ՖԵՅՔԲՈՒՔՅԱՆ ԿՐՔԵՐ

fake facebook profiles

Նկարը՝ http://onlycomputing.com կայքից:

Եթե «ֆեյքերը» բան են գրում, ուրեմն դրանք ինչ-որ մեկին պետք են: Մոտավորապես այսպես կձևակերպեր ռուս պոետ Վլ.Մայակովսկին, եթե ծանոթանար անցնող շաբաթվա ամենաթեժ հայաստանյան թեմային:

Իսկ այդ ամենաթեժ թեման հայտնվեց շաբաթավերջին՝ սոցիալական ցանցերում ֆեյք օգտատերերի «տեսքով»՝ ստվերում թողնելով «ֆեյքյան» մեկ ուրիշ՝ ռուսաստանյան թեժ թեմա:

ԶԼՄ-ները՝ ՖԲ վերստուգիչ

Տեղեկությունն այն մասին, որ ԱԺ-ում շրջանառության է դրվել ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում»  փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ալեկոծեց հայաստանյան մեդիա և հասարակական դաշտը:

Գուցե թե արդեն հասունացել է պահը, որ որևէ կերպ պետք է փորձ արվեր՝ կարգավորելու համացանցում անհայտ աղբյուրների կողմից տեղեկությունների տարածումը, հատկապես եթե դրանք վիրավորանք կամ զրպարտություն են պարունակում: Սակայն չգիտես ինչու, օրենսդիրները կամ նրանց ձեռքով՝ այդ առաքելությունը ցանկանում են դնել լրատվամիջոցների՛ «փխրուն ուսերին»:

Հայաստանում գործող օրենսդրական դաշտը լավ թե վատ, կարգավորում է լրատվություն իրականացնող սուբյեկտների գործունեությունը, սակայն ժամանակ առ ժամանակ մեր օրենսդիրներն իրենց պարտքն են համարում ձեռնամուխ լինել լրատվական դաշտի մաքրման սուրբ գործին:

2013 թվականի աշնանը ընդունված ««Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նմանությամբ, այս մի օրինագիծը ևս հիշեցնում է իշխանությունների կողմից մի տեսակ չափազանց (նույնիսկ՝ չափազանցված) մտահոգություն՝ հասարակության մի որոշ մասին, և ամենևին ոչ ՝ հասարակությանն ու լրատվամիջոցներին պաշտպանելու առումով:

Անցյալ աշնանն էլ, վերը հիշատակված օրենքն ընդունելիս օրենսդիրներն ասում էին, որ մտադրությունը բարի է, և դրա արդյունքում կբարձրանան լրատվամիջոցների պատասխանատվությունը և, ուշադրություն, բարեխղճությունը:

Այսինքն այն, ինչին հասնել պետք է ձգտեն լրատվամիջոցներն իրենք՝ բացառապես ինքնակարգավորման ճանապարհով և մեխանիզմներով, մեծահոգաբար իր ուսերին պետք է վերցնի օրենքը:

Ինչքան էլ լուրջ լրատվամիջոցները քննադատում են այս հեռանկարը, այնուամենայնիվ, նրանք պետք է որ շատ ավելի վրդովվեն, քան պարզ քննադատությունն է:
Առավել ևս, որ, ինչպես նկատել է մեդիա փորձագետը, համաձայն այդ օրինագծի, լրատվամիջոց ձևակերպման տակ կարող են անցնել միլինոնավոր ֆեյսբուքյան հաշիվներ. չէ՞ որ ֆեյսբուքյան օգտատերը կարող է շատ ավելի հետևորդներ ունենալ (համապատասխանաբար՝ տարածման առավել մեծ լսարան), քան միջին վիճակագրական հայաստանյան թերթը՝ բաժանորդներ: Օրինագծի՝ օրենք դառնալուց հետո լրատվամիջոցներին պետք կլինեն փաստորեն «դասընթացներ»՝ անհայտ կամ կասկածելի օգտատերերի հաշիվների «փորձաքննության» համար:

Նկարը՝ http://allfacebook.com/ կայքից:

Տագնապի բարձրագույն աստիճան

Իսկ ինչ բարեխղճության բարձրացմանն է վերաբերվում, ապա ոչ այս, ոչ էլ որևէ այլ օրենք դա անել ի զորու չէ անել՝ ազատ կամքի բացակայության պայմաններում:

Երբ լրատվամիջոցը հրապարակում է հարևան երկրում գերությունից վերադարձված և ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների ենթարկված հայ ծերունու կիսամերկ լուսանկարը այն դեպքում, երբ դրա կրիտիկական անհրաժեշտությունը չկար, և կարելի էր կտրել նկարի աջ հատվածը՝առանց կորցնելու պատկերի սրությունն ու ազդեցիկությունը, մեր օրենսդիրներն ու բարոյախոսները չեն տագնապում:

Չէ՞ որ հարցը ոչ թե անձեռնմխելիներին է վերաբերվում, այլ հասարակ մահկանացուներին: Ինչպես անօգնական ծերունին է:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*