ԸՆԴՀԱՆՈ՞ՒՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ

Անկախությունից հրաժարումը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ՝ ազգային արժույթից հրաժարում և միացում այլ արժույթի գոտու, սեփական զինված ուժերի ստորադասում այլ երկրի զինուժի, երկրի սահմանադրության փոփոխություն և այլն:

Անցնող շաբաթում շարունակեց ուրվագծել այս գործընթացի մեկ այլ դրսևորումը՝ արդեն տեղեկատվական հարթությունում:

Դիրքերում

Այն, որ տեղեկատվական պատերազմի ռազմաճակատի գիծը շատ է մոտեցել մեր երկրին, կամ կարելի է ասել, արդեն այստեղ է, արդեն իսկ մտահոգությունների տեղիք է տալիս հայաստանյան հասարակությունում: Մի դեպքում դա Ռուսաստանում նոր օրենքների ընդունումն է, համաձայն որոնց, այսպես կոչված, «Ռոսկոմնադզորը» կարող է «զանգվածային անկարգությունների, ծայրահեղական գործողություններ իրականացնելու եւ զանգվածային հրապարակային միջոցառումներին մասնակցելու կոչերի» համար արգելափակել ցանկացած կայք) և դրանց հնարավոր հայելային արտացոլմամբ մեր իրականությունում: Կամ, երբ ուղղակիորեն այլ երկրից խառնվում են  մեր ներքին գործերին՝ մեր իսկ հասարակությանը խորհուրդ տալով զգուշանալ «ռուս-հայկական հարաբերությունները խաթարող հրապարակումներից», իսկ մեր  իրավապահներին՝ զգոն արձագանքել «այդ անբարեխիղճ «լրագրողների» հրապարակումներին»:

Համենայն դեպս չհամաձայնել այդ մտահոգությունների հետ, նշանակում է համաձայն լինել, փորձագետի բնորոշմամբ,«պուտինյան «տապոռին»»:

Չկա ակցիա անող, չկա ակցիա

Չի բացառվում, որ հաջորդ դասը կլինի, թե մեր հասարակությունը հատկապես ինչ միջոցներով պետք է զգուշանա, իսկ իրավապահները՝ զգոնանան: Գուցե մոտավորապես այնպես, ինչպես դա անում են թեկուզ և ոչ Մաքսային միության անդամ, սակայն ավանդույթներով ու զարգացման միտումներով մաքսայինից ավելի մաքսային Ուզբեկստանում, որտեղ նույնիսկ չեն թողնում, որ խնդիրը լրատվամիջոցի կամ լուսաբանման հասնի, ուղղակի կորցնում են ի պաշտպանություն Ուկրաինայի ակցիա անցկացնողներին: Այսինքն, պարզապես՝ չկա ակցիա անող, չկա ակցիա, չի լինի և ակցիայի լուսաբանում:

Ահա այսպիսի «օրինակելի» խոսքի ազատություն:

Իսկ այդ ընթացքում

Մինչ բնականորեն զարգանում կամ արհետսականորեն զարգացվում են զանազան «դավադրություների տեսություններ», հեշտ է ուշադրությունից բաց թողնել այն արժեքավոր հրապարակումները, որոնք պրոֆեսիոնալ համառությամբ շարունակում են իրենց ընթերցողին ներկայացնել Հետաքննող լրագրողները՝ ճիշտ օգտագործելով տեղեկատվական առիթը  կամ պարզապես հետևողական լինելով սեփական աշխատանքում և իրե՛նք ստեղծելով տեղեկատվական առիթ:

Նկարը՝ thedailysmug.blogspot.com/ կայքից:

Leave a Reply