ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ

ԶԼՄ-ների այս շաբաթվա թույլ տված «կիքսերն» այնքան շատ էին, որ կարելի էր դրանցով համալրել լրագրության դասագրքերի համար անհրաժեշտ հավելվածները` ընդօրինակման ոչ ենթակա նմուշներով: Կային և՛ սխալ ու նյութին ոչ համապատասխան տեսանյութեր (այս հղումով բացվում է այլևս ուղղված տարբերակը, 07.07.14-ին, ժամը  13:52-ի դրությամբ «Հայաստանը միակ վայրն է, որ ինձ փոխել է. Ուրուգվայի նախագահ» վերնագրով տեղադրված էր  Տոնինո Գուեռայի մասին տեսանյութը) և ֆոտոնյութեր, և՛ փաստական տվյալների տարրական անճշտություններ, և անձին անվանարկող միակողմանի «լուսաբանումներ» (ի դեպ, վերջինը` «բազմակարծությունից» ելնելով են տպագրել), և՛ անհարկի ու անտեղի խուճապի «ազդանշաններ»: Այս ամենը միևնույն է, արժե մտապահել և աշխատելիս մշտապես նկատի ունենալ դրանց կրկնվելու հնարավորությունը յուրաքանչյուր լրագրողի պարագայում:

Սակայն շաբաթվա երկրրոդ կեսն եկավ ապացուցելու, որ այս բոլոր թերություններով ու թերացումներով` Հայաստանյան ԶԼՄ-ներն իրոք բավական առաջ են գնացել իրենց գործում` որն է` իրազեկել, տեղեկացնել հանրությանը իշխանությունների և նրանց հովանավորչությունը վայելողների հատկապես անօրինակա՛ ն գործողությունների մասին: Փաստ՝ նրաց նկատմամբ հակազդեցությունը:

Եվ այսպես, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանը վճիռ է կայացրել, որ լրատվամիջոցը պետք է բացահայտի տեղեկատվության իր աղբյուրը: Բացահայտել իրավական տերմինն իրականում կամ առնվազն այստեղ նշանակում է «ծախել»:

Արդեն բազմաթիվ մեկնաբանություններ և կարծիքներ են հրապարակվել, որ Գյումրիի ոստիկանապետի և մարզիկ չեմպիոնի միջև միջադեպը ո՛չ ծանր հանցագործություն է, ինչպես որակել է դատարանը, ո՛չ էլ այդ տեղեկատվության աղբյուրը բացահայտելը հանցագործությունը բացահայտելու միակ տարբերակն է:

Առավել «լավատեսական» հրապարակումներ էլ կան, որտեղ համոզվածություն է հայտնվում, թե այս դատական գործը Եվրադատարանում հաստատ կլուծվի ոչ հօգուտ Հայաստանի Հանրապետության: Թե ում օգտին այն կլուծվի Եվրադատարանում, բնավ էլ չի  հետաքրքրում լրատվամիջոցներին աղբյուրներ բացահայտելու միջնորդությունը բավարարողներին: Ինչպես որ դա չի հետաքրքրում շաբաթներ առաջ ԶԼՄ-ներին «շրջաբերական» իջեցրած Գլխավոր դատախազությանը, թե շուտով ձեզ կտրելու ենք ձեր աղբյուրներից: Միանգամից տեղափոխվում ենք ( իհարկե վատագույն սցենարի դեպքում, մոտավոր նմանությամբ) 2008 թվականի մարտ, երբ 20 օր լրատվամիջոցներն ունեին բացառապես  «ամենահուսալի»` չոր պաշտոնական աղբյուրները և հրապարակում էին, եթե հրապարակվում էին ընդհանրապես, «ճշմարտությունը և միմիայն ճշմարտությունը»:

Ի՞նչ սցենարներ կարող են գործել այս չարաբաստիկ միջնորդության հետևանքով: Ամենաառաջինը` լրագրողը/լրատվամիջոցը հրապարակում է իր տեղեկության աղբյուրը, այդպիսով «փրկում» իր գլուխը գլխացավանքից, ինչպես նաև՝ սինխրոն կերպով կորցնում իր վստահությունը, ընդ որում ոչ միայն երբևէ ունեցած աղբյուրների, այլ նաև բոլոր այն աղբյուրների, ում կարող էր ունենալ ապագայում: Ընդ որում սա դոմինոյի էֆեկտի նման մի բան կարող է դառնալ բոլոր պատշաճ աշխատող լրատվամիջոցների համար. «կպղտորվեն» բոլորի աղբյուրները` ներկա և ապագա: Ցավոք, դոմինո` ոչ միայն աղբյուրների, այլև` դատարանների համար. դեռ  քանի~ տեղեկությունների աղբյուրներ կցանկանան իմանալ լուրջ լրատվամիջոցների հրապարակումների գլխավոր հերոսները:

Լրատվամիջոցներից առնվազն մեկի լրագրողը հայտնել է, որ չի պատրաստվում դա անել:

Երկրորդ սցենարը լրատվամիջոցի նկատմամբ տույժ-տուգանք կիրառելը կարող է լինել: Այս դեպքում էլ, եթե լրագրողական համայնքը միակամ լինի` հարվածն իր վրա վերցնելով, կթուլացնի դրա ուժը կոնկրետ մեկ-երկու լրատվամիջոցի համար (ինչպես, օրինակ, արվեց Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությանը աջակցելու համար, երբ անհիմն հարկային տուրքերի պատճառով հեռուստատեսությունը կարող էր զրկվել լիցենզիայից. լրատվամիջոցները, լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունները հանգանակությամբ հավաքեցին անհրաժեշտ ավելի քան 26 միլիոն դրամը):

Այդպիսով լրագրողական համայնքը հարվածի ուժը կթուլացնի և փոխարենը ցույց կտա սեփական ուժը: Ինչն էլ պակաս կարևոր չէ:

Առավել հավանականը այս պատմության մեջ, թերևս, ռուսական արտահայտությամբ`“проверка на вшивость” ձևակերպումն է: Իրենցից հասնում է փորձել, անում են իշխանությունները: Կստացվի` լավ: Չի՞ ստացվի, գրպանում հազար ու մի մեթոդ կա լրատվամիջոցներին վնասազերծելու:

Այս պատմության մեջ ամենահուսադրող ու լավատեսական պահը այն հուսահատությունն է, որով ընտրվում են լրատվամիջոցների դեմ պայքարի մեթոդները` հղում եվրոպական նախադեպին, որն իրականում լրատվամիջոցի օգտին է, միջնորդության բավարարում` կատարված խախտումներով և ոչ բավարար հիմքով:

Հենց այս հուսահատությունն ու ձեռքները ամեն փրփուրին գցելն են ցույց տալիս, որ լրատվամիջոցներն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունեն, և մի այսպիսի թեթև գործի պատրվակով նրանց կանգնեցնել է պետք: Թե չէ` աղբյո~ւր, Եվրադատարա~ն…

Leave a Reply