ԱՆՀԱՄ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Շուտով թեյը կսկսենք խմել առանց շաքարի: Եվ առանց թրմելու»,- այս խոսքը կոչված է ակնառու դարձնելու մարդկանց կյանքի՝ ավելի ու ավելի ոչ բարեկեցիկ դառնալու  գործընթացի փուլերը: Խորհրդանշական կամ իրական: Երբ սա ասվում է հերթական թանկացումների ֆոնին, միանգամայն դառը, ավելի ճիշտ՝ անհամ կյանքի հեռանկար է բացվում. եռացրած ջուր և վերջ:

Հետևելով տեղեկատվական հոսքերի միտումներին՝ անհնար է նույն հեռանկարը չտեսնել արդեն հասարակական կյանքի համար. հասարակությունը կամաց-կամաց դադարում է տեղեկատվության հասցեատեր լինել: Համենայն դեպս՝ իշխանությունների համար: Նրանք գնալով փոքրացնում են շաքարի չափաբաժինը հասարակությանը մատուցվող տեղեկություններում, իսկ շուտով թեյը կմատուցվի նաև առանց թեյախոտի՝ անհամ ու անգույն տեղեկատվություն, որի ֆոնին մամուլի հաղորդագրությունները կարող են գունեղ և համուհոտով թվալ:

Անկարևոր թեմաներ

Առաջներում պաշտոնական, աշխատանքային այցով արտերկիր մեկնելիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան հետը լրագրողներ/օպերատորներ էր տանում, և լրատվամիջոցները լցվում էին այդ մասին տեղեկություններով: Դրանք,  ճիշտ է, հիմնականում պաշտոնականից էլ  պաշտոնական էին, բայց գոնե հայկական ծագման էին, գոնե ստեղծվում էր պատրանքը, թե սեփական երկրի հասարակությունն այնքան կարևոր է, որ իշխանություններն իբր հոգում են նրա տեղեկացված լինելու իրավունքը և իբրև թե հաշվետու են լինում պետական գործունեության համար:

Մեր երկիրը գնում է Աստանա՝ կարևոր, նույնիսկ ճակատագրական փաստաթուղթ չստորագրելու, և այդ արարողությանը հայ հասարակությունը հետևում է «Ռոսիա 24-ի» տեսախցիկով՝ «Ազատության» ուղիղ եթերում: Եվ այդպես՝ ուղիղ էլ տեսնում է, թե ինչպես է Ղազախստանի նախագահը փոխանցում լսարանին իր ադրբեջանցի ընկերոջ հնարավոր «գրգռվածությունը»:

Տարօրինակ զուգադիպությամբ, նույն օրը հանրապետության ամենադիտվող երեկոյան հաղորդումների թեման դառնում է «օրվա ամենակարևոր խնդիրներից մեկը»՝ կրթությունը: Ամենակարևորն այդ օրը հաստատ կրթությունը չէր, մանավանդ որ որպես այդ թեմայի կարևորության փաստարկ բերվում է ընդունելության քննությունների մոտեցող մեկնարկը:

Ընդհանրապես 2014 թվականի մայիսի 29-ի ԶԼՄ համայնապատկերը մեծապես հիշեցրեց 2013-ի սեպտեմեբրի 3-ինը. հնարավորինս «չոր» տեղեկատվություն կատարված փաստի մասին և արձագանքների, մեկնաբանությունների, կարծիքների գրեթե բացակայություն:

Նորագույն թրենդ հայ մեդիայում

Դրանից մի քանի օր առաջ առավել խորհրդանշական մեդիա իրադարձություն էր տեղի ունեցել. Հայաստանին անմիջականորեն առնչվող տեղեկությունն այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից հանվել է քաղաքական մասը, հայ ընթերցողին մատուցվեց՝ Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը հղում անելով: Նշանակո՞ւմ է սա, որ այդ պայմանագրի հետ կապված ամեն ինչ մենք իմանալու ենք, եթե իհարկե իմանալու ենք, հաստատ ոչ առաջին ձեռքից: Փաստորեն՝ այո, նշանակում է:  Ինչը հաստատվեց ընդամենը մի քանի օր հետո, Աստանայի գագաթնաժողովի «մեկ կամերայով» լուսաբանումը՝ վկա:

Ի դեպ, մեր նախկին, թեև դեռևս խիստ առանցքային պաշտոնյայի՝ «ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանի» Աստանայի տնտեսական ֆորում 2014-ին մասնակցելու մասին տեղեկությունը հանրությանը հրամցվում է արդեն առանց որևէ՝ նույնիսկ ադրբեջանական հղումի: Լրատվամիջոցն այս պարագայում նաև «բաց է թողնում» այն հանգամանքը, որ նախկին վարչապետն արդեն մի քանի օր առաջ լքել էր Հանրապետականի գործադիր մարմնի կազմը:

Չի բացառվում, որ լրատվամիջոցն օգտվել է մի աղբյուրից, որը կարծես թե Հայաստանից ֆորումի լուսաբանման բացառի՛կ հնարավորությունն ուներ: Նման հնարավորությունը այդ լուսաբանող-աղբյուրը օգտագործել էր «լիարժեք»՝ եզրափակելով հոդվածը «Без сомнений можно сказать, что Форум удался!» անթարգմանելի նախադասությամբ:

Չի բացառվում, որ հասարակությանը մատուցվող թեյի շաքար ասելով իշխանություններն ու հատուկ լուսաբանման առաքելություն ունեցողներն հենց այդպիսի նախադասություններ են հասկանում և ամենևին ոչ՝ առաջին և հավաստի աղբյուրից բազմակողմանի և ճշգրտված, գուցե նաև իրենց համար ոչ ականջահաճո տեղեկությունների հայթայթման հնարավորության տրամադրումը և իրականացումը: Իսկ այս ամենից նույնիսկ եվրասիական հոտ չի, որ գալիս է: Մաքո՛ւր սովետական:

Այնպես որ դժվար է վերոնշյալ օրինակները պատահականություն համարել:

Հուսահա՞տ, օրիգինա՞լ, օրինակելի՛

Իշխանությունների այս գործելակերպին ընդդիմանում են լրատվամիջոցները՝ ամեն կերպ փորձելով իրականացնել հասարակությանը տեղեկացնելու իրենց առաքելությունը: Ինչպես արեց վերևում հիշատակված «Ազատությունը» մայիսի 29-ին:

Սակայն վերջերս Հայաստանի լրատվական կյանքում աննախադեպ բան կատարվեց:  Եթե նկատի ունենանք Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով տեղեկություններ ստանալու «Հետքի» փորձը, այն նաև բավական անսովոր էր:

Դատելով վերը բերված օրինակներից՝ չի բացառվում, որ այսուհետ կարիք լինի այս փորձն ավելի ու ավելի հաճախ կիրառել:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.