ՋՈՒՐ ԾԵԾԵ՞Լ

Նույնիսկ 2013թ. սեպտեմբերին «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքում» փոփոխություններ կատարելիս չբարձրացավ այն աղմուկը, որն արդեն երկու շաբաթ է, ալեկոծում է հայաստանյան լրագրողական համայնքը: «Ֆեյքերի» դեմ պայքարն» անհանգստացրել է լրագրողական և լրագրողամերձ գրեթե բոլոր շրջանակներին: Ոչ մի լուրջ լրատվամիջոց և մասնագիտական կազմակերպություն փնտրում ու չի գտնում այդ օրինագծի դրական կողմերը:

Անցյալ շաբաթ այս կապակցությամբ լրագրողական մի շարք կազմակերպություններ  նույնիսկ հայտարարություն տարածեցին:

Հատկանշական է, որ օրինագծի հնարավոր բացասական ազդեցությունների ցանկն իսկապես «տպավորիչ» է: Մեջբերենք. «… այս օրենսդրական նախաձեռնությունն իր մեջ խոսքի ազատության, տեղեկատվություն ստանալու և տարածելու` քաղաքացիների իրավունքի իրացման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության համար սպառնալիքներ է պարունակում: Այն ի զորու չի լինելու էական ազդեցություն գործել զրպարտություն, վիրավորանք, մասնավոր կյանքի միջամտություն պարունակող տեղեկատվական հոսքերի վրա: Դրա հետ մեկտեղ, օրենքի փոփոխությունները կկաշկանդեն տեղեկատվական գործընթացների բարեխիղճ մասնակիցներին, համացանցի հայաստանյան օգտատերերին կստիպեն «արտագաղթել» վիրտուալ տիրույթի՝ ազգային իրավազորության ենթակայությունից դուրս սեգմենտներ, պայմաններ կստեղծեն օրենքների ընտրողական կիրառման և քաղաքացիներին սուբյեկտիվ դրդապատճառներով պատասխանատվության ենթարկելու համար»:

Ինչպես ասում են, որբի գլուխ

Հետաքրքիր է, որ օրենքի նախագծի հեղինակը պատգամավորական գրեթե նույն խումբն է, որն «անցկացրեց» նաև վերևում նշված «Հեղինակային օրենքում» փոփոխությունները:

Թվում է` ի՞նչ է պատահել, պատգամավորներն զբաղված են իրենց անմիջական պարտականությամբ, հեղինակում են օրենքներ, շրջանառության մեջ են դնում դրանք, այնուհետև՝ նաև հասնում են դրանց՝օրենք դառնալուն:

Հարցն այն է, թե ինչո՞ւ են հարգարժան օրենսդիրներն անդրադառնում խնդիրների, որոնց իրենք կատարելապե՛ս չեն տիրապետում, կամ որոնց շուրջ առնվազն մասնագիտական լուրջ խորհրդատվության կարիք ունեն:

Չի բացառվում, որ ինչ-որ գործ անելու տպավորության խնդիր կա, և պատգամավորները հենց ձեռքները մեկնում են, տեղեկատվության ոլորտին են դեմ առնում:

Կամ էլ այնքան անպատեհ, որ ակնհայտ է. տվյալ խնդիրն այնքան չի հասունացել, որ բնականորեն անհանգստացնի հայ հասարակությանը: Շեշտենք՝ հասարակությանը, և ոչ թե պատգամավորներին:

Երբեմն թվում է, մեր օրենսդիրները պարզապես ջուր ծեծոցիով են զբաղված. անելիք չունեն և այդպես  իրենց համար զբաղվածի իմիջ են ապահովում:

Էթիկա-մէթիկա

Մյուս կողմից էլ, լրատվական գործունեություն ծավալողներն իրենք էլ են տեղիք տալիս և պետության ու իշխանությունների մեջ ցանկություն առաջացնում՝ կարգավորել իրենց: Պարզապես ցավալին այն է, որ եթե առաջներում առավել շատ խոսում էինք, և կոչեր էին հնչում էթիկայի կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, աստիճանաբար այդ խոսակցությունները տեղափոխվում են նաև տարրական մասնագիտական սկզբունքներին ծանոթ լինելու և դրանց հետևելու տիրույթ (տե´ս «Տագնապի բարձրագույն աստիճան» հատվածը):

Այստեղ է, որ ակտուալ են դառնում այն կարծիքները, որ էթիկան հավանաբար այնքան էլ էթիկա չէ, այլ մասնագիտության անբաժանելի մասը, առանց որի լրագրություն մասնագիտությունն ինքը գոյություն ունենալ չի կարող:

Այս առումով տեղին է կրկին հիշեցնել Մեծ Բրիտանիայում ստեղծված իրավիճակը, երբ լրագրողների կողմից՝ այլոց հեռախոսային հաղորդագրությունները գաղտնալսելու սկանդալի զարգացումները հանգեցրին նրան, որ պետությունն ստեղծեց մամուլի կարգավորման մարմին:

«Իսկ մեր և Մեծ Բրիտանիայի տարբերությունը գուցե լինի այն, որ եթե նրանք չեն ցանկանում ինքնակարգավորվել, նրանց կսիտպեն ինքնակարգավորվել, իսկ մեզ ուղղակի կկարգավորեն»:

Մոտավորապես այն, ինչ տեղի է ունենում:

Նկարը՝ http://www.thehindu.com/ կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*