ԼՈՒՐԵՐ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ՖԻԼՏՐՈՎ

Russian protesters waved this banner during December 2011 protests. (Credit: CBS News video. Screenshot by CNET's Jonathan Skillings).

Ռուս ցուցարարների պաստառներից, 2011թվական, դեկտեմբեր: (Credit: CBS News video. Screenshot by CNET’s Jonathan Skillings)

«Ռուսաստանի ամբիցիաները և հզորությունն անհրաժեշտ է սանձել, իսկ ե՞րբ է ավելի նպատակահարմար դա անել, եթե ոչ այսօր: Ի՞նչ եք կարծում, … Անգլիան և Ֆրանսիան թույլ կտա՞ն արդյոք Հյուսիսային արջին իր որջ վերադառնալ ՝ նորից սրելու սեփական մագիլները և նոր ուժ վերագտնելու»,- Ղրիմի դեպքերի կապակցությամբ գրում է ամերիկյան ամենահայտնի պարբերականներից մեկը` Նյու Յորք Թայմսը, ի՞նչ եք կարծում ՝ երբ:… 1854թ. օգոստոսի 16-ին: «Ինչ վերաբերում է Ղրիմի վրա հարձակմանը՝ ծովային և ցամաքային ուղիներով. կան հանգամանքներ, որոնք ստիպում են մեզ հավատալ, որ այդպիսի բան տեղի կունենա: Եվ Անգլիան, և Ֆրանսիան այդ ուղղությամբ շարժվելու պատրաստություններ են տեսնում »,- շարունակում է միջազգային հեղինակավոր այս լրատվամիջոցը նույն համարում:

«Ռուսաստանի կողմից հանկարծակի Ղրիմի անեքսիան վերականգնեց ՆԱՏՕ-ի՝ որպես Մոսկվային հակակշռի կենտրոնական դերը, ինչպես նաև՝ Դաշինքի  հնարավորությունների և գործելու ունակության հետ կապված հարցերը»,- գրում է դարձյալ նույն Նյու Յորք Թայմսը արդեն 2014 թվականի  մարտի 19-ի համարում:

Թուղթն ամեն ինչի դիմանում է

Երբ առաջին և երկրորդ պարբերությունները համադրվում են՝ առանց նկատի ունենալու դրանց տպագրման ժամանակները, ինչ ասես, որ չի կարելի դրանից եզրակացնել, մանավանդ անցյալ շաբաթ հրապարակված այն տեղեկության ֆոնին, որ Ամերիկայի Միացյալ Նահագները բացառել է ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը Ուկրաինայի հարցով՝ շեշտը դնելով Ռուսաստանի նկատմամբ  տնտեսական պատժամիջոցների վրա: Օրինակ, կարելի է եզրակացնել, որ Միացյալ թագավորությունը և Ֆրանսիան ՆԱՏՕ-ից դուրս գալու մտադրություն ունեն և պատրաստվում են Ռուսաստանի վրա հարձակվել:

(Մինչ կկարդացվեն այս հոդվածի հաջորդ նախադասությունները, նախորդները հավանաբար արդեն տարածվում են սոցիալական ցանցերով և արտատպվում այլ լրատվամիջոցներում. չէ՞ որ սենսացիա է՝ Նյու Յորք Թայմսը մեջբերված առնվազն առաջին պարբերությունում կոշտ արտահայտություններով ու անցյալ դարի համեմատություններով գրում է Ռուսաստանին սանձելու անհրաժեշտության և այդ ուղղությամբ եվրոպական երկրների կողմից ձեռնարկվող կոնկրետ ռազմական քայլերի մասին):

Կրկնում ենք, եզրակացնել կարելի է ամեն ինչ, երբ աղբյուրներից օգտվելիս «մի թեթև անուշադրության է մատնվում» որևէ տարր, անգամ այնքան հզոր, ինչպիսին ժամանակն է: Մոտավորապես այնպես, ինչպես վերջին ամիսներին անում են ռուսական և պրոռուսական լրատվա-, ավելի ճիշտ՝ քարոզչամիջոցները: Իսկ այդ սուտը կամ առնվազն միակողմանի և աչառու տեղեկատվությունը տպվում-արտատպվում և  տարածվում է ակնթարթորեն: Դրանից հաճույքով օգտվում են ռուսահաճո լրատվամիջոցները, և արդեն անկանխատեսելի է դրանց մուլտիպլիկացիոն «էֆեկտը»:

Փորձելով այս կամ այն լրատվամիջոցում հերքել ռուսական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը, ուկրաինացի որոշ լրագրողներ ստպված մի առանձին հարթակ ստեղծեցին՝ մեկ-մեկ պարզաբանելու, հերքելու, լրացնելու այն ամենը, ինչ կեղծում, թաքցնում կամ ամբողջությամբ չեն ասում ռուսական լրատվամիջոցները:

Լակմուսի թուղթ

Դեռ մի քանի ամիս առաջ գուցե կարելի էր ասել, դե լավ, դրանք ռուսական են, ինչ ուզում են՝ թող անեն, դա մեզ այնքան էլ չի վերաբերում: Սակայն, ինչպես նախկինում կանխատեսվել էր, գնալով հայաստանյան տեղեկատվական դաշտն ավելի ու ավելի է ինտեգրվում ռուսականին: Իսկ ուկրաինական թեման հայաստանյան լրատվության համար փաստորեն դարձավ այդ ինտեգրման խորության աստիճանն ստուգելու լակմուսի թուղթը:

Քիչ թե շատ բազմակողմանի տեղեկություններ այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում և հատկապես Ղրիմում, հայաստանյան մեդիա սպառողն ստանում էր անցյալ շաբաթ՝ արդեն Ղրիմի հանրաքվեից հետո:

Իսկ մինչ այդ տեղեկատվությունն առավելապես ռուսական ծագման էր՝ համապատասխան ոգով տոգորված: Իրականին առավել մոտ, կամ առնվազն այլ` ոչ ռուսական խողովակներով ստացված տեղեկությունները Հայաստանում քաղվում էին կամ արևմտյան լրատվամիջոցներից, որոնց մի մասը դարձյալ անաչառության կատարելատիպ չէ, կամ սոցիալական ցանցերից և որոշ չափով` նաև ուկրաինական ռուսալեզու առցանց լրատվամիջոցներից: Ռուսական այլընտրանքային «Դոժդ» հեռուստատեսությունը, ինչ-որ տեղ նաև Լենինգրադի բլոկադայի մասին հարցման կապակցությամբ սկանդալի և սնանկության եզրին հասնելու շնորհիվ, Հայաստանում դարձավ նաև Մայդանի, հետագայում նաև Ղրիմի մասին և դրանց շուրջ տեղեկությունների այլընտրանքային աղբյուր: Սակայն հետաքրքիրն այն է, որ մեր լրատվամիջոցներն առանձնապես ակտիվ չէին այս այլընտրանքային աղբյուրներից ստացված տեղեկություններն իրենց լրահոսներում օգտագործելու հարցում:

Ինչո՞ւ՝ ոչ առաջին ձեռքից

Արդեն խոսվել է այն մասին, որ Եվրամայդանում բացակայում էին հայաստանյան լրատվամիջոցների թղթակիցները: Սակայն նաև գրեթե չհանդիպեցին դեպքեր, երբ լրատվամիջոցը դիմեր որևէ ուկրաինացու և խնդրեր տեղեկություններ հաղորդել անմիջականորեն թեժ կետից: Միակ բացառությունը Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն էր, որից ստացված տեղեկությունները ու որի գնահատականները դարձյալ օգտագործվում էին միակողմանիորեն` այս անգամ էլ չհամադրվելով հակառակ` ռուսական տեսանկյան հետ: Շատ սակավ էին, եթե չասենք չկային լրատվամիջոցներ, որոնք ուկրաինական թեմատիկայով անխտիր բոլոր նյութերը տալիս էին հնարավորինս բազմակողմանի: Լրատվամիջոցներ կային, որոնք շատ դեպքերում հաջողությամբ լռություն էին պահպանում` թերևս վախենալով դրսևորել ոչ իշխանական համակրություններ անգամ հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու պարագայում:

Մնացած բոլոր դեպքերում հատկապես ամենազանգվածային լրատվամիջոցը` հեռուստատեսությունները, խիստ կողնորոշված էին և չափից ավելի զգուշավոր` չթողնելու հակառակ տպավորությունը:

Իսկ երբ պարզապես անհնար էր լռել որևէ մի լուրի կապակցությամբ` գոնե կատարյալ անտեղյակ չերևալու համար, տեղեկությունը հաղորդվում էր «հուսալի» ռուսական աղբյուրից: Այս պարագայում հնարավոր է մերոնց հույսն ու ապավենն այն է, որ եթե «մեծ եղբայրն» այս մասին խոսում է, ուրեմն մենք նրան պետք է օգնենք այդ հարցում:

Օրինակ, նույնիսկ արևմտյան լրատվամիջոցներից տեղեկությունները այստեղի լրատվամիջոցները տպագրում էին հղում անելով՝ ռուսական աղբյուրներին: Ասենք, ո՞նց է ձեզ համար հետևյալ համադրությունը՝ «Ավստրալիան պատժամիջոցներ կկիրառի ռուս և ուկրաինացի պաշտոնյաների դեմ»,-հաղորդել է France-Presse գործակալությունը: Աղբյուր` Lenta.ru»,- գրում է «Պանորաման»:

Պակաս խճճված տեսք չունեն այն տեղեկությունները, որոնք մեկ հղում ունեն` ռուսաստանյան, սակայն … պատմում են պաշտոնական Վաշինգթոնի գործողությունների մասին: Օրինակ, «Лента-ի փոխանցմամբ` Սպիտակ տունն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև քաղաքական իրավիճակի սրման ֆոնին խորհուրդ է տվել ներդրողներին չգնել ռուսական արժեթղթեր»։

Ընդհանրապես տեղեկության առաջնային աղբյուրին դիմելու սովորություն, էլ չասենք՝ ավանդույթ, այդպես էլ չի ձևավորվում հայաստանյան լրատվամիջոցներում: Այն պայմաններում, երբ ստացված տեղեկությունը ստուգելու և չմիջնորդավորված հղում կատարելու տեխնոլոգիական հնարավորությունները, թվում է, հիմա անսպառ են, մեր լրատվամիջոցներոը, միևնույն է, զլանում են «գնալ-հասնել», ասենք, միջազգային կազմակերպության վեբ կայքը և դարձյալ հղում են կատարում ռուսական կամ ուկրաինական աղբյուրների:

Պղտոր աղբյուր

Ինչպես Ղրիմի շուրջ կարևոր զարգացումներից վերջինի՝ Ղրիմի հանրաքվեին Վենետիկի հանձնաժողովի տված գնահատականի մասին հաղորդելիս «մոռանում են» հենց Վենետիկի հանձնաժողովին և նրա կայքում տեղադրված այդ գնահատականը: Փոխարենը այս կարևոր տեղեկությունը հաղորդվում է բառացիորեն երկու տողով՝ ոչ պատշաճ հղումով, կամ անհասկանալիորեն՝ նախ ուկրաինական նախարարի ֆեյսբուքյան էջին, այնուհետև վերջում՝ հավանաբար սխալմամբ՝ ՈւՆՆ-ին, առանց հղումի կամ բացատրության, թե դա ինչ աղբյուր է:

Տեղեկությունների ընտրման ու մատուցման այս ձևը բնութագրելու համար հավանաբար պետք է ռուսական մեկ այլ` հանրահայտ «հղում» կատարել` «Տամոժնյա դայոտ դաբռո»:

Նկարը՝ http://uncut.indexoncensorship.org/2012/08/putins-russia-internet-censorship/ կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*