ՎԻԶՈՒԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԴԱՐ

20 տարի առաջվա լրագրությունը այսօրվա հետ համեմատելն անշնորհակալ գործ է:

Ինչքան էլ այս 20 տարիների ընթացքում մշտապես զգացվում է լրագրողական դաշտի ինքնակարգավորման և լրագրողների կողմից էթիկայի նորմերին հետևելու, մասնագիտական վերապատրաստումների անհրաժեշտություն,  իսկ լրագրողական կազմակերպություններն էլ կոչեր են անում ինքնակարգավորվելու-վերապատրաստվելու և այլն, սակայն անհնար է չնկատելու տալ, որ լրագրությունը առաջընթաց է ապրել: Թեև եթե ոչ լրագրությունը՝ բառացիորեն, ապա գոնե հանրության տեղեկացվածության հնարավորությունը ու այդ տեղեկացվածությունը՝ հաստատապես:

Անցնող շաբաթում www.ilur.am կայքը, ժամանակակից տերմիններով ասած, վիզուալացրեց այն անդունդը, որ կա «պաշտոնական», իմա՝ իշխանահաճո լրատվության և իրական կյանքի միջև: Մի բան է՝ տանը նստած նայել «հանրային» հեռուստատեսության լրատվական թողարկումը և յուրաքանչյուր ռեպորտաժի ու լուրի հետ զարմանալ ու զայրանալ, թե դա ինչ կապ ունի այն կյանքի հետ, որը ապրում է յուրաքանչյուր հեռուստացույց նայող: Այլ բան՝ երբ կողք-կողքի են դրվում «իշխանահաճո» և իրական լրատվության կադրերը, և կատարվում է համեմատական վերլուծություն: Թեև այդ վերլուծությունն ավելի ճիշտ կլիներ անհամեմատելի կոչել:

Հատկանշականն այն է, որ օրինակ 20 տարի առաջ այդ նույն՝ կյանքի հետ համեմատելի չլինելու զգացողությունը ունենում էր այն ժամանակ պետական հեռուստատեսության լրատվության սպառողը: Ապրում էր մեկ իրականությունում, ուներ խնդիրներ, որոնց մասին ոչինչ չէր լսում այդ լրատվության ժամանակ: Հստակ տեսնում էր, որ այդ լրատվությունն ուրիշ՝ հորինած աշխարհից է, և որ իր հոգսերը չեն հուզում այդ լրատվությունը հաղորդողներին: Այդ մասին այն ժամանակվա լրատվության սպառողը կարող էր խոսել շատ-շատ իր հարևանների հետ կամ իր վերաբերմունքն արտահայտել հեռուստացույցը/լրատվությունն անջատելով (տպագիր մամուլի տպաքանակը երբեք էլ չէր կարող մրցել «հեռուստացույցի» սփռման հետ):

Տեխնոլոգիական նորարարությունները, ի թիվս այլ գործոնների, հնարավոր դարձրին, որ հեռուստացույց անջատելն այսօր հավասարազօր չէ լրատվությունն անջատելուն: Ցավոք, մեր իրականությունում հակառակն ավելի ճիշտ է. հենց անջատես հեռուստացույցը, կսկսես քիչ թե շատ կյանքին մոտ լրատվություն ստանալ՝ առցանց լրատվամիջոցներից:

«Հանրային»/իշխանահաճո լրատվամիջոցները համառորեն չտեսնելու են տալիս, որ հիմա տեսանկարահանում կարողանում են կատարել պրոֆեսիոնալ տեսախցիկից բացի շատ այլ սարքեր, և որ դրանք շատ ավելի հասանելի են հանրությանը, քան գուցե իրենք կցանկանային:

Իսկ տեսանկարահանում համառորեն կատարում են ոչ միայն կոչումով և լրագրողի մասնագիտությամբ մարդիկ, այլ բոլոր ցանկացողները:

Թվում էր, թե պետք է որ հաջողվի իսպառ վերացնել անցնող շաբաթվա՝ մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ժամանակ միջադեպի տեսագրությունները: Համենյան դեպս ակցիային խոչընդոտող երիտասարդները և հետագայում՝ ոստիկանության աշխատակիցները հոգացել էին այդ մասին: Սակայն, ի հեճուկս նրանց, ինչ-որ կադրեր, այնուամենայնիվ պահպանվել են:

Ախր սա 1965 թվականը չէ, որ մարդիկ բողոքի ակցիա անեն, և որպես հավաստում՝ դրանից միայն մասնակիցների հուշերը մնան: Հիմա, հիշեք, վիզուալիզացիայի դար է: Եվ դա լավ է, թե վատ, բայց աստիճանաբար իսպառ ջնջելու է իրական կյանքի և լրագրության միջև անջրպետը:

Նկարը՝ http://informatics.mit.edu/ կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.