ԴԱՍԵՐ՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Մի՞թե իսկապես հասարակական պահանջ կա մի երկու լրագրողի «նստեցնելու»՝ հարցը ծագում է ամեն անգամ, երբ հրապարակ է նետվում իբրև թե  ինչ-ինչ հարցեր կարգավորելու ուղղված հերթական նախաձեռնությունը: Իհարկե, նստեցնելու՝ փոխաբերական, ավելի ճիշտ խորհրդանշական իմաստով: Պատժելո՛ւ: 

«Ֆեյքերը» չանցան, պետք է  ուրիշ բան մտածել

Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելու ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնության թիրախը, իրենք չեն էլ թաքցնում, լրատվամիջոցներն են: Քննի՞չն անփութություն ցուցաբերեց, նախաքննական գաղտնիք հրապարակեց՝ լրագրո՛ղը թող պատասխան տա, փաստաբա՞նն անզգույշ եղավ, լրագրո՛ղն ապրած կենա, հրապարակվե՞ց ո՛չ նախաքննական գաղտնիք, ոչինչ՝ կանցկացնեն նախաքննականի տակ, ու ո՞վ պատասխան կտա: Իհարկե՝ լրագրողը: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ փնտրել մեղավորներ չգիտես՝ որտեղ, չգիտես՝ ում մեջ: Չէ՞ որ կա փրկության օղակը՝ լրագրողը: Նա մեղավոր է ոչ միայն կառավարության վատ աշխատանքի, ոչ միայն ընթերցողների մեկնաբանությունների, այլև ցանկացած այլ ոլորտում ցանկացած բացթողման, առավել ևս՝ այն հրապարակային դարձնելու համար:

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում…

Մի գինեգործ ամեն անգամ լրագրող տեսնելիս սկսում էր քննարկել «արդի լրագրության խնդիրները», անխնա քննադատում լրագրողներին՝ նրանց մակերեսային, վատ աշխատանքի համար և իր զարմանքը հայտնում, թե ինչպես են վերջինները մնում շուկայում: Ավելին՝ սովորեցնում, թե ինչպես է պետք գրել, որ ճիշտ լինի: Դա տևեց այնքան ժամանակ, մինչև լրագրողը քննադատության հերթական չափաբաժինը ստանալուց հետո հակադարձեց, թե ինքը ամեն անգամ գինեգործ տեսնելիս չի մատնանշում խանութներում լցված անորակ գինիների առկայությունը և մեկ գինեգործի պատասխանատվության չի կանչում ոլորտի բոլոր ներկայացուցիչների մեղքերի համար, իսկ գինեգործին էլ չի փորձում հասու դարձնել նրա իսկ բնագավառի նրբություններին:

Այլ կերպ ասած՝ ամեն ոլորտ ոլորտ է ՝ իր թերություններով ու առավելություններով, իր լավ ու վատ մասնագետներով, բարձրորակ և անորակ արտադրանքով: Սակայն այդ ոլորտներն առավել լավը չեն դառնա, երբ գինեգործին նրա արհեստը սովորեցնի կոշկակարը, իսկ լրագրողին՝ վերամաբարձ կռունկի մեքենավարը:

Էկոնոմիկայի հարգելի նախարար Կարեն Ճշմարիտյանը հավանաբար ավարտել է իր ոլորտի բոլոր հիմնախնդիրների լուծումը և ակնհայտորեն պարապ է մնացել: Իսկ ո՞ւմ է պետք խելք սովորեցնել, երբ պարապ ես մնում, իհարկե՝ լրագրողներին: Նախարարը հենց տեսել է լրագրողներին, անմիջապես հիշել է լրատվամիջոցների վատ աշխատանքը և իր դիտարկումներն արել այդ կապակցությամբ: Նա նույնիսկ խոստացել է առաջիկայում մամուլի ասուլիս հրավիրել և տեղը տեղին բացատրել լրագրողներին նրանց անելիքը:

Առավել հավանական է, որ նախարարի համբերության բաժակը լցրել է ոչ այնքան իր վկայակոչած դժբախտ պատահարների մասին տեղեկությունների առատությունը մամուլում, որքան՝ իր ղեկավարած ոլորտի առնչությամբ քննադատությունների և սեփական ունեցվածքի թվարկումների առատությունը լրատվամիջոցներում: Համենայն դեպս զվարճալի կլինի լուսաբանել նման ասուլիսը, որը, ով գիտե, կարող է և վարպետության դասի վերաճել:

Իսկ վարպետության դասի պակաս այս շաբաթ լրագրողները չունեցան նաև հոգևոր հոր շնորհիվ. Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը լրագրողներին նախատել է, թե նրանք «ճիշտը չեն ուզում իմանալ, նաև՝ լսել, ընկած են սենսացիաների հետևից»:

«Ժանրի դասականները» շարքից

Լրագրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի օրինակներ այս շաբաթն էլի է տվել, բոլորին չանդրադառնանք, մանավանդ որ խոսքը նաև այնպիսի «դասականների» մասին է, ինչպիսին է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հանրությանը առավել հայտնի է Թոխմախի Մհեր մականունով: Միակ «նորությունն» այն է, որ այս անգամ պատգամավորի բառապաշարն ու արտահայտչամիջոցները շատ ավելի «հարուստ» են եղել, գրեթե՝ ոչ ենթակա հրապարակման:

Հրապարակման ենթակա թե ոչ՝ մեր ազգընտիրների կողմից լրագրողներին հասցված վիրավորանքները այս կամ այն կերպ «ջրվում են», չի օգնում անգամ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը:

Հանձնաժողովը երևի թե հենց «ջրելու» համար էլ ստեղծվել է, մանավանդ որ օրինակների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով:

Իսկ մնացած դեպքերը «կջրեն» պետական այլ պատկան մարմիններ՝ դատախազություն, դատարաններ, ոստիկանություն: Հավանաբար՝ «հասարակական» պահանջին ընդառաջ:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*