ՅՈՒՂ՝ ԿՐԱԿԻՆ

Լրատվամիջոցներին հետևելիս ժամանակ առ ժամանակ այն տպավորությունը կարող է ստեղծվել, թե լրագրությունը նոր հայտնագործված դիսցիպլին է, չեն եղել առնվազն երկու հարյուր տարվա՝ այսօրվա պատկերացումներին մոտ զանգվածային լրատվամիջոցներն ու դրանցում հաստատված ավանդույթները:

Տասնամյակներով լրագրության դասընթացների ժամանակ ապագա մասնագետներին սովորեցնում են, որ տեղեկությունը պետք է լինի հավասարակշիռ, անկողմնակալ, վտանգավոր ենթատեքստեր չպարունակի, հնարավորինս չվնասի հանրության այս կամ այն շերտին: Իրենց հարգող լրատվամիջոցները և լրագրողական կազմակերպությունները վարքականոններ և էթիկայի կանոնագրքեր են մշակում և ընդունում՝ այլոց ևս հորդորելով նույն կերպ վարվել:

Եվ ահա անցնող շաբաթն ապացուցում է, որ վերը նշված ոչ մի բանն էլ տեղի չի ունեցել. լրագրությունը դեռ ոչ  միայն հեծանիվ, անիվ անգամ չի հայտնագործել:

Վտանգավոր «մուտիլովկա»

Առաջին հայացքից լուր է: Սակայն այդպիսին թվացող հրապարակումը ոչ այլ ինչ է, քան պարզապես… պայթուցիչ: Այսպիսի ժամանակ արդեն հարց է, ինչպես բախտդ կբերի, ո՞ւր կընկնի այդ լուրը՝ մի խաղա՞ղ տեղ, որտեղ այն ոչ ոք չի տեսնի կամ գոնե քչերը կտեսնեն և կողքից զգուշությամբ կանցնեն, թե՞ ուղիղ վառոդի տակառը: Այդ երկուսի միջև շատ այլ տարբերակներ էլ կան՝ վտանգավորության տարբեր աստիճանների:

Արտաքուստ այդպիսի խաբուսիկ մի լուր-մոլոտովյան կոկտեյլ օդ նետվեց այս շաբաթ. News.am-ը հրապարակեց կարծես թե տեղեկություն այն մասին, որ Իսրայելում հայ հոգևորականների են ծեծի ենթարկել: Սակայն անգամ առաջին նախադասությունից խախտվել են պարզ լուրի ժանրին ներկայացվող բոլոր պահանջները: Շարունակության մեջ խախտվել են ոչ միայն ժանրային, այլ նաև օրենսդրական, բարոյական և մարդկային նորմեր: Երեք պարբերությամբ լուրում հեղինակը  մեկը մյուսի հետևից շարադրում է մեղադրանքներ՝ Իսրայել պետության հասցեին՝ հայ հոգևորականների նկատմամբ վատ վերաբերմունքի, այնտեղ տիրող կրոնական անհանդուրժողկանության և պատժելու արժանի միջադեպերի ժամանակ ոստիկանության բացարձակ անգործության և այդպիսով՝ կրոնական ֆանատիկոսների համար անպատժելիության մթնոլորտ ստեղծելու համար: Որպես օրինակ բերվում է հունիսի 15-ին Երուսաղեմի կենտրոնում իբրև թե տեղի ունեցած հայ հոգևորականներին ծեծի ենթարկելու փաստը: Կոչ է արվում Հայաստանի ԱԳՆ-ին՝ միջամտելու այս հարցին:

Եվ այս ամենը առանց պատշաճ հղումի: Ճիշտ է, հղումներ կան, բայց նախ դրանք ակտիվ չեն, հետո էլ՝ դրանց հետքերով երկար գնալ է պետք՝ սկզբնաղբյուրը գտնելու համար: Որոնումներն ի վերջո բերում են ֆեյսբուքյան էջ,  թեև այստեղից էլ հստակ չի երևում, թե որտեղ է առաջին անգամ այս՝ գուցեև տեղեկությունը հրապարակվել:

Ի դեպ, լրատվամիջոցը նախանձելի հետևողականությամբ զարգացրեց թեման նաև երկու օր հետո:

Տարատեսակ որոնումները հրապարակման մեջ հիշատակված զանազան տեղա- և անձնանուններով բերում են մի քանի հայկական կայքեր, որոնք նույն տեքստի արտատպումն են՝ առանց որևէ փոփոխության, կամ լավագույն դեպքում՝ տեքստի մեխանիկական կրճատմամբ՝ անգամ ադրբեջանական կայքին հղումով:

Փոխարենը «հարուստ բերք» է տալիս նույն բառերով ռուսերեն որոնումը, ինչպես և սպասելի էր, ադրբեջանական կայքերում, հատկապես առավել տիպական՝  «հրապարակախոսություն» ժանրի նմուշներում:

Թե տեղեկատվական ինչ գործառույթ ուներ վերը նկարագրված պատմությունը, այնքան էլ  միանշանակ չէ: Չարյաց փոքրագույնն այս դեպքում կարծես թե էժանագին «մուտիլովկան» ստացվեց:

Մինչդեռ այն կարող էր լրջագույն ազամիջյան խնդիրներ հարուցել, եթե Հայաստանի ներքին հանգամանքներն այլ լինեին: Այս մասին արդեն դատել կարելի է այդ նյութի ներքևում ընթերցողների թողած մեկնաբանություններից՝  մեկը մյուսից հրահրող ու անպարկեշտ արտահայտություններով:

Հայերեն «կրակին յուղ լցնել» արտահայտությունը նշանակում է հրահրել, գրգռել կամ եղած կոնֆլիկտը սրել:

Այս օրինակով լրագրողներին պետք է սովորեցնել, թե ինչպես չեն գրում միջէթնիկական և միջկրոնական թեմաներով՝ չսպասարկելու կրակին յուղ լցնողների շահերին:

Օսկարը ստանում է…

Այս շաբաթվա «դափնիները» սակայն գնում են այն լրատվամիջոցներին, որոնք նույնությամբ, առանց խմբագրական միջամտության արտատպել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունը՝ Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Այդ հրապարկումները, ավելի ստույգ դրանց ուղեկցող նկարաշարը, կարող էր լավագույն ուղեցույցը լինել, թե ինչպես կարելի է խոշտանգել մարդկանց կենցաղային պայմաններում` առանց հատուկ գործիքների, ձեռքի տակ եղած միջոցներով:

Ինչ խոսք, լրատվամիջոցի համար գայթակղությունը մեծ է թուլանալ և առանց լարվելու ու ջանք գործադրելու ուղղակի արտատպել մի այնպիսի վստահելի և թվացյալ անմեղ աղբյուրի հաղորդագրություն, ինչպիսին կարող է լինել ՄԻՊ-ի գրասենյակը: Բայց արի ու տես, որ ԶԼՄ-ները միշտ պետք է զգոն լինեն, թե չէ զգուշության ու սթափության կոչ անողից կարող են վերածվել բռնության դասագրքի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.