ԱՐԱՏԱՎՈՐ ՇՂԹԱ

Ադրբեջանի թեմատիկան գրեթե երբեք ոչ թեժ չի եղել մեր հասարակությունում, հետևաբար և՝ մեդիայում: Սակայն վերջին ամիսներին սահմանային միջադեպերի հաճախակիությունը, մեկը մյուսի հետևից հայկական կողմից գերիների հայտնվելը Ադրբեջանում, այնտեղից՝ դիվերսանտների հայտնվելը Հայաստանում առավել են թեժացրել այս թեման: Հրապարակումները և շատացել են, և առավել էմոցիոնալ են դարձել: Ցավոք, ճշգրտությամբ և հավասարակշռվածությամբ դրանք միշտ չէ, որ աչքի են ընկնում:

Ճշգրտության հետ կապված խնդիրներին ԵՄԱ Ամփոփագին անդրադարձել է մի քանի անգամ:

Այժմ խոսքն այն մասին է, որ անզգուշությունը կամ անփութությունը այս թեմային առնչվող նյութերի տիրաժավորման հարցում իսկապես վտանգավոր է դառնում:

Երբ ժամանակ առ ժամանակ հայատարարում են Հայաստանում մամուլի անսահման ազատ լինելու մասին, հավանաբար նկատի են ունենում ազատության հակառակ կողմը՝ ամենաթողությունը:

Գուցե թե վերջացած չէ այն բանավեճը, թե սոցիալական կայքերը կարո՞ղ են արդյոք լրատվամիջոց համարվել: Սակայն այդ հարցը սահուն լուծում են իրենք՝ լրատվամիջոցները, երբ սոցիալական կայքերի գրառումները նույնությամբ՝ առանց խմբագրական, նույնիսկ՝ սրբագրական փոփոխությունների արտատպում և այդպիսով՝ տիրաժավորում են դրանք անհամեմատ շատ ավելի ուժեղ:

Ֆեյսբուքում գրառում կատարվեց հայ գերուն Ադրբեջանից վերադարձնելու և դրանով իսկ՝ հարևան երկրի «ձախողումը» փաստելու մասին: Գրառումը պարունակում էր (է) բազմաթիվ վիրավորական արտահայտություններ և դատողություններ հարևան և երկրի, և ժողովրդի հասցեին (հղումը չենք հրապարակում՝ մեկ անգամ ևս չտիրաժավորելու լրատվության ժանրին անհարիր նյութը- ԵՄԱ Ամփոփագիր):

Սովորաբար սոցիալական կայքերից և մեդիայից մեծ քանակով ծաղկաքաղ կատարող լրատվամիջոցները միանգամից արտատպեցին այդ գրառումը: Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ եթե անհատը նույնիսկ իրեն թույլ է տալիս անհավասարակշիռ խոսք, ապա լրատվամիջոցը կամ իրեն այդպիսին համարողը, կամ գործառույթներով լրատվամիջոցից չտարբերվող կայքը պետք է ծայրահեղ զգույշ լինի ակնհայտ էժանագին չարախնդումների հասնող հրապարակումներից:

Չէ՞ որ Ադրբեջանում դեռ կան հայազգի գերիներ և, ցավոք, էլի են հայտնվելու: Իսկ լրագրության ոսկե կանոններից է հայտնի բճշկականը՝ «մի վնասիր»: Չէ՞ որ ոչ մի գերի արժանի չէ այն վերաբերմունքին, որն այդ կարգի մեկնաբանությունը կարող է հրահրել այնտեղ: Մի ուրիշ հարց է այն, որ պետք չէ խանգարել այլ գերիների՝ անվնաս հայրենիք վերադարձնելու համար տարվող բանակցություններին:

Սակայն նույնիսկ վերևում նկարագրված գրառումն այնքան վտանգավոր չէ, որքան մեկ ուրիշը, որը դարձյալ մամուլում հայտնվել է շնորհիվ սոցիալական ցանցի գրառման: Այն վերաբերում էր Հայաստանին վերադարձված գերու դիին, որի վիճակի մասին պաշտոնապես չհաստատված մանրամասներ հրապարակելով, գրառում կատարողը կոչ էր անում նույն վիճակում հարևան պետությանը վերադարձնել ԼՂՀ-ում որպես հանցագործ դատվող Ադրբեջանի քաղաքացիներին:

Ատելության խոսք որակումը մեղմ է այս գրառման համար, անզգուշության խոսք որակումը՝ անզգուշություն, իսկ հայրենասիրական խոսք՝ առնվազն կարճամտություն: Ինչպես նկատեցիք, լրագրության մասին հիշատակում չկար: Այստեղ բացառապես քրեական հանցագործություն կատարելու կոչ էր և մահացածի հարազատների ցավը մեկ անգամ ևս տրորելու փորձ (հղումը չենք հրապարակում՝ նույն նպատակով՝ մեկ անգամ ևս չտիրաժավորելու լրատվության ժանրին անհարիր նյութը: Տրվում է միայն կայքի հասցեն՝ ԵՄԱ Ամփոփագիր):

Նման պարագայում լուրջ լրագրությունը հաստատ անելիք ունի, սակայն, չգիտես ինչու, գոնե այս դեպքում պատասխանը խիստ վեհերոտ էր՝ մեկ այլ՝ չճշտված տեղեկությունով ուղեկցվող: Տեղեկություն, որը ևս հերքելու անհրաժեշտությունն առաջացավ:

Միթե՞ հավերժ է այս շղթան:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.