ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ

Քանի՜ պաշտոնյա ու հանրային դեմք կդժբախտանար մեր երկրում, եթե լրագրողները վերանային: Առնվազն միամիտ պետք է լինել՝ հավատալու համար, որ լրագրողներին հայհոյողներն իրոք նրանցից ազատվել են ուզում: Լրագրողները այն քիչ մասնագետներից են, որ վերոնշյալներին արտահայտվելու տեղ ու հնարավորություն են տալիս՝ «արտահայտվել» բառի լայն իմաստով:

Լրագրողների հասցեին գռեհիկ և վիրավորական արտահայտություններով, ոչ օրիգինալ մեղադրանքներով հագեցած էր անցնող շաբաթվա յուրաքանչյուր օր:

Երկուշաբթի. «հասուն բանավեճեր»

Ժամանակագրորեն շաբաթն սկսեց, սակայն իր ոգով և իր ասածի ոգով շաբաթն ամփոփե՛ց ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: «Դուք բոլորդ անբարոյականներ եք»,- կարճ ու կոնկրետ «ձևակերպեց» պատգամավորը լրագրողների մարդկային ու մասնագիտական որակները: Մամուլում և սոցցանցերում սա տվեց պատգամավորի՛ մարդկային ու մասնագիտական որակները քննարկելու և վերլուծելու լայն հնարավորություն: Ի դեպ, ոչ առաջին անգամ, քանի որ իր՝ քաղաքական գործիչ դառնալուց հետո, նա հաճախ է հայտնվում լրագրողների հետ «մենամարտում»: Մինչդեռ ուղիղ երկու տարի առաջ՝ 2012 թվականի մայիսին, խորհրդարան գալու իրա առաքելություները թվարկելիս նա ասել էր. «Ես փորձելու եմ, որպես մշակույթի գործիչ, խորհրդարան բերել մի մշակույթ, որի արդյունքում վիրավորական վեճեր չեն լինի, … որտեղ կլինեն հասուն բանավեճեր» (Ընդգծումը՝ ԵՄԱ Ամփոփագրի):

Երեքշաբթի. բզզալ-բզբզալ-խայթել-խաթարել

Լրագրողի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 2014թ. մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ավագ քննիչ Հ. Վ. Մկրտչյանը «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին հարցաքննելիս լրագրողի աշխատանքի՝ իր դիտարկումն է ներկայացրել. «Դուք էլ եք բզբզացել, ինքն ասել է ինձ մի նկարի, դուք նկարել եք»: «Քննիչի կանխակալ գնահատականին ի պատասխան՝ «Հետքի» լրագրողը հրաժարվել է շարունակել ցուցմունքը՝ նշելով, որ քննիչն արդեն իսկ դիրքորոշում ունի նախաքննության փուլում: Հ. Վ. Մկրտչյանը ներողություն է խնդրել լրագրողից եւ խնդրել պատասխանել իր հարցերին,-գրում է «Հետքը»:

Այսպիսի մասնավոր դեպքում լրագրողի բզբզալն ինչ-որ տեղ կարելի է ներել, բայց այն, ինչ բացահայտել ու ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, չի կարելի ներել լրագրողներին:

«Լրագրողներին իրենց «դատարկ» հոդվածներով խանգարում են կառավարության աշխատանքին, խաթարում գործադիր իշխանության հանդեպ փոքր և միջին բիզնեսի վստահությունը, -նախարարի խոսքը ներկայացնում է Արմինֆոն: Եվ բառացիորեն մեջբերում նախարարին.«Մենք ցանկանում ենք արտոնություններ տրամադրել փոքր և միջին բիզնեսին, իսկ դուք ձեր հոդվածներով խաթարում եք նրանց վստահությունը մեր հանդեպ»:

Սիրելի լրագրողներ, մի բզբզեք մեղվի բունը, մի խանգարեք մարդկանց հարստանալ: Միևնույն է, նրանք դա անելու են, չնայած ձեր «դատարկ» հոդվածներին:

Չորեքշաբթի. ջինը դուրս եկավ շշից

Օրվա միջադեպն ամեն ինչ արժեր. փաստորեն ԱԺ-ում կային մականուններ, որոնք լայն հանրությանը այնքան էլ հայտնի չէին: «Հրապարակը» գրում է. «Մելիք Մանուկյանը, նույն ինքը՝ Շշի Մելոն, նախ հրաժարվեց շփվել` պատճառաբանելով, թե զբաղված է: Իմ դիտարկումը, թե այս էլ որերորդ դեպքն է`ինքն ասում է, թե զբաղված է ու չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, մանավանդ որ «լրագրողը նաև իր ընտրատարածքի բնակիչ է»: Այս արտահայտությունն անսպասելիորեն հունից հանեց Մանուկյանին ու նա բառիս բուն իմաստով հարձակվեց վրաս. «Էդ ի՞նչ ձև ես խոսում, արա: Քեզ ո՞վ ա թույլ տվել հետս տենց խոսել, դու ինձ ճանաչո՞ւմ ես», -բղավում էր մականունավոր պատգամավորը»:

Շնորհակալություն մեր գործընկերներին, որ ճանաչել տվեց և շշին, և ջինին:

Հինգշաբթի. ասուն բոմոնդ

«Երգչուհի Անահիտ Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Անի Քոչար դու անասուն ես!!! Խղճում եմ քեզ!!! Չի կարելի ֆոտոշոփով մարդուն գեշացնել ու ներկայացնել որպես հին նկար։ Մեղք ես, գնա հոգեբուժարան…. »,- տեղեկացնում է օրվա լրահոսը

Ֆեյշն դեմքն այսպես է արտահայտվել ամսագրում հայտնված իր լուսանկարի ազդեցությամբ կամ հետևանքով:

Դարձ ի շրջանս յուր

Շաբաթն ինչպես սկսվել, այնպես էլ «ավարտվել էր»՝ Շուշան Պետրոսյանով: Նույն օրը նա զանգահարել էր լրագրողին ու ներողություն խնդրել:

Իսկ ռուսական ասվացվածքն ասում է «Խոսքը թռչուն չի, թռավ՝ էլ հետ չես բերի»:

Լուսանկարը՝ http://civilnet.am/ կայքից:

One Response to 'ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ'

  1. Հիանալի դիտարկում է, հավեսին կարդացի…

Leave a Reply