ՀԱՍՈՒՆԱՑԱ՛Ծ, ԲԱՅՑ ԱՐԴՅՈ՞Ք ԽՈՐԸ ԳԻՏԱԿՑՎԱԾ

Ժամեր անց պետք է որ հայտնի դառնա ՀՀ նոր վարչապետի անունը, ինչը կփակի այս անվան շուրջ ենթադրություն-կռահում-վարկածների անցնող շաբաթը և կբացի «աշխատանքային» նոր շաբաթ՝ «ինչու/ինչո՞ւ հենց այդ անունը» թեմայով ենթադրություն-կռահում-վարկածների:

Այդ շարքում կլինեն հաղթանակած ՝ «ինչպես և մենք կանխատեսել էինք անցյալ շաբաթ», չեզոք՝ «այսինչ այնինչյանը նշանակվել է այսինչ և այնինչ պատճառներով» և  ակնհայտ պարտվողական՝ «այս անգամ էլ իշխանությունները հուսախաբ արեցին ժողովրդին» ոգով լուսաբանումներ:

Նույն «բազմազանությունը» տիրում էր անցնող շաբաթում, և այդ ընթացքում հայրենի իշխանությունները, հանրության նկատմամբ  հարգանքի իմիտացիա թողնող ձևակերպումով պատճառաբանություն այն հարցին՝թե ինչու գնաց գնացողը, նույնիսկ իրենց սիրելի և հավատարիմ լրատվամիջոցների սպառողներին չտվեցին:

«Հասունացած, խորը գիտակցված, անձնական, հոգնած»՝ հասկանալի բացատրություն է, բայց լսարանի նկատմամբ հարգանքի իմիտացիա չի պարունակում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ասում է, որ իր հրաժարականի պատճառները բացատրելու իրավական որևէ պարտավորություն նույնիսկ այդ կարգի պաշտոնյան չի կրում:

Մնում է բարոյականը: Ուրեմն բան չի մնում (՞):

Որտե՞ղ փնտրել պատասխանը

Գուցե հենց այդ պատճառով է, որ լրատվամիջոցներն էլ գրեթե միահամուռ անցան հրաժարականին հաջորդող հարցին՝ հաջորդի մասին, իսկ անցյալը՝ ինչու, ինչ պատճառներով՝ մնաց անցյալում: Համենայն դեպս տեղեկատվական, լուրերի թողարկման ռեժիմում հրատապ են հրատա՛պ լուրերը, իսկ նախկինն արդեն մի շաբաթվա վաղեմություն ունի: Ոչինչ, որ այդ «վաղեմության» մեջ կարող են գտնվել մեր ապագայի ինչ-որ կորած սերմեր:

Այդ չարաբաստիկ «ինչու»-ի փնտրտուքներ իհարկե լրատվամիջոցներն անում էին՝ ոչ այնտեղ, որտեղ կար դրա պատասխանը: Եւ դա հավանաբար այն պատճառով, որ «հասունացած, խորը գիտակցված»-ով, «մի ամիս առաջ հրաժարական տված»-ով իշխանությունները հստակ հասկացրել էին՝ ավելին չեն ասելու, գուշակեք՝ ինչ ուզում եք:

Լրատվամիջոցներին էլ մնում էր պատասխանը փնտրել այնտեղ, որտեղ այն չկար՝ ոչ իշխանական կուսակցություններում, Մարդու իրավունքների պաշտպանի «գրասենյակում», լրագրողների, հասարակական-քաղաքացիական գործիչների մոտ:

Կեսարինը՝ կեսարին կամ երկնքից երեք խնձոր ընկավ

Եւ ծնվեցին վարկածներն ու ենթադրությունները: Դրանք գուցե թե հրաժարականի պահի՝ ճշգրիտ հաշվարկի արդյունքում այնքան բազմաշերտ էին, որքան պետք էին հասարակության տարբեր շերտերին՝ պատասխանի իրե՛նց ուզած տարբերակը ստանալու համար: Օրինակ՝ թող «Դեմ եմ»-ի անդամները մտածեն, թե վարչապետի գլխին իրենք են կուտակել ամպերը, թող լրագրողները մտածեն, թե այս հանգրվանին վարչապետը հասավ օֆշորներով անցնելիս, ոչ իշխանական կուսակցություններն էլ թող վստահ լինեն՝ եթե բարձրաձայն մի քանի անգամ կրկնես ցանկությունդ, այն հաստատ կիրականանա:

Իսկ եթե ավելի քաղաքական-խորը-խորաթափանց՝ մի քանի վարկածների համադրում- հերքումը և նոր հարցերի առաջադրումը՝ ելնելով այն պնդումից, թե վարչապետը՝ շախմատի ֆիգուր, իսկ վարչապետին փոխելը՝ բարդ շախմատային պատ-մատային կոմբինացիա՝ Մաքսային միությանն անդամակցելու կամ չանդամակցելու ճանապարհին:

Կրկնությունը ամրապնդում է գիտելիքները

Իրականում հնարավոր է, որ ամեն ինչ այդքան բարդ չէ, ինչքան փորձ են անում ներկայացնել կուսակցությունները և լրատվամիջոցները: Գուցե իրականում ճիշտ է հոգնածության մասին պատճառաբանությունը, միայն թե՝ ոչ վարչապետի: Առավել հավանական է հոգնածությունը՝ վարչապետի՛ց. կան առավել ազդեցիկ դեմքեր, իսկ նրանց «կառույցների հետ կապերի ամրապնդումը» ամրապնդում է իշխանության իշխանությունը:

…Այն երա՞զ էր ցնորամիտ

«Կիթառ սովորեցնողի տեղ ասեք՝ ուզում եմ վարչապետ դառնամ» (տեսանյութ)

Վերևում գրված, հետևաբար և անցնող շաբաթվա ամենաթեժ իրադարձությունը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը իրականում չի եղել: Չե՞ք հավատում, ստուգեք Կառավարության պաշտոնական լրահոսում, միայն վարչապետի կենսագրությունից տեսանելի է, որ մեր վարչապետը պաշտոնակատար է, բայց ի՞նչ պատճառներով՝ պատմությունը լռում է:

Լուսանկարը՝ http://www.aravot.am/ կայքից:

 

Leave a Reply