ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լրագրության մեջ ամենադժվար փորձություններից է թերևս մասնագիտության մեջ օրուգիշեր ապրելը՝ առանց տոների և հանգստյան օրերի: Տարօրինակ է լրագրությունը համեմատել մեկ այլ մասնագիտության հետ, երբ գրասենյակի դուռը կողպելը կարող է նշանակել նաև գործից կտրվել կամ մոռանալ մասնագիտությունը: Լրագրության մեջ այդպիսի մոտեցումը կարող է նշանակել հրաժեշտ մասնագիտությանը: 

Անցյալ հանգստյան օրերին Սիրիայի Քեսաբ հայաբնակ քաղաքի վրա կատարված հարձակումը փաստորեն բացահայտումներ կատարեց ոչ միայն գլոբալ և հայաստանյան քաղաքականության, այլ նաև՝ հալ լրագրության մեջ. մեզնից շատերը մասնագիտութանը հրաժեշտ են տվել՝ առանց այդ մասին բարձրաձայն խոստովանելու և անգամ առանց նրանից հեռանալու:

Սրբազան հանգիստ

Տեղեկությունները, որ Սիրիանի Քեսաբ բնակավայրի վրա մարտի 21-ի վաղ առավոտյան հարձակում է տեղի ունեցել, հայաստանյան լրատվամիջոցներում  հաղորդվեց մի քանի տողով կամ իսպառ չհաղորդվեց. չէ՞ որ շաբաթ-կիրակի էր: «Սրբազան» շաբաթ-կիրակիով չանհանգստացվեց ԱԳՆ ոչ մի պաշտոնյա, Սփյուռքի նախարարության ոչ մի աղբյուր, շատ հեռախոսազանգեր կարծես թե չհնչեցին նաև Հայաստանում ապաստանած մեր սիրիացի հայրենակիցների բնակարաններում. հայաստանյան ԶԼՄ-ները հանգստանում էին:

Գուցե թե միայն արևմտյան «երեսառած» լրագրողները և նրանց սակավաթիվ հայ գործընկերներն են, որ սենսացիոն, աղետալի տեղեկություն լսելուն պես, առանց ժամին նայելու, ձեռքներն են վերցնում իրենց կոնտակտային ցուցակները ու փորձում պարզել այդ տեղեկությանն ամենամոտ կանգնած՝ ցուցակի իրենց աղբյուրներին: Կարելի՞ է ենթադրել, որ մեր գործընկերները մեր արտգործնախարարությունում աղբյուրներ չունեն կամ չեն ճանաչում առնվազն մեկ սիրիահայի, որն իրենց իրադարձություններին ավելի մոտ կանգնածներից տեղեկություններ կհաղորդի: Հազիվ թե: Սակայն, չնչին բացառություններով,  հայաստանյան  լրատվամիջոցներում տեղեկություններ չհայտնվեցին՝ անմիջականորեն տեղյակ աղբյուրներից: Չերևաց նաև,  որ մարտի 22-23-ին թեկուզև անհաջող փորձ է արվել՝ կապվելու հայաստանյան պաշտոնական կամ իրազեկ աղբյուրների հետ: Մի քանի աղբյուրների համադրմամբ աշխատանքի օրինակներն է՛լ ավելի քիչ են: Իսկ պաշտոնական և իրազեկ աղբյուրներն էլ հայտարարություններով և ասուլիսներով հանդես եկան մարտի 24-ից սկսած: Փաստորեն լուրարտադրության և այս, և այն կողմում սպասում էին երկուշաբթիին՝ սկսելու լրատվական շաբաթը:

Միակ «կոչնակ հնչեցնող» լրատվությունը անցյալ հանգստյան օրերին «Երկիր մեդիայի» «Երկրի շաբաթը» կիրակնօրյա լրատվական-վերլուծական ծրագիրն էր, որը ևս արձանագրեց, որ Քեսաբի մասին «կցկտուր լրատվությունից» բացի, «կոչնակ հնչեցնելու ճիգ անգամ չկա»:

Տեսադաշտից հեռու

Այդպիսով անցյալ հանգստյան օրերը մի տեսակ ի մի բերեցին այն երեք տարիների վերաբերմունքը, որ ուներ հայ հասարակությունը և հայաստանյան մեդիան հայաշատ Սիրիայում տեղի ունեցող դեպքերի նկատմամբ: Այս երեք տարիների ընթացքում մեր լրատվամիջոցները պետք է որ հեղեղված լինեին Սիրիայի և հատկապես Քեսաբի հայության գլխին կախված վտանգի հնարավորության մասին տեղեկություններով: Փաստորեն հայաստանաբնակ հայերիս մի այդպիսի հարձակում էր պետք, որ Քեսաբի աշխարհագրական դիրքի, պատմա-մշակութային մանրամասների, իսկ որ ամենակարևորն է՝ Սիրիայում տեղակայված ռուսական  ռադիոլոկացիոն կայանի մասին իմանային փորձագիտական շրջանակներից դուրս:

Թե ինչ նշանակություն է ունեցել Քեսաբը հայոց պատմության ընթացքում, և ինչքանով կարող էր այն վտանգված լինել սիրիական պատերազմի ընթացքում, մեզ, հետևաբար և ԶԼՄ-ներին ավելի շատ չի հետաքրքրել, քան մալայզիական ինքնաթիռի անհետացման վարկածները:

Մինչև դանակը ոսկորին չի հասնում

Ժամանակ առ ժամանակ հայաստանյան լրատվամիջոցներում արտասահմանյան մեդիայից Սիրիայի մասին արտատպումները միանգամայն «անմեղ» տպավորություն են թողնում գուցե թե այն պատճառով, որ մենք շարունակում ենք թերանալ միջազգային իրադարձությունները բեկել  Հայաստանի և հայության պրիզմայով: Այնքան ժամանակ, քանի դրանք ուղղակի չեն հասնում մեր դռանը՝ արդեն իրականացած: Օրինակ, «ավետիսն» այն մասին, որ Ռուսաստանը արդիականացրել է Սիրիայում և Լիբանանում իր ռադիոլոկացիոն կայանները, հայաստանյան մամուլում հրապարակվել է 2012 թվականի փետրվարին: Լուրը թարգմանվելուց և արտատպվելուց բացի, լրագրողական այլ միջամտության չի ենթարկվել. ոչ մի լրատվամիջոց չի դիմել որևէ քաղաքագետի, ռազմագետի, դիվանագետի՝ ընդամենը տեղայնացնելու այս՝ առաջին հայացքից միջազգային նորությունը, պարզելու, թե Իսրայելին և Հորդանանին առավել արդիականացված հետևելու այս գործիքը կարո՞ղ է արդյոք թիրախ դարձնել տեղի բնակչությանը, որոնց շրջանում քիչ չեն հայերը:

Ռուսական ռադիոլոկացիոն կայանին հասնելն, իհարկե, Քեսաբի վրա հարձակման, հետագայում դեպի Լաթաքիա առաջանալու դրդապատճառների ընդամենը մեկ վարկածն է: Սակայն հայաստանյան լրատվամիջոցների կողմից մինչև բուն հարձակումը առանձնապես մեծ ուշադրության չեն արժանացել նաև մյուս վարկածները: Ինչպես՝ Թուրքիայի ընդդիմությունը փորձում է ընտրություններից առաջ վարկաբեկել Էրդողանին, նավթի և գազի հարուստ պաշարների հայտնաբերում այդ տարածքում: Այսպես է կարծում, օրինակ, ԵՄԱ Ամփոփագրի աղբյուրներից հալեպահայ Արտեմիս Լեփեջյանը՝  «Ս.Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն» ՀԿ-ի նախագահը, որը Սիրիայի մասին տեղեկություններ ստանում է և այնտեղ այցելելով, և այստեղ տարբեր տարիներին բնակություն հաստատած սիրիահայերից, և Սիրիայում մշտապես բնակվող իր հայրենակիցներից, և արաբալեզու լրատվամիջոցներից:

Ինչ խոսք, անցյալ երկու տարում հայաստանյան լրատվամիջոցներն ինչ-որ չափով անդրադարձել են մի քանի օր առաջ իրականացված հարձակման հնարավորությանը, սակայն ցավալիորեն հաշված անգամներ և ոչ հետևողական:  Իսկ որ ամենակարևորն է, այդ տեղեկությունները   համարյա կորել են օրվա լրահոսի մեջ և բավարար ուշադրության չեն արժանացել այլ լրատվամիջոցների կողմից:

Եվ ստացվում է այնպես, որ անցնող շաբաթում քեսաբահայության մասին գրվեց գուցե շատ ավելի, քան Սիրիայի հակամարտության մասին՝ մի քանի տարիների ընթացքում:  Եվ ստացվում է այնպես, որ անցնող շաբաթում վերջապես Սիրիան դարձավ հայաստանյան լուրերի ամենաթեժ թեման:

Մարտի 21-ի հարձակման մասին առաջին տեղեկատվության տիպային նմուշօրինակ կամ «արտատպում-համադրում»  

«Մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումներն անցել են սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Դամասկոսի մեր թղթակիցը հաղորդում է, որ բավական մեծ թվով հայեր ստիպված են դուրս գալ Քեսապից և համեմատաբար ավելի ապահով շրջաններում հաստատվել»,- ասաց Գանտահարյանը` հավելելով, որ իրենց տեղեկություններով` մարդկային զոհեր չկան, սակայն բախումները շարունակվում են»:

«Երկիր մեդիան» տեղեկացնում է, որ «հարձակվողները ներխուժել են Թուրքիայի տարածքից»՝ համաձայն հալեպահայ Բերիո նյուզ լրատվականի:

«Հարձակման թիրախում սկզբնապես հայտնվել է Քեսաբին մաս կազմող հայաբնակ Սեւ աղբյուր գյուղը, որի շրջակա բարձունքները գրավվել են: Այս ընթացքում բնակչությունը Սեւ աղբյուրից եւ վտանգի ենթակա այլ տարածքներից հեռացել է ավելի ապահով վայրեր, հատկապես՝ Լաթաքիա նավահանգստային քաղաք: Կան տուժածներ»,- հայտնում է «Երկիր մեդիան»:

Ըստ լիբանանյան www.lradou.com-ի, «Սիրիայի ընդդիմության համակարգող խորհուրդը մարտի 21-ին 18:35-ի դրությամբ հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմության «Ազատ բանակի» ջոկատներն իրենց տիրապետության տակ են վերցրել Քեսաբի մոտ գտնվող կարևոր  ճանապարհը, որը Սիրիան Թուրքիային կապող Ասադի վարչակարգի տիրապետության տակ գտնվող վերջին անցակետն էր: Մյուս բոլոր անցակետերը ընդդիմության ձեռքին են»:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.