ԴԻՄԱԿՆԵՐ ՊԱՏՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Նկարը՝ http://media-distortion.tumblr.com/ կայքից:

«Հետմայդանական» շրջանում ձևավորված «նոր աշխարհակարգի» թերևս առաջին զոհը (և միաժամանակ՝ գործիքը) դարձան զանգվածային լրատվամիջոցները: Նորաձևություն թելադրողներն այստեղ դարձան ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքները: Գրեթե երկու տասնամյակ շարունակ նրանք քայլում էին դեպի իրենց այսօրվա «տրիումֆը»:

Ինչ է նախորդել և հաջորդել այս «նոր աշխարհակարգին»՝ կարդացեք Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականությանը նվիրված վերլուծական հոդվածաշարի հերթական հոդվածում: Հոդվածաշարում Երևանի մամուլի ակումբն ամփոփում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպված «Հայաստանը Եվրամիության և Եվրասիական միության միջև. գնահատելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով կլոր սեղանների քննարկումներում հնչած տեսակետները և դիտարկումները:

Մյուս հոդվածներին կարելի է ծանոթանալ Երևանի մամուլի ակումբի կայքում:

Փնտրվում են իրական դեմքեր

Ուկրաինայի և ընդհանրապես Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների շուրջ այսօրվա զարգացումները միայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, թվում էր, վերջնականապես հաստատված միջազգային հարաբերությունների հիմքերը չէ, որ խարխլում են: Դրանք բերում են մարդկության այն հատվածի՝ արժեքների, նպատակների և նախապատվությունների մասին պատկերացումների վերաիմաստավորման ու փոփոխման, որն իրեն ավանդաբար համարում է եվրոպական քաղաքակրթության կրողը: Եվ հետևաբար խոցելի և կասկածելի են դարձնում զարգացման, համագործակցության շատ ծրագրեր, դրանց բովանդակությունը, միմյանց հանդեպ հանձնառությունների կատարման առումով գործընկերների հետևողականությունը և պատասխանատվությունը: Որքան էլ ցավալի է, ասվածը վերաբերում է նաև եվրաինտեգրման գործընթացներին, այդ թվում՝ ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության օրակարգին:

Այնպես չէ, որ մինչև ուկրաինական ճգնաժամը միջազգային համաձայնագրերն անվերապահորեն էին կատարվում, իսկ բոլոր նրանք, ովքեր հայտարարում էին Եվրոպայում իրենց ապագայի տեսլականի մասին, համոզված և անշեղորեն գնում էին համաձայնեցված բարեփոխումների ճանապարհով: Սակայն սկզբունքներից հետ կանգնելը տեղի էր ունենում դեմքի ամոթխած արտահայտությամբ և ուղեկցվում կուրսն անշեղորեն պահելու մասին հավաստիացումներով, արդարացումներով և հղումներով՝ առաջընթացը դանդաղեցնող «մութ անցյալին»: Եվ միայն «հետմայդանական» շրջանում էր, որ մինչ այդ բոլորի կողմից ընդունված ստանդարտները և նորմերը ժխտելիս հատկապես լայն տարածում ստացան ցինիզմը և նույնիսկ հոխորտանքը: Պարզվեց, որ անգամ պետական ինքնիշխանության և միջազգային անվտանգության կարգի առանցքային հիմնահարցերի շուրջ երկկողմ և բազմակողմ համաձայնությունների տակ դրված բարձրաստիճան անձանց ստորագրություններն ու կնիքները շատերի համար ոչինչ չարժեն: Էլ ի՞նչ խոսք կարող է լինել հումանիտար ոլորտի ՝ ժողովրդավարական ինստիտուտների կամ մարդու իրավունքների մասին:

«Նոր աշխարհակարգի» թերևս առաջին զոհը (և միաժամանակ՝ գործիքը) դարձան զանգվածային լրատվամիջոցները: Նորաձևություն թելադրողներն այստեղ դարձան ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքները: Գրեթե երկու տասնամյակ շարունակ նրանք քայլում էին դեպի իրենց այսօրվա «տրիումֆը»: «Պերեստրոյկայի» ժամանակների ազատականացումից և ՌԴ ժողովրդավարական պետականության առաջին տարիներից հետո, ռուսաստանյան օլիգարխների առաջին սերունդը և «արևմտամետ» չինովնիկները, որոնք զավթել էին ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողությունը, որոշեցին մեդիա ինդուստրիայում հրաժարվել իրենց իսկ հռչակած ազատ շուկայական սկզբունքներից: Դա արվեց որպես «իրենց նախագահին» աջակցություն, և գործի դրվեցին ձեռքի տակ եղած քարոզչական բոլոր կեղտոտ տեխնոլոգիաները: Այդպիսի զիջումը չէր կարող անհետևանք մնալ: Ընդունելով «խաղի կանոններ», ըստ որոնց հեռուստաընկերությունները, տպագիր պարբերականները և այլն, ազատ բիզնեսի սուբյեկտ չեն, այլ նախևառաջ՝ քաղաքական շահարկումների գործիք, և հետևաբար նրանց վրա չեն տարածվում մասնավոր սեփականության պաշտպանության սկզբունքները, «արևմտամետ էլիտան» ստիպված էր հաշտվել առավել նշանակալից մեդիա ակտիվները նոր, արտաքուստ հավատարիմ սեփականատերերին փոխանցելու հետ: «Գազպրոմի»՝ НТВ-ի սեփականատեր դառնալու պատմությունը ժանրի դասական օրինակն է: Այս հեռուստաընկերության նախկին տիրոջ՝ Վլադիմիր Գուսինսկու պատմությունը դաս չծառայեց մեկ այլ օլիգարխ և մեդիա մագնատ Բորիս Բերեզովսկու համար: Վերջինս ֆինանսավորում էր հեռուստատեսային քիլլերության ամենազզվելի հնարքները՝ իշխանությունը «իր» մի նախագահից մյուսին առանց խոչընդոտների փոխանցելը ապահովելու համար: Իրավիճակային զոհերի թվում հայտնվեցին ռուսաստանյան քաղաքականության այնպիսի հսկաներ, ինչպիսիք էին Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը և ՌԴ նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը:
Թե Գուսինսկին, թե Բերեզովսկին հաջողությամբ լուծում էին իրենց պետքական թեկնածուներին համապատասխանաբար 1996 և 2000 թվականներին գահին նստեցնելու քարոզարշավի շրջանակներում հանրային կարծիքը մանիպուլյացիաների ենթարկելու խնդիրը, ինչից հետո արդեն նրանք Ռուսաստանին այլևս պետք չէին: Իսկ նրանց երբեմնի սեփականությունը հանդիսացող գլխավոր մեդիա ռեսուրսները, ներառյալ հեռուստաալիքները և եթերային հերոսները, բարոյական անկման մի նոր աստիճանի բարձրացան (ներեցեք բառախաղի համար), հակաուկրաինական, հակաարևմտյան քարոզչության մեջ այսօր գերազանցելով խորհրդային նույնիսկ ամենախորշելի օրինակները:

1990-ական և 2000-ական թվականների սահմանագծին ռուսաստանյան ԶԼՄ-ների անցած ուղին և հասարակության տեղեկատվական «մշակման» հիմնական խողովակների մոնոպոլիզացիան իշխանության կողմից կրկնեցին նրանց եղբայրակիցները ԽՍՀՄ նախկին տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Սակայն քաղաքացիների զոմբիացման հարցում մոսկովյան առաջատար հեռուստաալիքների վերջին «նվաճումները» մնում են անգերազանցելի: Բացահայտ ստի, ռասիզմի, շովինիզմի և այլատյացության տարածման այսպիսի արդյունավետությամբ քիչ թե շատ բաց հասարակություններում ոչ ոք չի կարող հպարտանալ: Իզուր չէ, որ սեփական քաղաքացիների պաշտպանության համար մի շարք երկրներում արգելել են կամ սահմանափակել են ռուսաստանյան որոշ հեռուստաընկերությունների վերահեռարձակումը: Հայաստանում, չնայած այս ալիքների ազատ հասանելիությանը և նրանց կողմից ազգային օրենսդրության կոպիտ խախտումներին, պատկան պետական մարմինները շրջանցում են այս հրատապ թեման:

Մինչդեռ, ի տարբերություն անցած տարիների, երբ Ռուսաստանում մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառումն արդարացվում էր ազատ ժողովրդավարական պետության արևմտյան մոդել կառուցող և կոմունիստական ռևանշիզմի դեմ պայքարող էլիտայի շահերով, այսօր բոլոր դիմակները պատռված են: Ռուսաստանյան հեռուստաեթերի աստղերը բացեիբաց ծաղրում են եվրոպական արժեքները, ստորացնում են ժողովորդներ, երկրներ և առանց ամաչելու պնդում են, որ ժուռնալիստիկան հենց այդպիսին էլ պետք է լինի: «Ժամանակակից մեդիայի դարաշրջանի» խորհրդանիշներից մեկը՝ Դմիտրի Կիսելյովը, Երևանում իր «տաղանդի» հայ երկրպագուներին խրատելիս, հասավ մինչև մասնագիտության և էթիկայի հիմքերի հիմքին՝ փաստերը մեկնաբանություններից և կարծիքներից տարանջատելու անհրաժեշտությանը: Իբրև թե դա հնացած սկզբունք է… Այլ կերպ ասած, մերկ ինֆորմացիան, ըստ ռուսաստանյան քարոզչության «գուրուի», թույլատրելի է այն աստիճան խառնել դրա սուբյեկտիվ վերարտադրության հետ, որ սպառողը կորցնի իրեն առաջարկված տեղեկատվական արտադրանքի փաստական հիմքը և կուրորեն հետևի ուղեվարին: Ինչն էլ, ըստ էության, տեղի է ունենում ռուսաստանյան ԶԼՄ-ների լսարանի հետ, այդ թվում, ցավոք, նաև Հայաստանում: «Զոմբիարկղիկի» այսօրինակ ազդեցության և հայկական քաղաքական վերնախավի եվրասիական նկրտումների համատեքստում անխուսափելի է թվում նաև վերջին 20 տարում մեր ԶԼՄ-ների ստացած իսկական պրոֆեսիոնալ ժուռնալիստիկայի դասերի իսպառ մոռացումը եւ հարումը մոսկովյան «խոսքի վարպետների» «տեսություններին»: Միակ հույսն այն է, որ ինչպես միշտ, դա տեղի կունենա սովորական գավառական մակարդակով, և հետեւաբար՝ առանց նույն ցնցող էֆեկտի…

Թե այդ պարագայում ինչպես կարելի է ազատվել հասարակության վրա ազդեցության այլընտրանքային աղբյուրներից, ակնառու կերպով ցուցադրում է խորհրդային անցյալի մեր մեկ այլ ուղեկիցը՝ Ադրբեջանը: Մոտավորապես հարյուր քաղաքական բանտարկյալ, այդ թվում լրագրողներ և բլոգերներ, մի երկրում, որտեղ առանց այդ էլ սեփական կարծիքը բացեիբաց արտահայտել համարձակվողներն այնքան էլ շատ չեն: Համեմատաբար վերջերս այնտեղ չեղյալ էր հայտարարվում պաշտոնական գրաքննությունը, հանդուրժողական վերաբերմունք էր ցուցաբերվում ԶԼՄ-ներում տեղ գտած քննադատությունների նկատմամբ, թույլատրվում էր իրական բազմակուսակցականությունը, բացահայտորեն չէր խոչընդոտվում տեղական քաղաքացիական հասարակության հետ միջազգային կազմակերպությունների աշխատանքը, չէին պատժվում հայերի հետ երկխոսությանը մասնակիցները: Իսկ հիմա գրեթե բոլոր ԶԼՄ-ները հայտնվել են իշխանությունների խնամածության և վերահսկողության ներքո, ընդդիմադիր լինելը հավասարեցվում է հակապետական գործունեությանը, ՀԿ-ների ֆինանսավորումը արտասահմանյան հիմնադրամներից հնարավոր է միայն վերևների թույլտվությամբ, հայերի հետ շփումները բնորոշվում են որպես «լրտեսություն» և «պետական դավաճանություն»: Վերոհիշյալ հիմնախնդիրների կապակցությամբ միջազգային արձագանքին ադրբեջանական իշխանությունները վերջին ժամանակներս, անշուշտ զգալով համաշխարհային քաղաքական կլիմայի վերը նշված փոփոխությունները, հանդուգն պատասխան են տալիս՝ «ձեր գործին նայեք…»: Նշենք, որ խոսքը մի երկրի մասին է, որն, ինչպես և Հայաստանը, Եվրոպայի Խորհրդի անդամ է, ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության մասնակից: Ըստ որում չի բացառվում, որ հայաստանյան քաղաքական բարձր շրջանակներում նույնպես կան մարդիկ, ում դուր է գալիս իշխանության և քաղաքացիների հարաբերությունների այդօրինակ բնույթը…

Սույն թեմայի շրջանակներում արժեր խոսել նաև մեկ այլ հարևանի՝ Թուրքիայի մասին: Արդարացի չէր լինի նրան դնել վերոհիշյալ օրինակների հետ նույն շարքում: Բայց… Այստեղ էլ են (հատկապես վերջին ժամանակներս) սիրում երկրի հասցեին արված ցանկացած քննադատության համար «տեղը դնել» Արևմուտքին և նրան մեղադրել քայքայիչ գործունեության համար: Մի քանի ամիս առաջ Թուրքիայի իշխանությունները լրագրողին Ադրբեջան արտաքսեցին՝ հիանալի գիտակցելով, որ նա այդտեղ անմիջապես կձերբակալվի շինծու մեղադրանքներով: Երկրի քաղաքական առաջնորդներն իրենց թույլ են տալիս բացահայտ հայատյաց հայտարարություններ անել և ընտրություններում համոզիչ հաղթանակ են տանում: Մի կողմից բացահայտ կերպով խախտում են եվրոպական քաղաքակրթության հիմնարար սկզբունքներից մեկը հանդիսացող աշխարհիկ պետության սահմանները, իսկ մյուս կողմից՝ նորաթուխ արտգործնախարարի բերանով հայտարարում են Եվրամիությանը անդամակցելու՝ երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթության մասին…

Եվ այս ամենը՝ աշխարհաքաղաքական լրջագույն հակամարտությունների, գլոբալ անվտանգության իրական սպառնալիքների և միջազգային իրավական հարաբերությունների խզման ֆոնին: Այսպիսին է այն միջավայրը, որտեղ շարունակվում է քննարկվել Հայաստանի և Եվրամիության համագործակցության օրակարգը: Այստեղ շարունակում են առաջնահերթությունը տալ արդարադատության համակարգի բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքներին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը՝ թեմաներ, որոնք առավել հրատապ մարտահրավերների առկայության պարագայում դուրս են մնացել ակտիվ դիսկուրսից: Իրավիճակը սթափ գնահատելու դեպքում ակնհայտ է դառնում, որ արտաքին ազդակներն ու գործոնները, որոնք նախկինում որոշիչ դեր են խաղացել բարեփոխումներն առաջ մղելու հարցում, այսօր առավել քան թույլ են: Բարեփոխումների իմիտացիան գնալով ավելի անիմաստ է դառնում: Իսկ հաշվի առնելով եվրասիական գործընթացը, որն արգելակվել է, սակայն բոլորովին էլ չեղյալ չի հայտարարվել, դրսի ազդեցությունը ունի նաև ընդգծված հակադիր վեկտոր: Կգտնվե՞ն արդյոք ներքին ռեսուրսներ առաջընթացի համար: Նոր իրավիճակում հենց երկրի ներսում բարեփոխումների կողմնակից ուժերը գիտակցո՞ւմ են արդյոք իրենց պատասխանատվությունը: Պատասխանը, թե ժամանակակից աշխարհում որն է Հայաստանի իրական դեմքը, պետք է տա 2014 թվականի աշունը:

Leave a Reply