ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԽԱ Է

Ուրիշ էլ ի՞նչ երազանք կարող է ունենալ լրագրողը՝ վարչապետի և կառավարության փոփոխությունից, կուսակցությունների՝ կոալիցիա չմտնել- դուրս գալուց ու նախարարական աթոռակռվից բացի: Նույնիսկ «ամենափրկիչ» վթարներին ու սպանություններին կարգին հերթ չի հասնում: Գրելու բան՝ ինչքան ասես. նյութը՝ հեղեղ: Եւ այդ հեղեղին կուլ է գնում «սովորական» մարդկանց կյանքը:

Գուցեև արժեր անցնող շաբաթվա դափնիները տալ Հայաստանի նոր վարչապետի նշանակման, ունեցվածքի և բիզնեսների կամ ամենևին ոչ այդ թվարկվածների շուրջ հումորի ու ծաղրանկարների թեմային, քանի որ մեր մեդիան լցված էր առավելապես դրանով:

Սակայն, իր իսկ հավաստմամբ սեփական երեխայի հետ շփվելու համար պայքարող մի մարդ այս օրերին որոշեց մամուլի ասուլիս անցկացնել: Եվ դարձավ նյուզմեյքեր:

Բազմազանության, գուցե նաև այդ պատմության մեջ հիշատակվող մի գնդապետի համար, լրատվամիջոցները անդրադարձան այդ թեմային:

Սովորաբար ինչպե՞ս պետք է լինի՝ մարդը մամուլի ասուլիս է տալիս, լրագրողները հասկանում են՝ ինչ էր ուզում ասել նա, ասուլիս տվողի պատմության հիմնական դերակատարներից կամ հիշատակված կառույցներից, որոնց լրագրության մեջ ընդունված է աղբյուր կոչել, փորձում են ստանալ պարզաբանումներ/ հակափաստարկներ/այլ մանրամասներ և միայն դրանից հետո հրապարակում/հեռարձակում այդ պատմությունը: Եւ ամենևեին՝ ոչ մամուլի ասուլիսը:

Պատրաստի նյո՞ւթ

Իսկ ինչպե՞ս է լինում սովորաբար՝ մարդը մամուլի ասուլիս է տալիս, լրագրողները, կարևոր չէ՝ հասկանում են, թե ոչ՝ ինչ էր ուզում ասել նա, սղագրում են՝ լավագույն դեպքում, նրա խոսքերը և հրապարակում դրանք: «Կոնվերգենտ» լրագրողները նույնիսկ սղագրելու նեղությունը կարող են չկրել՝ «Վերնագիր: Դիտեք տեսանյութը»: Ահա և ողջ լրագրությունը: Չէ՞ որ օպերատիվություն, հրատապություն, էքսկլյուզիվություն՝ զոհեր են պահանջում:

Իր իսկ հավաստմամբ, սեփական երեխայի հետ շփվելու համար պայքարող մարդը գուցեև ողբերգության մեջ է, հուսահատ է և հուզված, բայց լրագրողի համար նա պատմության մեկ կողմն է: Կողմ, որի խոսքերին հավատալ-չհավատալը լրագրողի գործառույթի մեջ չի մտնում: Կողմ, որի ներկայացրած ողբերգական պատմությունը մեղադրանքների կույտ է ոչ միայն երեխայի հարազատների, այլև հանրային դեմքերի դեմ: Եւ ամենակարևորը՝ այդ ամբողջ պատմությունը երեխայի՛ շուրջ է, երեխայի՛ մասին և իբրև թե՝ երեխայի՛ համար:

Ասուլիս տվող մարդը հնչեցնում է երեխայի անուն-ազգանունը, լրատվամիջոցները կրկնում են դա, ասուլիս տվող մարդը հնչեցնում է երեխայի դպրոցի անունը, լրատվամիջոցները կրկնում են դա, ասուլիս տվող մարդը ոչ կոռեկտ արտահայտություններ է հնչեցնում երեխայի ծագման շուրջ վեճերի կապակցությամբ, լրատվամիջոցները պարզապես տեսագրությունն են դնում կամ հանում այդ խոսքերը վերնագիր: Ասուլիս տվող մարդը տեսախցիկների առաջ թափահարում է երեխայի լուսանկարը: Դրանից էլ լա՞վ կադր:

Նույնիսկ «ի հաշիվ»

Առանց կոնկրետ անունների, մանավանդ հնչեղ-գնդապետական, առանց լուսանկարի, առանց կեղտոտ մանրամասների, բռնության մասին պատմությունն անշուշտ դժվար է վաճառել: Բայց պետք է, չէ՞, հիշել, որ այդ պատմության կոնկրետ երեխան շարունակելու է կոնկրետ այդ դպրոցը գնալ ու ապրել ու շփվել կոնկրետ անուն-ազգանունով հարազատների հետ: Իսկ ովքեր էլ նրան անունից տեղը չէին բերել, ոչի՛նչ, լուսանկարը տեսան, հիմա ոչ ոքի հետ նրան չեն շփոթի: Եթե նրա մասին պատմողն այդ մտահոգության անհրաժեշտությունը չի տեսնում, լրագրողը պետք է որ չշահարկի դա: Նույնիսկ պարտավոր է զգուշացնել, որ այդ տվյալների հանրայնացումը կարող է ունենալ որոշակի վտանգներ: Չէ՞  որ լրագրողը դրանց մասին ամենալավը գիտի: Նույնն է, թե կույրին չզգուշացնես նրա դեմ բացվող անդունդի մասին, ինչ է թե ձեռքիդ տեսախցիկը կարող է ցնցող էքսկլյուզիվ հավերժացնել:

Հրապարակումներից ամենամեղմը, որտեղ անչափահաս երեխայի տվյալները և լուսանկարը բացակայում էին, դարձյալ պարունակում էր մեղադրանքների կոնկրետ հասցեատերեր, որոնց լրատվամիջոցը հարկ չէր համարել անգամ հարցում կատարել՝ թեկուզև պատասխանը առաջիկայում հրապարակելու խոստումով: Այդպիսի դեպքում հրապարակումն անհրաժեշտ էր փոփոխել մոտավորապես այսպես, եթե մյուս աղբյուրների հետ տեղեկությունը ճշտելու կամ նրանց հակափաստարկներն իմանալու հնարավորություն չկար:

«Քաղաքացին մեղադրում է դատախազությանը՝ իրեն երեխայից զրկելու համար

Դավիթ Ծաղիկյանի պնդմամբ, իր երեխային արդեն 4 տարի է՝ ապօրինաբար խլել է ՀՀ դատախազությունը՝ իր նախկին կնոջ և աներոջ հետ: Իր խնդրի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց հենց Դավիթ Ծաղիկյանը և ընդգծեց, որ մինչ օրս իրեն հայտնի չէ որդուն իրենից զրկելու պատճառը:

«Նախկին կնոջս հետ ամուսնացել ենք 2004-ին և ապրել 4 տարի: Հետո ինքն ու իր ընտանիքը որոշեցին, որ պետք է բաժանվենք, ու զրկեն ինձ իմ երեխայից»- ասաց նա: Կնոջ հայրը բարձրաստիճան ոստիկան է եղել և, բանախոսի հավաստմամբ, հենց նրա կապերի շնորհիվ են իրեն հեռացրել իր որդուց:

Դավիթ Ծաղիկյանը նշեց, որ դատարանը զրկել է իրեն երեխային տեսնելու հնարավորությունից՝ պատճառաբանելով, որ համապատասխան ապացույցների համաձայն ինքը երեխայի հայրը չէ:

«2008թ-ին դատարանը նշանակեց դատագենետիկական փորձաքննություն, որը պետք է իրականացվեր ՀՀ դատագիտագործնական լաբորատորիայում: Դատարանին տրված եզրակացությամբ՝ արյուն ենք հանձնել ես, երեխաս ու երեխայի մայրը և պարզվել է, որ երեխայի հայրը ես չեմ: Բայց ես արյուն չեմ տվել, և դա կարող եմ ապացուցել: Ավելին՝ ես որևէ ստորագրություն որևէ փաստաթղթի տակ չեմ դրել: »,- ասաց նա:

Ներկայումս Դավիթ Ծաղիկյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի հնարավորություն ստանա ժամանակ առ ժամանակ տեսակցել իր երեխային»:

Բալանսի իմիտացիա

Անգամ մյուս կողմին դիմելու հնարքը չի փրկել այս դեպքում, երբ հակափաստարկների շարադրման ժամանակ դատախազությանը մեղադրող անձը ձեռքի հետ պիտակավորվում է, կամ էլ վերջինիս հաղորդած տեղեկությունները տրվում են «ըստ, պնդմամբ» արտահայտություններով, իսկ դատախազությանը՝ անվերապահորեն: «Նոր հանգամանք, որի մասին լռում էր Դավիթ Ծաղիկյանը: Դատախազության հանրային կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Դավիթ Ծաղիկյանը նախկինում 5 անգամ ազատազրկված է եղել: Իսկ նրա դիմումներին դատախազությունը մանրամասնորեն պատասխանել է: Ավելին, Դավիթ Ծաղիկյանի պնդումը, որ նրանից փորձանմուշ չի վերցվել, չի համապատասխանում իրականությանը»,- դատախազության պատասխանը ներկայացնում է լրագրողը:

 Մեկը՝ բազում շաբաթներից

Հնարավոր է, որ այս անփութության պատճառը շաբաթվա տեղեկատվական հեղեղն էր, որի մեջ դժվար է լինում երբեմն պահել մասնագիտության բարձր չափանիշները, սակայն եթե անցնող շաբաթը բացառիկ էր տեղեկատվական հեղեղի իմաստով, ապա չափանիշների անկմամբ՝ ցավոք, ոչ:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.