ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Երբ տարիներով մարդիկ իրենց հարցերի պատասխաններին են սպասում, իսկ դրանք չեն տրվում, մարդիկ այդ պատասխանները սկսում են փնտրել ոչ օրվա լրահոսում: Եվ, իրոք, այն, ինչ իրենց հետ կատարվել է և որ ամենակարևորն է, դեռ կատարվելու է, գտնում են ամիսների խորքում կորած տեղեկություններից: Իսկ դա ամենևին Նոստրադամուսը չէ:

Այս շաբաթ հրապարակվեց հրապարակման համար չնախատեսված նյութը՝ 2014թ․ հունվարին Չեխիա կատարած այցի ընթացքում՝ Պրահայում Հայաստանի դեսպանատանը տեղի հայ համայնքի հարցերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված պատասխանները: Դրանք հնչել են միայն այն բանից հետո, երբ դահլիճից դուրս են բերվել տեսաձայնագրող սարքերը:

Այս հարցուպատասխանը ամենաանհավանական տեխնիկական միջոցների՝ 21-րդ դարում փրկվել է համարյա հինավուրց բանահյուսական նյութի փրկության տեխնոլոգիայով՝ բերանացի. տեղի հայ լրագրողը դրանք գրառել է: Լրագրողի, գուցե նաև ՝ Քաղաքացու եզակի հոտառությամբ: Թե ինչու է ինն ամիս սպասել այն հրապարակելու համար, նույնիսկ էական չէ, քանի որ զրույցի բովանդակությունը իր արդիականությունն ու հնչեղությունը չի կորցրել անգամ ամիսներ անց: Եթե ոչ՝ հակառակը:

Իզուր չէ, որ այն այդպիսի արձագանք գտավ հայ հասարկության մեջ, արտատպվեց, մեկնաբանվեց և քննարկվեց հնարավոր բոլոր հարթակներում:

Ինչու՝ այդքան բուռն, չէ՞ որ աշխարհացունց նորություններ կարծես թե չկային այդ հարցուպատասխանում: Կարծես թե բոլորը գիտեն այն, ինչ բարձրաձայնեց երկրի առաջին դեմքը:

Գուցե այդ ճշմարտություններն այդքան արժեքավոր դարձան, քանի որ հենց նրա՞ բերանից հնչեցին: Չի բացառվում: Փոխարենը բացառվում է, որ երկրի նախագահը իր ժողովրդին իրեն հարցեր տալու հնարավորություն կտա մո՛տ ապագայում:

Այս տարի, ժամանակ առ ժամանակ հայտնվելով այս կամ գերատեսչությունում, իբրև թե ժողովրդին մտահոգող հարցեր լսելով, տրվեցին «պատասխաններ» առաջին դեմքից/աղբյուրից/ձեռքից:

Նույն բեմադրությունը այս տարվա հունիսի 17-ին Հանրային հեռուսատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջականակներում էր. Նախագահը տալիս էր պատասխաններ՝ հարցերին, որոնք ինքը նախօրոք գիտեր, եթե ոչ՝ ավելին, քան գիտեր: «Կարող էր էական լինել, թե ինչ է հարցրել նրան Նվեր Մնացականյանը, եթե այն, ինչ պատասխանել է Սերժ Սարգսյանը, առանց նրա հարցերի չէր ասի»,- նկատեց «Սիվիլնեթը»:

ԶԼՄ-ների, հետևաբար և սեփական ժողովրդի հետ շփման այս և մի քանի այլ ֆորմատներին էլ, դրանց բովանդակությանն էլ լրատվամիջոցները անդրադարձան ըստ արժանվույն:

Թվում է, իսկապես, ի՞նչ մի կարևոր է մամուլի հետ շփվելը, չէ՞ որ առանց դրա էլ Նախագահը «պատասխանում» է հարցերի: Բայց պարզվում է, որ դա կարևոր է՝ առնվազն… պետբյուջեի տեսանկյունից:

Այս տարվա մայիսի վերջին ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ներկայացնելով 2013թ. բյուջեի հաշվետվությունը, ի թիվս արժանահիշատակ այլ իրադարձությունների եւ միջոցառումների մի ուշագրավ թիվ է հրապարակել: «Պարզվում է՝ 2013թ.-ին Սերժ Սարգսյանը տվել է 90 ասուլիս և 200-ից ավելի հարցազրույց»,- մայիսի 27-ին տեղեկացրեց «yerkir.am»-ը:

ԶԼՄ-ները միանգամից հաշվեցին, որ փաստորեն 2013 թվականի ընթացքում 4 օրը մեկ Նախագահը ասուլիս է տվել, իսկ 2 օրը  մեկ՝ հարցազրույց՝ առանց հանգստյան օրերի: Նույնիսկ փորձ արվեց պեղելու այդ փաստական նյութը:

Թե ինչու են բարձրախոսի առջև արտաբերված յուրաքանչյուր խոսք ասուլիս և հարցազրույց համարել, դժվար է ասել: Ակնհայտ է միայն, որ «եթե երկնքում աստղեր են վառվում, ուրեմն ինչ-որ մեկին պետք է»… դրանք հաշվել:

Փաստորեն ինչքան էլ երկրի ղեկավարը իրեն հարցեր տալու հնարավորություն չտա, միևնույն է, նրա աշխատակազմը դրա յուրաքանչյուր իմիտացիա կգրանցի հաշվետվության «մամուլի ասուլիսներ» բաժնում:

Հետաքրքիր է, իսկ հաշվետվության ո՞ր բաժնում է տեղավորվելու 2014 թականի հունվարի հանդիպումը Պրահայում: Չէ՞որ սա այս տարվա ամենափայլուն ու ամենամեծ արձագանքը գտած «ասուլիսներից» է. երկրի ղեկավարն այստեղ շատ ավելի անկեղծ էր: Հազար անգամ փորձված բան է, որ չբեմադրված հարցերին մեր երկրի ղեկավարը միշտ առավել անկեղծ պատասխաններ է տալիս: Իսկ մարդկանց պետք են անկե՛ղծ, ոչ թե պարզապես պատասխաններ:

Լուսանկարը՝ http://www.slaq.am կայքից:

Leave a Reply