ԱՐԴԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԾԻԾԱՂԵԼԻ ՉԷ

Վերջին մեկ ամսում հայաստանյան մամուլի «ամենասիրած» թեման դարձել է «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը:

Ս.թ. հոկտեմբերի 1-ից (առավել «օպերատիվ» որոշ լրատվամիջոցների դեպքում՝ սեպտեմբերի 30-ից) հանկարծ ու սկսվեցին բուռն հաղորդումներն այն մասին, որ այս կազմակերպության հրապարակած հետազոտության տվյալներով Հայաստանը մամուլի ազատության առումով հետընթաց է ապրել՝ հայտնվելով 78-րդ տեղում: Այս մասին լրագրությունը զարգացման բոլոր փուլերն անցավ՝ լուրից մինչև հրապարակախոսություն:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հետազոտության՝ Հայաստանի վարկանիշի անկումը ոչ միայն «արձանագրվեց», այլ նաև դրա բացատրությունները «քննվեցին» և «վեր հանվեցին»: «Պարզվեց», որ այդ անկումը մեծապես պայմանավորված է դատարանի կողմից հայաստանյան երկու լրատվամիջոցի՝ իրենց աղբյուրին բացահայտել պարտավորեցնելու մասին որոշումով:

Տարվա երրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնությունների ավելացումն էլ իր հերթին «հարստացրել էր» այդ փաստական հիմքը:

Այս մասին հրապարակումներում, անգամ եթե տրվում էին հետազոտության ակտիվ հղումները, փորձեր չէին արվել պարզելու հետազոտության հրապարակման գոնե …ամսաթիվը:

Իսկ այդ հրապարակումը տեղի էր ունեցել 2014թ. փետրվարին: Ընդ որում, միշտ պետք է նկատի ունենալ, որ այս կարգի զեկուցումներն ու ինդեքսները տպագրվում են օրացույցային տարվա սկզբում, և բնականաբար  դրանց հիմքում լինում են նախորդ օրացույցային տարվա փաստերը:

Վերոնշյալ հետազոտությունը այս առումով բացառություն չէր: Այնպես որ, դատարանի՝ 2014 թվականի հունիսի 26-ի որոշումը ոչ մի կերպ չէր կարող ընկած լինել դրանից հինգ ամիս առաջ հրապարակված հետազոտության հիմքում:

Այլ հարց է, որ այդ որոշումն ինքնին այլանդակություն է և արժանի քննադատության, ինչի մասին էլ արժանիորեն գրում են մեր ԶԼՄ-ները և փորձագետները, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբի Շաբաթական տեղեկագիրը և Ամփոփագիրը: Սակայն հաստատ դա փաստերը այլ թվերի վրա քաշելու պատճառ չպիտի դառնա: Չէ՞ որ 2013 թվականին Հայաստանում քիչ չեն եղել այնպիսի դեպքերը, որոնց հիման վրա երկիրն իսկապես կարող էր իր տեղը զիջել մամուլի ազատության ցուցակում:

Փաստորեն այսօրվա լրատվության համար տեղեկատական առիթ չեն դառնում այսօրվա՛ տհաճ դեպքերը, այլ՝ գոյություն չունեցող նորությունը:

Անցավ հոկտեմբերի առաջին տասնօրյակը, երկրորդը: Թվաց՝ հանդարտվեցին կրքերը: Մինչև երեկ, երբ … «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպությունը հերթական անգամ «հրապարակեց» 2014-ի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որը չափում է տեղեկատվության և լրագրողների ազատությունն աշխարհի 180 երկրում:

թերթ

ԶԼՄ-ների ամենասիրած թեման իհարկե պետք է ամենաուսումնասիրվածն ու ամենաբազմակողմանի ուսումնասիրվածը լինի: Այնպես որ, ուղղում ենք սույն հրապարակման նախաբանը՝ վերջին մեկ ամսում հայաստանյան մամուլի «ամենաչսիրած» թեման դարձել է «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը: Հուսանք, հոկտեմբերի հետ այդ թեման կսպառվի՝ մինչև եկող տարվա փետրվար՝ Ինդեքսի հրապարակման իրական ժամկետ:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.