ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ` ԸՍՏ ՋԱՂԻՆՅԱՆԻ

Cover photoՀայաստանի հանրային հեռուստատեսության նկատմամբ հանրության ուշադրությունը սրվում է հատկապես ընտրությունների ժամանակ և Ազգային Ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տարեկան հաշվետվության օրերին: Ժամանակ առ ժամանակ վերոնշյալ հաստատությունը բուռն ուշադրության արժանանում է նաև ընդդիմության հանրահավաքների, սոցիալական, քաղաքական բողոքների համատեքստում:

«Ուշադրություն» բառը այս դեպքում հիմնականում համարժեք է «դժգոհություն» բառին:

Լուսաբանում-մեկնաբանում`«լուսասփռում»

Տարիներով վերլուծություններ են արվում՝ պարզելու մեր Հանրային հեռուստատեսության «գաղտնիքները»՝ թե ինչպես և ինչու այն համառորեն չի դառնում հանրային: Կամ գոնե՝ հեռուստատեսություն: Թվում էր, սպառվել են բոլոր հնարավոր լուրջ ու ծանրակշիռ վարկածները:

Սակայն… Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն այս շաբաթ հայտնվեց Ազգային Ժողովում՝ ներկայացնելու 2013-ին իր ղեկավարած կառույցի գործունեության մասին զեկույցը: Այն, ինչ նա հասցրեց ասել մինչև բուն զեկույցը ներկայացնելը, թերևս պակաս հետաքրքիր չէ: Եվ հնարավոր է, վերջապես լույս է սփռում Հանրայինի լրատվական հաղորդումներում իրականացվող քաղաքականության վրա:

Արագ-արագ, գուցե իսկապես ոտքի վրա պատասխանելով լրատվամիջոցի հարցերին, Խորհրդի նախագահը մի կարևոր պարզաբանում է տալիս: Լրագրողի հարցին՝ «Ինչո՞ւ Հանրային հեռուստատեսությունը չի լուսաբանում ընդդիմության հանրահավաքները», հետևում է պատասխանը:

Եթե դուք ուշադրություն դարձնեք, շատ հաճախ մեկնաբանում են (ընդգծումը՝ ԵՄԱ Ամփոփագրի-խմբ.), դրա համար, որ դուք ասում եք՝ չկա, իմ կարծիքով, մի քիչ սխալվում եք: Պետք է ուշադիր լինել. եթերում շատ հաճախ կարող եք տեսնել:

Մամուլը հաճախ է անդրադարձել Ռ.Ջաղինյանի լեզվամտածողությանը, հիշենք թեկուզ հայտնի «բալանին»: Սակայն եթե մինչև այսօր այդ լեզվամտածողությունը գրագիտության և ճաշակի ծիրում էր, վերոնշյալ պատասխանից հետո այն սահուն անցում կատարեց դեպի «Լրագրության ժանրեր» դիսցիպլին: Բացառապես ԵՄԱ Ամփոփագրի լսարանի նկատմամբ հարգանքից՝ այստեղ չեն բերվում ժուռնալիստիկայի այբուբենի համացանցային հղումները: Սակայն հստակորեն անհրաժեշտություն կա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի համար պարզաբանել լուսաբանում-մեկնաբանում եզրերը, որոնք լրագրության մեջ մեկ նյութում իրար հետ հանդիպելու իրավունք ունեն թերևս միայն դասագրքերում: Այս առումով փաստորեն աշխատանք ունեն նրա՝ հայերենի (վատ չէր լինի՝ նաև լրագրության) իմացությամբ թիմակիցները:

Ինչ խոսք, չափից ավելի անիրատեսական են ընդդիմության ներկայացուցիչները, երբ Հանրայինից պահանջում են  լինել ոչ թե իշխանական, այլ հանրայի՛ն հեռուստատեսություն և պատշաճ կարգով հասարակական կարծիք ձևավորել: Հարգելինե՛ր, տարիներով, հետևողականորեն Հանրայինն ու ու հանրայինի գաղափարը նրա համար չեն վարկաբեկվել, որ հիմա ձեզ համար ինչ-որ կարծիքներ ձևավորեն: Իրենք ունեն իրե՛նց գործառույթները, որոնք շատ լավ կատարում են: Եթե չխանգարեք: 

Անժխտելի է

Հանրայինում փոփոխություններ կատարվել են: Գոնե կայքը ամիսների լռությունից հետո գործում է:

Ամենևին չնսեմացնելով մյուս բոլոր փոփոխությունները, որոնք ըստ խորհրդի նախագահի, ակնհայտ են, նշենք դրանցից թերևս մեկը: Ոչ հայաստանյան արտադրության մուլտիպլիկացիոն ֆիլմերն, օրինակ, խստորեն ենթարկվում են օրենքի պահանջներին. դրանք «բարեխղճորեն» ուղեկցվում են հայերեն լուսագրերով: Միայն թե հեշտ չէ պատկերացնել մուլտիկ նայող հանրությանը՝ 3-10 տարեկան լսարանին, էկրանի ներքևում մանրագույն տառերով, արագ-արագ փոխվող հայերեն լուսագրերը կարդալիս: Թե՞ այսպիսի ձևական քայլով Հանրայինը խոստովանում է, որ իր՝ առնվազն այդ լսարանը, միևնույն է, մարդաշատ չէ: Էլ ինչո՞ւ ջանա:

Նկարը՝ https://plus.google.com-ից:

Leave a Reply