ԿԱՅԾԻՑ ԲՈՑ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ

Նոյեմբերի 12-ի տեղեկությունը՝ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական ուղղաթիռ կործանելու մասին, վերջին ամիսների թերևս ամենաուժեղ առիթներից է՝ կրքեր բորբոքելու հասարակության մեջ: Հետևաբար և՝ մեդիայում:

Մանավանդ որ, կրակն այնտեղ երկար անգամ գիշերը չէր հանդարտվում, որպեսզի դուրս բերվեն ուղղղաթիռի անձնակազմի դիերը: Եվ դրա համար պահանջվել է Միջազգային Կարմիր խաչի միջամտությունը:

Այսպիսի տեղեկությունների հոսքը տակնուվրա է անում ավելի մեծ շրջանակով մարդկանց, և ոչ միայն՝ զոհերի հարազատների ու մտերիմների միտքն ու սրտերը:

Ինչպես գրեթե միշտ՝ նման զգայուն պահերի, լրատվամիջոցները հրապարակում են անխտիր ամեն ինչ: Ուղղաթիռի խոցման կադրեր ադրբեջանական և թուրքական կայքերից ՝ առանց երկար–բարակ պարզելու՝ իսկակա՞նն են դրանք, թե ոչ, ուղղաթիռի կործանման պատճառների վերլուծություն՝ առանց խորանալու՝ լուրջ և հիմնավո՞ր են դրանք, թե՞ մեղմ ասած, սիրողական, զոհերի անունները՝ լուսանկարներով, լինեն նրանք դրանցում միայնակ, թե իրենց երեխաների հետ: Էթիկայի և մասնագիտական սկզբունքների խախտումներ, որոնք համանման դեպքերում գրեթե համատարած կատարվում են:

Սակայն այն հեղեղը, որ վերնագրերի տեսքով այսօր լցրեց համացանցը, բառացիորեն վառոդի հոտ է արձակում. «Երեք հայի կյանքի համար` տարածքային կորուստներ պատճառել Ադրբեջանին», «Բաքուն սպասում է իր ազատագրմանը. մեռցնել հանուն Հայրենքի», « Պետք է համարժեք պատասխան տալ, թե չէ թուրքն ավելի նենգ կդառնա», «Ադրբեջանցիները իրենք իրենց կրակը գցեցին» և այլն:

Սրանք հիմնականում սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումներ են, որոնք վաղուց արդեն դադարել են միայն իրենց վիրտուալ ընկերներին ուղերձ լինելուց: Դրանք դարձել են լրահոսի մի մասը, հաճախ՝ հիմնական և օրակարգ թելադրող: Այդ վերնագրերը, հետևաբար և համանման տրամադրությունները նաև հանրությանը քիչ թե շատ հայտնի անհատների կարծիքներ են, որոնք վերջիններս հնչեցնում են այս օրերին մամուլի ասուլիսների ժամանակ: Իսկ մեր լրատվամիջոցները վաղուց արդեն դադարել են խմբագրել ասուլիսին հնչեցված անգամ ծայրահեղ տեղեկությունները, աշխատել դրանց վրա կամ առնվազն համադրել դրանք՝այլ՝ քիչ թե շատ հավասարակշռված մտքերով: Եվ իրենց լսարանին չթողնել այդ բառացիորեն ծանր՝ պատերազմական լեզվի և մտածողության բեռի տակ:

Մյուս կողմից էլ այս կարգի ծուլությունը մի տեսակ տուրք է հասարակության մեջ գոյություն ունեցող այն մոտեցմանը, որ այսպիսի դեպքերում՝ ադրբեջանցիներին համատարած կոտորելու, Բաքուն արյան ծով դարձնելու և նորանոր տարածքներ գրավելու կոչ չանելը հավասարազոր է հայրենիքի նկատմամբ դավաճանության: Եվ սկսում է մրցակցությունը՝ ով ավելի բարձ, ավելի կոշտ, ավելի արյունարբու կգոռա հատուցման պահանջի մասին: Մոռանալով լրատվության միջոցի գլխավոր գործառույթը՝ տեղեկացնել:

Ինչ խոսք, ԶԼՄ-ներում բնավ էլ քիչ չեն զուտ տեղեկություններ և հնարավորինս զուսպ գնահատականներ ու մեկնաբանություններ պարունակող լուսաբանումները: Ավելի քիչ էին բացառապես, միայն հավասարակշռված և զուսպ բովանդակությամբ լրահոսները:  Սակայն դատելով անգամ պաշտոնյաների վրիպումներից, որոնք լրատվամիջոցներին փոխանցում են չափազանց զգայուն տեղեկություն՝ առանց գուցե պատկերացնելու դրա հնարավոր ազդեցությունը ուղղաթիռի անձնակազմի հարազատների և մտերիմների վրա, մեր մեդիա դաշտը (լայն իմաստով) հիմնականում այնքան էլ պատրաստ չէ արտակարգ իրավիճակների լուսաբանմանը:

Տասնամյակներով սառեցված հակամարտության իրականության լուսաբանումը շատ քիչ է առաջընթաց ապրում՝ անընդհատ օգտագործելով ատելության խոսքը:

Մինչդեռ կարծես թե դեռևս հայտնագործված չէ՝ ատելությո՞ւնն է ծնում ատելության խոսք, թե՞ հակառակը:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.