ՀԻՎԱՆԴ ԽՈԶԵՐ, ՄԱՀԱՑՈՒ ԵՐՇԻԿՆԵՐ

Որքան էլ տխուր հնչի, բայց հուսահատությունը, որ զանգվածային լրատվամիջոցներին հանրությունը մեծ հաշվով լուրջ չի ընդունում, երբեմն կարող է և ուրախության ու մխիթարության փոխվել:

Այս շաբաթը կարծես թե դա ապացուցելու համար էր: ԶԼՄ-ներում սարքովի ու հորինովի տեղեկատվական օրակարգերին ԵՄԱ Ամփոփագիրն առիթներ ունեցել է անդրադառնալու: Սակայն մի բան է, երբ «գցած կուտը» շեղում է հասարակության ուշադրությունը իրական հիմնախնդիրներից և դրանք իրենց լուծումներով մղում է՛լ ավելի հետին պլան: Այլ բան, երբ բացահայտ տագնապահարույց տեղեկությունը հրապարակվում է այնպես, ասես դա շարքային, միջին վիճակագրական մի լուր է, որը հաջորդ օրն արդեն հանգիստ կարող է անցնել պատմության գիրկը:

Այդ կարգի տեղեկությունը հրապարակելուց առաջ սովորաբար ցանկալի է մտածել դրա հնարավոր հետևանքների մասին:

Այրե՞լ խոզերին

Կոնկրետ բնակավայրում ընտանի կենդանիների կոնկրետ վարակիչ հիվանդության տարածման մասին տեղեկությանը հանդիպելիս բնական է այն ակնթարթորեն տարածելու ցանկությունը. հանկարծ խնդրին անտեղյակ մարդիկ չմնան այդ բնակավայրում կամ դրա սահմաններից դուրս, հանկարծ ու չօգտագործեն այդ հիվանդ կամ արդեն անկում ապրած կենդանիների միսը իրենց սննդում և համանման այլ ազնվագույն մղումներ:

Մինչդեռ…

Հրապարակված տեղեկությունում կա առնվազն մեկ ցուցիչ, որը տեղեկությունը արտատպելուց առաջ գոնե պրոֆեսիոնալ լրագրողին պետք է որ հուշի, որ հանրության շրջանում խուճապ առաջացնելու ընդունակ տեղեկության հավաստիությունը առնվազն վիճելի է: «Խմբագրությունը այս ահանզանգը ստացավ բավական ուշ ժամի, այդ պատճառով չկարողացանք պատկան գերատեսչություններից մեկնաբանություններ ստանալ»,- «արդարանում է» լրատվամիջոցը: Ինչպես նաև խոստանում ստուգել հաջորդ օրը:

Փաստորեն կարելի է գրել, որ ասենք, «գնացք է վթարի ենթարկվել», կամ «այսինչ փողոցում կարծես թե դիակ կա, բայց քանի որ հիմա ուշ ժամ է, բոլորը գնացել են քնելու, մենք դա կստուգենք վաղը»:

Իսկ «վաղը» այդ լրատվամիջոցը կարող է արդեն հանգստանալ, քանի որ նման տեղեկությունը «քարի վրա չի մնում»: Հաջորդ օրը մի քանի այլ լրատվամիջոցներ «պատկան գերատեսչություններից ստացան մեկնաբանություններ և հրապարակեցին դրանք: Կային ավելի հեռուն՝ Վեդի գնացողներ (Վեդին, ի դեպ, մայրաքաղաք Երևանից մոտավորապես 40կմ է հեռու):

Այս նվազագույն ջանքերը, որոնք պահանջվում են ցանկացած լրատվամիջոցից ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ, հատկապես կարևոր են սուր վարակիչ, այդ թվում կենդանիների հիվանդությունների, պայթուցիկ նյութերի տեղադրման, խմելու կամ ոռոգման ջրի վարակված լինելու և այս կարգի այլ տեղեկություններ հրապարակելիս:

Այրե՞լ երշիկները

Տագնապի մյուս ազդանշանն էր այս շաբաթվա «գիտական հայտնագործությունն» այն մասին, որ սննդի վակուումային փաթեթավորումը վտանգավոր է մարդու առողջության համար:

Այդպիսի կարծիքներ, նույնիսկ դրանց գիտական կամ սիրողական հիմնավորումների փորձեր գոյություն ունեն, սակայն այդ կարգի հրապարակումները համացանցում սովորաբար գիտական շրջանակներին են հասցեագրված, և զանգվածային լրատվամիջոցները պետք է որ դրանք հրապարակելիս այդ հանգամանքը նկատի ունենան: Իսկ երբ օրվա լրահոսում հանկարծ ու հայտնվում է անվերապահ տոնով գրված տեղեկությունը, թե ինչ մահացու հետևանքներ  ունի յուրաքանչյուրիս սառնարանի պարունակությունը, մնում է միայն ուրախանալ, թե ինչքան անլուրջ են երբեմն մեր մասնագիտության դրսևորումները: Եվ մխիթարվել, որ հաճախ հենց այդպես անլուրջ էլ հասարակությունը ընդունում է մեզ՝ լրագրողներիս ու մեր արտադրանքը: Թե չէ պատկերացնում ե՞ք ՝ ի՜նչ ինկվիզիցիայի պետք է ենթարկվեին այս շաբաթ  խեղճ վեդեցի խոզերը և նրանց վակուումային երշիկները:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.