ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈԼՄԱՅԻ «ՏՀԱՃ ՀՈՏԸ»

Ամեն ինչում, ամեն գնով սենսացիա անելու մոլուցքը ինչպես և սպասելի է, ծայրահեղ դրսևորումների կարող է հասցնել: Այնպես, որ դրան նույնիսկ մանիպուլյացիա չես անվանի:

Օրինակ, հայաստանյան լրատվամիջոցը անցնող շաբաթում գրում է, որ հայկական տոլմա կերակրատեսակը հայտնվել է ադրբեջանական բանակի չոր օրապահիկում: Եվ այս մասին տեղեկացրել է ոչ ավել, ոչ պակաս՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրությունը: Նույնիսկ այսքան տեղեկությունը բավարար է՝ ոչ թե տոլմայի, այլ անբարեխիղճ լրատվության հոտն առնելու համար: Հավանաբար հենց այս պատճառով սույն «տեղեկությունն» այդպես էլ չհայտնվեց հայաստանյան որևէ այլ լրատվամիջոցում: Չի բացառվում, որ քիչ թե շատ փորձառու լրատվամիջոցները, մի քանի պարզունակ միջոցներ կիրառելով, համոզվել են, որ դա, մեղմ ասած, աղավաղված լրատվություն է, չնայած դրա արտաքին խաբուսիկ հմայքին:

Անփորձ լրագրողներն էլ կարող են պարզել, եթե օգտվեն վերևում հիշատակված պարզունակ միջոցներից:

Տվյալ դեպքում, տեղեկության հիմնական աղբյուր կարող էր լինել հենց Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, եթե վերջին օրերին այն … աշխատեր: Չաշխատե՞ց այդ տարբերակը, ուրեմն պետք է, տվյալ նյութի հիմնական արտահայտությունները ռուսերեն մի քանի տարբերակներով թարգմանելով, որոնում կատարել համացանցում և ադրբեջանական կայքերում, որոնք ունեն ռուսալեզու բաժիններ, գտնել այդ հաղորդագրության հնարավոր արտատպումները: Հաշվի առնելով, որ դա նրանց պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն է, հազիվ թե վերջիններս աղավաղեն այն:

Ադրբեջանական լրատվական կայքերը հենց այդպես էլ վարվել են. գրեթե առանց փոփոխությունների տարածել են պաշտոնական հաղորդագրությունը: Իսկ դրանում նշված է Թուրքիայի զինված ուժերի հետ համատեղ խոշոր զորավարժություններին մասնկացող Ադրբեջանի զինվորների չոր օրապահիկում դոլմա (նկատենք, ոչ թե՝ տոլմա) ընդգրկելու մասին: Եվ, ինչպես սպասվում էր, ոչ մի հիշատակում կերակրատեսակի՝ հայկական ծագման մասին: Իսկ դրա անվանումը սովորաբար դ-ով գրելով` հարևան հանրապետությունում հատկապես ցանկանում են շեշտել դրա՝ ոչ հայկական ծագումը:

Եվ այսպես, որոշելով տվյալ նյութի հավաստիության աստիճանը, լրատվամիջոցները կարող են խուսափել աղավաղված տեղեկություններ հաղորդելուց: Ինչը և կարծես թե արվել է:

Մինչդեռ դա չի խոչընդոտում այս նյութի տարածմանը անգամ մեկ առանձին վերցրած լրատվամիջոցով: Եթե սեպտեմբերի 17-ին, օրվա երկրորդ կեսին այս հոդվածի դիտումների թիվն ընդամենը 156 էր, ապա մեկ օր հետո, սեպտեմբերի 18-ին, ժամը 17:21-ին՝ արդեն 1896:

Shamshyan_Dolma

Դժվար է ասել՝ այս 1896-ից քանի՞սն են կատարել վերոնշյալ քայլերը, իսկ քանիսը՝ հալած յուղի տեղ ընդունել ու բերանացի տարածել հայկական տոլմայի նորօրյա «լեգենդը»:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*