրվակով նրանց կանգնեցնել էր պետք:

Մի թեմայի հետքերով

Պաշտոնական աղբյուրներին կարելի է, գուցե պետք էլ է չսիրել, սակայն կան թեմաներ և ոլորտներ, որտեղ առավել վստահելին պետք է որ լինեն հենց այդ՝ չսիրված պաշտոնական աղբյուրնեը: Հատկապես այն դեպքում, երբ սեփական արժանահավատ աղբյուրներ գտնել չի ստացվում:

Իհարկե, կարելի է սեփական կառավարությանն ու իշխանություններին քննադատել այնպիսի ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսին երկրում` պատերազմական վիճակում գտնվող հարևան պետությունից «անկոչ հյուր» ունենալն է: Կարելի է և պետք է: Բայց դա անելիս հիմնավորումներն ու մտահոգություններն էլ պետք է ամուր լինեն: Կամ առնվազն լինեն հիմնավորումներ: Հակառակ դեպքում լրագրության փոխարեն ստացվում է տնայնագործություն: Չգերագնահատելով ուժային կառույցների տրամադրած տեղեկությունները, մանավանդ որ դրանք շատ ժլատ էին և հաճախ հաջորդում էին հրապարակումներին, լրատվամիջոցները, միևնույն է, ավելի ծանրակշիռ և հավաստի աղբյուրներ այդպես էլ չբացահայտվեցին:

Մեր ԶԼՄ-ները և սոցիալական ցանցերը լցվեցին հայտնի և անհայտ, ինքնակոչ և խորհրդավոր դիվերսանտների և հետախույզների, կամ իրենց այդպիսին համարողների հարցազրույցներով, որոնք փորփրում, բայց չէին բացում թեման, կամ ավելի շատ հարցեր էին առաջացնում, քան թե պատասխանում էին հարցերի:

Դիմակներ պատռելու ժամանակը

«Հետմայդանական» շրջանում ձևավորված «նոր աշխարհակարգի» թերևս առաջին զոհը (և միաժամանակ՝ գործիքը) դարձան զանգվածային լրատվամիջոցները: Նորաձևություն թելադրողներն այստեղ դարձան ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքները: Գրեթե երկու տասնամյակ շարունակ նրանք քայլում էին դեպի իրենց այսօրվա «տրիումֆը»:

Այդ օրը գալու է

Սեպտեմբերին ԱԺ անվտանգության ծառայության պետի հարձակումը Ա1+-ի լրագրողի վրա որքան էլ անսպասելի էր, բայց լրիվ «դավայ սաղդ»-ի տրամաբանության մեջ էր: Գուցե հենց այդ պատճառով էլ այն շատ քիչ պաշտոնյաների անհագստացրեց:

Անկախ այն ամենից, թե ինչպես են կոծկում լրագրողների աշխատանքի խոչընդոտման, նրանց վիրավորելու դեպքերը, այդ մասին պետք է բարձրաձայնել և միշտ տեղեկացնել իրավապահ մարմիններին. չէ՞ որ դրանք մի օր սկսելու են ծառայել իրենց կոչմանը: Եվ երբեք չգիտես՝ գուցե հենց այսօր է այդ օրը:

Հայկական տոլմայի «տհաճ հոտը»

Նույն սեպտեմբերին հայաստանյան լրատվամիջոցը գրում է, որ հայկական տոլմա կերակրատեսակը հայտնվել է ադրբեջանական բանակի չոր օրապահիկում: Եվ այս մասին տեղեկացրել է ոչ ավել, ոչ պակաս՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրությունը:

Հարցեր ու պատասխաններ

Երբ տարիներով մարդիկ իրենց հարցերի պատասխաններին են սպասում, իսկ դրանք չեն տրվում, մարդիկ այդ պատասխանները սկսում են փնտրել ոչ օրվա լրահոսում: Եվ, իրոք, այն, ինչ իրենց հետ կատարվել է և որ ամենակարևորն է, դեռ կատարվելու է, գտնում են ամիսների խորքում կորած տեղեկություններից:

Նույն սեպտեմբերին հրապարակվեց հրապարակման համար չնախատեսված նյութը՝ 2014թ․ հունվարին Չեխիա կատարած այցի ընթացքում՝ Պրահայում Հայաստանի դեսպանատանը տեղի հայ համայնքի հարցերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված պատասխանները: Իսկ դրանք հնչել են միայն այն բանից հետո, երբ դահլիճից դուրս են բերվել տեսաձայնագրող սարքերը:

Այս հարցուպատասխանը ամենաանհավանական տեխնիկական միջոցների՝ 21-րդ դարում փրկվել էր համարյա հինավուրց բանահյուսական նյութի փրկության տեխնոլոգիայով՝ բերանացի. տեղի հայ լրագրողը դրանք գրառել էր: Լրագրողի, գուցե նաև՝ Քաղաքացու եզակի հոտառությամբ: Թե ինչու էր ինն ամիս սպասել այն հրապարակելու համար, նույնիսկ էական չէր, քանի որ զրույցի բովանդակությունը իր արդիականությունն ու հնչեղությունը չէր կորցրել անգամ ամիսներ անց: Եթե ոչ՝ հակառակը:

Իզուր չէ, որ այն այդպիսի արձագանք գտավ հայ հասարկության մեջ, արտատպվեց, մեկնաբանվեց և քննարկվեց հնարավոր բոլոր հարթակներում:

Ինչու՝ այդքան բուռն, չէ՞ որ աշխարհացունց նորություններ կարծես թե չկային այդ հարցուպատասխանում: Կարծես թե բոլորը գիտեին այն, ինչ բարձրաձայնեց երկրի առաջին դեմքը:

Գուցե այդ ճշմարտություններն այդքան արժեքավոր դարձան, քանի որ հենց նրա՞ բերանից հնչեցին:

«Առաջընթաց» բռնության գործերով

Երկար պայքարի արդյունքում վերջապես ստացվեց ակնհայտ բռնության փաստերի առթիվ հաջողացնել քրեական գործերի հարուցո՛ւմը:

Ինչ-որ հրաշքով Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակում սկսեց բուռն գործել՝ հատկապես լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի ուղղությամբ:

Հնարավո՞ր է, որ այդ «հրաշքը» իրական դարձավ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի՝ նույն՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստան այցելությամբ և ինտենսիվ հանդիպումներով՝ երկրի բոլոր առանցքային պաշտոնյաների հետ:

Համենայն դեպս, իրադարձությունների ժամանակագրությունը այլ՝ մեր իրավապահների մասին ավելի լավ կարծիք ձևավորելու հիմքերի տեղ չթողեց:

Հնարքն այն էր, որ հանձնակատարը հո հավերժ չէ՞ր մնալու Հայաստանում: Իսկ նրանից հետո, «արդար» դատաքննության  ընթացքում կարող էր պարզվել, որ ոչ մի բռնություն ու խոչընդոտում էլ չէր եղել: Իսկ եթե անգամ եղել էր, ուրեմն՝ հաստատ լրագրողների կողմից:

Արդեն նույնիսկ ծիծաղելի չէ

Հոկտեմբերի 1-ից հանկարծ սկսվեցին բուռն հաղորդումներն այն մասին, որ այս «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի տվյալներով Հայաստանը հետընթաց է ապրել՝ հայտնվելով 78-րդ տեղում: Այս մասին լրագրությունը զարգացման բոլոր փուլերն անցավ՝ լուրից մինչև հրապարակախոսություն:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հետազոտության՝ Հայաստանի վարկանիշի անկումը ոչ միայն «արձանագրվեց», այլ նաև դրա բացատրությունները «քննվեցին» և «վեր հանվեցին»: «Պարզվեց», որ այդ անկումը մեծապես պայմանավորված է եղել դատարանի կողմից հայաստանյան երկու լրատվամիջոցի՝ իրենց աղբյուրին բացահայտել պարտավորեցնելու մասին որոշումով:

Տարվա երրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնությունների ավելացումն էլ իր հերթին «հարստացրել էր» այդ փաստական հիմքը:

Այս մասին հրապարակումներում, անգամ եթե տրվում էին հետազոտության ակտիվ հղումները, փորձեր չէին արվել պարզելու հետազոտության հրապարակման գոնե …ամսաթիվը:

Իսկ այդ հրապարակումը տեղի էր ունեցել 2014թ. փետրվարին: Ընդ որում, պետք էր նկատի ունենալ, որ այս կարգի զեկուցումներն ու ինդեքսները տպագրվում են օրացույցային տարվա սկզբում, և բնականաբար  դրանց հիմքում լինում են նախորդ օրացույցային տարվա փաստերը:

Գյումրվա լրագրություն

Տարիներով հայ լրագրության բարդագույն խնդիրներից մեկը եղել է համերաշխությունը՝ այս կամ այն գործչի գործունեության կամ որևէ իրադարձության լուսաբանումը բոյկոտելու հարցում:

Հոկտեմբերի վերջապես տեղի ունեցավ գուցե ոչ մեծամասշտաբ, սակայն այդ շատ սպասված բոյկոտը:

Երբ ՀՀ նախագահը որոշեց հոկտեմբերի 22-ին այցելել Գյումրի՝ բացելու սփյուռքահայ բարերարի կառուցած արվեստի դպրոցը, տեղի լրատվամիջոցների համբերության բաժակը լցվեց: Ինչպես իրենք են պնդում, ինքնաբուխ որոշեցին բոյոկտել այդ այցը: Դրա համար Գյումրիի լրագրողները, ինչպես նաև նրանց լրատվության սպառողներն ունեին ծանրակշիռ պատճառներ, որոնք և ներկայացրել էին ակցիայի մասին իրենց հայտարարությունում: Ընդ որում այդ պատճառների մի մասը՝ պարզապես գյումրեցիներինը, պայմանականորեն կոչենք, քաղաքացիական էին, մյուս մասը՝ գյումրեցի լրագրողներինը՝ մասնագիտական:

Մասնագիտական համերաշխությամբ այս էլ որորերդ անգամ հանդես էր գալիս հենց Գյումրիի լրագրողական համայնքը:

Դոկտորական

Հայաստանյան մեդիայի խոշորագույն բացահայտումներից էր Սյունիքի «նորանշանակ» մարզպետի կենսագրության «պատմափիլիսոփայական» էջը: Սյունիքի մարզպետարանի կայքում այդ տեղեկությունն իրոք «պայթեցրեց» հայաստանյան մեդիան:

Կայծից բոց մի բորբոքեք

Նոյեմբերի 12-ի տեղեկությունը՝ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական ուղղաթիռ կործանելու մասին, վերջին ամիսների թերևս ամենաուժեղ առիթներից էր՝ կրքեր բորբոքելու հասարակության մեջ: Հետևաբար և՝ մեդիայում:

Այսպիսի տեղեկությունների հոսքը տակնուվրա արեց ավելի մեծ շրջանակով մարդկանց, և ոչ միայն՝ զոհերի հարազատների ու մտերիմների միտքն ու սրտերը:

Տասնամյակներով սառեցված հակամարտության իրականության լուսաբանումը շատ քիչ է առաջընթաց ապրում՝ անընդհատ օգտագործելով ատելության խոսքը:

Մինչդեռ կարծես թե դեռևս հայտնագործված չէ՝ ատելությո՞ւնն է ծնում ատելության խոսք, թե՞ հակառակը:

Կայուն ծանր

Այս ոչ կայուն ժամանակներում թվում է, միայն հիմնահարցերն են, որ մնում են կայուն… չլուծված: Այս իմաստով տիպիկ օրինակ է Հայաստանում հեռարձակման թվայնացումը:

Խոսեցնե՞լ, թե՞ չխոսեցնել…

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի հայտարարությունը, թե լավ կլինի՝ Հայաստանը լինի Ռուսաստանի իշխանության ներքո, բուռն արձագանքներ առաջացրեց իրբովանդակության պատճառով:  Եվ՝ ոչ միայն բովանդակության պատճառով:

Հայաստանյան հասարակությունը ալեկոծվեց նաև այն փաստից, որ լրագրողները չեն դադարում «խոսեցնել» Ազգային ժողովում հայտնված այն պատգամավորներին, որոնք ձայնագրման սարքի և բարձրախոսի առջև  հիմնականում արտառոց ու մեղմ ասած, ոչ միանշանակ հայտարարություններ են անում: Դրանցից հետո թեժանում են քննարկումներն այն մասին, թե արժե՞ր արդյոք այդ հրապարակման մեջ հայտնված տեղեկությունը կամ արտահայտված տեսակետը այդ ընթացքում դրսևորված հակաէթիկական պահվածքին և օգտագործված՝ գրավոր խոսքին անհարիր բառապաշարին:

Նկարը՝ http://www.pbs.org կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.